Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը և առավոտյան 09:00-ի դրությամբ օպերատիվ մարտավարական իրադրությունը շփման գծում հարաբերականորեն կայուն է, հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
Ըստ ՊԲ-ի՝ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները որոշ հատվածներում խախտել են հրադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից կորուստներ չկան:
Արցախի պաշտպանության նախարարությունը նաև տեղեկություն է փոխանցել վիրավորում ստացած զինծառայողների մասին՝ նշելով, որ 4-ի վիճակը գնահատվում է ծանր, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր: Մյուս վիրավորների վիճակը բավարար է:
«Ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ», - ասված է հաղորդագրությունում:
Արցախում շփման գծի լարվածության հետևանքով երեկ հաղորդվեց երկու 2 զոհի մասին։ Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը «Ազատությանը» փոխանցեց, որ վիրավոր զինծառայողների թիվը հասել է 19-ի, 4 վիրավորների վիճակը ծանր է, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր, վերջինիս երեկ վիրահատել են։
Առողջապահական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ մյուս վիրավորների վիճակը թեթև և միջին ծանրության է, նրանց մի մասին տեղափոխել են Երևան:
Վիրավորումները, ըստ նախարարի, բեկորային են՝ ԱԹՍ-ի հարվածի հետևանք են:
Վկայակոչելով նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսնայանն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ Լաչինի միջանցքը, մասնավորապես, ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո է, և բնական է, որ այստեղ իրավիճակի հանգուցալուծման համար որոշակի շատ հստակ քայլեր պետք է ակնկալել հենց ռուսական խաղաղապահ առաքելության կողմից։
«Իսկ ինչ վերաբերում է Ադրբեջանի ագրեսիայի պսևդո պատճառներին կամ դրդապատճառներին, դրանք բոլորովին անհիմն են և չեն բխում հենց նոյեմբերի 9-ի հայտարարությունից, ու հայկական կողմի դիրքորոշումն այն է, որ կողմերի շուրջ յուրաքանչյուր ձեռք բերված համաձայնություն, ինչպիսին օրինակ նոյեմբերի 9-ի հայտարարությունն է, պետք է պահպանել: Ադրբեջանը հիմա լրիվ հակառակն է անում», - շեշտեց Ալեքսանյանը:
Հարցին, թե ի՞նչ պետք է անի ռուսական խաղաղապահ առաքելությունն, իշխանական պատգամավորը պատասխանեց․ - «Օրինակ, առաջին հերթին պետք է բանակցային մակարդակով փորձի հանգստացնել ու զսպել ադրբեջանական կողմին իսկ հետագայում արդեն խաղաղապահ առաքելությունների գործողությունների ու լիազորությունների սահմանումը կարծում եմ միջազգային իրավունքի մասնագետները կարող են ներկայացնել շատ ավելի լավ», - ասաց պատգամավորը՝ նշելով, որ Հայաստանն էլ պետք է շատ ակտիվ գործողություններ անի դիվանագիտական դաշտում առաջին հերթին հենց ռուսական կողմի հետ, «ինչն այս պահի դրությամբ, կարելի է ասել, արվում է»: