Մատչելիության հղումներ

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում պահպանվում է, Վանք գյուղում գիշերը խաղաղ է եղել


Վանք գյուղ, 2-ը օգոստոսի, 2022թ․
Վանք գյուղ, 2-ը օգոստոսի, 2022թ․

Լարվածությունը շփման գծի որոշ հատվածներում շարունակում է պահպանվել, այսօր առավոտյան հաղորդեց Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով՝ իրավիճակի լիցքաթափման և հետագա սրացումներ թույլ չտալու ուղղությամբ քայլերը շարունակվում են:

Ադրբեջանական զինուժը, ինչպես հայտնել էր Պաշտպանության բանակը, փորձել է առաջ խաղացում ապահովել Վանք գյուղի վարչական տարածքի մոտ։ Շփման գիծը Վանքից 20 և ավելի կիլոմետր է հեռու, սակայն երեկ գյուղացիները «Ազատությանը» պատմեցին, որ լսել են սահմանային կրակոցները։

Վանք գյուղ, 2-ը օգոստոսի, 2022թ․
Վանք գյուղ, 2-ը օգոստոսի, 2022թ․

Լարվածության հետևանքով նախօրեին վիրավորվել էր զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Երեկվա տվյալներով՝ զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Վանքի համայնքապետ Անդրեյ Սարգսյանն այսօր «Ազատությունը» փոխանցեց, որ գյուղում գիշերը և առավոտյան խաղաղ է եղել, կրակոցներ չեն լսել։ «Իրիկունը գյուղում կրակոցներ չեն եղել, խաղաղ վիճակ է եղել», - ասաց Սարգսյանը։

Անդրեյ Սարգսյան
Անդրեյ Սարգսյան

Շփման գծում լարվածությունից հետո տարածք ռուս խաղապահներն են տեղափոխվել, Մարտակերտի շրջանի այս հատվածում խաղապահներ տեղակայված չեն եղել։

«Այո, ռուս խաղաղապահները բարձրացել են էդ հատված, կարգավորված են էդ հարցերը։ Ռուս խաղաղապահներն էնտեղ դիտակետ չեն ունեցել, թե ճիշտ կլինի էնտեղ դիտակետ դնել, իրենք կասեն», - փոխանցեց համայնքապետը։

Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը երեկ հայտնեց, որ վերջին օրերին ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի երեք խախտում է արձանագրվել, ինչի հետևանով «Լեռնային Ղարաբաղի զինված միավորման մեկ ներկայացուցիչ է վիրավորվել»։

Երեկ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրել՝ խորհրդարանական ուժերի մասնակցությամբ։ Նիստի ընթացքում հայտարարվել է, որ ադրբեջանական կողմը Արցախում տեղակայված խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել առաջիկայում երթևեկությունը նոր երթուղով կազմակերպելու վերաբերյալ:

Արցախի անվտանգության խորհրդի նիստը, 2-ը օգոստոսի, 2022թ․
Արցախի անվտանգության խորհրդի նիստը, 2-ը օգոստոսի, 2022թ․

Անվտանգության խորհրդի նիստում քննարկվել են ստեղծված իրավիճակում քայլերն, այդ թվում՝ նաև ռուսական խաղաղապահ զորակազմի միջոցով անվտանգ երթևեկության ապահովումը:

Ադրբեջանական կողմն արդեն ավարտում է ճանապարհի շինարարությունը, իսկ հայկական կողմը հայտնել էր, որ դեռ նախագծում է։

Թե ինչպես է իրականացվելու երթևեկությունը, երբ դեռ հայկական կողմից ճանապարհը պատրաստ չէ, «Ազատությունն» այսօր Ստեփանակերտում փորձելու է հենց պաշտոնյաներից ճշտել։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG