Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՊՆ-ի` ՊԲ մեկ զինծառայող է զոհվել. հայտարարվել է մասնակի զորահավաք


Շփման գծի հյուսիս-արևմտյան հատվածում ժամը 15-ի սահմաններում կիրառված ադրբեջանական հարվածային ԱԹՍ-ների հետևանքով մահացու վիրավորում է ստացել Պաշտպանության բանակի մեկ զինծառայող, հաղորդում է Արցախի ՊՆ-ն:

Եվս 8 զինծառայող, ըստ հաղորդագրության, ստացել է տարբեր աստիճանի վիրավորումներ:

Քիչ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել էր 7 զինծառայողի վիրավորվելու մասին:

Արցախի նախագահի հրամանագրով` այսօրվանից հայտարարվել է մասնակի զորահավաք:

Բաքուն այսօր Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Հաղորդվել էր նաև մեկ զինծառայողի վիրավորվելու մասին:

Երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հաղորդեց, որ վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել։

XS
SM
MD
LG