Բաքուն Երևանին կրկին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ՝ շեշտելով՝ «Ադրբեջանի տարածքում տեղի ունեցած միջադեպի ողջ պատասխանատվությունը կրում է Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը մինչ օրս դուրս չի բերել իր անօրինական զինված կազմավորումները հարևան պետության տարածքից»։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել էր առավոտյան Լաչինում արձանագրված նոր միջադեպերի մասին։
«Ադրբեջանի տարածքում գործող հայկական անօրինական զինված խմբավորումները, որոնք գտնվում են ռուսաստանցի խաղաղապահների ժամանակավոր տեղակայման գոտում, օգոստոսի երեքի առավոտյան ինտենսիվ գնդակոծության են ենթարկել ադրբեջանական բանակի՝ Լաչինի ուղղությամբ տեղակայված ստորաբաժանումների դիրքերը։ Ստացած հրազենային վիրավորման հետևանքով զոհվել է ժամկետային զինծառայող Անար Քյազիմովը», - հայտարարել էր Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը։
Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունն այսօր նշել է, որ «օգոստոսի 3-ին տեղի ունեցած արյունալի միջադեպը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Հայաստանը կոպտորեն խախտում է եռակողմ համաձայնագիրը, ինչպես նաև խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը»։
Պաշտոնական Բաքուն շեշտել է, որ «հետագայում ևս բոլոր անհրաժեշտ միջոցները կձեռնարկվեն՝ Ադրբեջանի սահմանների անվտանգությունն ու ամբողջականությունն ապահովելու համար»:
Հայկական կողմը Բաքվից հնչող մեղադրանքներին դեռ չի արձագանքել։ Փոխարենը Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ այսօր ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով վիրավորվել է 7 զինծառայող, որից 6-ի կյանքին վտանգ չի սպառնում, մյուս վիրավորի վիճակը գնահատվում է ծանր:
Խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հետ միջոցներ են ձեռնարկվում իրադրությունը կայունացնելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։
Օգոստոսի 1-ից իրադրությունը շփման գծում լարված է։ Ադրբեջանական զինուժը, ինչպես հայտնել էր Պաշտպանության բանակը, փորձել է առաջ խաղացում ապահովել Վանք գյուղի վարչական տարածքի մոտ։ Լարվածության հետևանքով նախօրեին վիրավորվել էր զինծառայող Ալբերտ Բախշիյանը։ Երեկվա տվյալներով՝ զինծառայողի առողջական վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Շփման գծում լարվածության ֆոնին երեկ հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։ Սերգեյ Շոյգուն և Զաքիր Հասանովը քննարկել են «տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցեր»։