Մատչելիության հղումներ

Արցախի ԱԳՆ-ն խստիվ դատապարտում է Ադրբեջանի կողմից «ագրեսիվ գործողությունների նոր ալիքը»


Արցախի արտաքին գործերին նախարարությունը խստիվ դատապարտում է «Ադրբեջանի կողմից վերջին օրերին Արցախի նկատմամբ ագրեսիվ գործողությունների նոր ալիքը և այն որակում որպես հայատյացության դրսևորում, տարածաշրջանում խաղաղության ու կայունության խախտման, ինչպես նաև խաղաղապահ առաքելության վարկաբեկման հերթական բիրտ փորձ»։

Արցախի արտաքին քաղաքական գերատեսչությունը կոչ է անում միջազգային հանրությանը «հասցեական որակավորում տալ Ադրբեջանի գործողություններին և կիրառել համապատասխան քայլեր՝ սանձելու պաշտոնական Բաքվի ապակառուցողական քաղաքականությունը»։

«Արցախահայությունը հաստատակամ է և վճռական՝ իր հողում ազատ ու ինքնիշխան ապրելու և բոլոր դժվարությունները արժանապատիվ կերպով հաղթահարելու մեջ», - ասված է հաղորդագրությունում։

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով` այսօրվանից` օգոստոսի 3-ից հայտարարվել է մասնակի զորահավաք:

Իրավիճակն օգոստոսի 1-ի առավոտվանից է լարվել։ Ըստ պաշտոնական Ստեփանակերտի` ադրբեջանական ստորաբաժանումները հյուսիսային ու հյուսիս-արևմտյան սահմանագոտու մի շարք հատվածներում փորձել էին հատել շփման գիծը։ Այսօր արդեն ՊԲ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը կիրառել է ականանետներ, նռնականետեր և հարվածային ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացու վիրավորում են ստացել ՊԲ երկու պայմանագրային զինծառայողներ: Եվս 14 զինծառայող տարբեր աստիճանի վիրավորումներ է ստացել:

Բաքուն էլ այսօր Երևանին մեղադրել է եռակողմ հայտարարության դրույթները խախտելու մեջ: Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդել էր Լաչինի մերձակայքում տեղի ունեցած միջադեպի մասին, որի հետևանքով, ըստ պաշտոնական Բաքվի, ադրբեջանցի զինծառայող էր զոհվել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG