Շուրջ 2 տասնամյակ պետական պաշտոններ զբաղեցրած Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը դատարանում պետք է ապացուցի, որ օրինական ճանապարհով է միլիարդների տեր դարձել։ Հակառակ դեպքում պետությունը կարող է բռնագանձել ունեցվածքը՝ 3 միլիարդ դրամ, 33 բնակարան Երևանում, տարածքներ, շինություններ, ավտոհանգրվաններ։
Դատախազության տվյալներով, դրանց մեծ մասը՝ մայրաքաղաքի թանկարժեք Հյուսիսային պողոտայում են, մյուսները՝ կենտրոնական մյուս հատվածներում։ Դատարան են կանչվել նաև Բեգլարյանի կինն ու որդին, նրանք էլ պետք է ապացուցեն, որ 11 միլիարդ դրամանոց գույքն ու MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենան ձեռք են բերել օրինական ճանապարհով։
Բեգլարյանների ընտանիքի գույքն ու եկամուտները սկսեցին հետաքրքրել դատախազությանը, երբ նրան մեղադրանք առաջադրվեց կենտրոնի թաղապետ եղած տարիներին ավելի քան 230 միլիոն դրամանոց մանկապարտեզի շենքը յուրացնելու համար։ Բեգլարյանը հետախուզման մեջ էր 1 տարի, անցած տարի, սակայն, ժամանել էր Հայաստան, կալանավորվել և ընդամենը մեկ օր անց ազատ արձակվել 50 միլիոն դրամի՝ 100 հազար դոլար գրավի դիմաց։
«Ընթացակարգը հետևյալն է՝ պետք է լինեն օրենքով սահմանված համապատասխան հիմքերը, որպեսզի ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման, ուսումնասիրության վարույթ հարուցվի», - ասաց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
6 տարի մայրաքաղաքի կենտրոն համայնքը, ապա՝ 3 տարի ողջ Երևանը ղեկավարած Բեգլարյանը, որ 5 տարի էլ աշխատել է տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնում, դատարանում պետք է ապացուցի նաև, թե որտեղից է 3 միլիարդ դրամը հայտնվել իր հաշվին, որն այժմ պատկանում է, այսպես կոչված, բարեխիղճ ձեռքբերողի։ Դատարանը պետք է որոշի նաև այս հարցը, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ընթացքում փոխանցումներ են կատարվել, և հենց այդ փոխանցումների ի հայտ բերումն է թույլ տվել գալ հետևության, որ գործ ունենք էլի ապօրինի ծագում ունեցող ակտիվների հետ: Այո, բարեխիղճ ձեռքբերողի է պատկանում, բայց քանի որ ուսումնասիրության արդյունքում դատախազությունը հանգել է եզրակացության, որ այդ դրամական միջոցները ունեցել են ապօրինի ծագում, այդ հիմքով, ելնելով ուսումնասիրության արդյունքներից, պահանջի մի մասը վերաբերել է նաև այդ դրամական միջոցներին», - նշեց Աբրահամյանը:
Բեգլարյանները, սակայն, համաձայն չեն դատախազության հաշվարկների հետ, և պնդում են, որ ապօրինի որևէ քայլ չեն արել, «Ազատությանը» փոխանցեց նրանց փաստաբան Գոռ Օհանյանը՝ չձայնագրվելու պայմանով:
«Ներկայացված որևէ փաստարկ հիմնավորված չէ, և եթե դա կարելի է անվանել մեղադրանք, մենք այն որևէ կերպ չենք ընդունում», -փոխանցեց փաստաբանը։
«Ազատության» դիտարկմանը՝ որտեղից ողջ կյանքը պետական աշխատավարձ ստացած Բեգլարյանին այդչափ հարստություն, փաստաբան Օհանյանն արձագանքեց՝ Գագիկ Բեգլարյանը ամբողջ կյանքը պետական համակարգում չի աշխատել։ Մանրամասներ ու ասվածն ապացուցող փաստեր, սակայն, չներկայացրեց՝ խոստանալով դա անել դատարանում։
Սա 11-րդ հայցն է, որով Գլխավոր դատախազությունը պահանջում է նախկին պաշտոնյաներից բռնագանձել ապօրինի ձեռք բերված գույքն ու փողերը։ Դեռևս քննության փուլում է միայն ԱԱԾ նախկին պաշտոնյա Սերոբ Հարությունյանի գործը։ Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, պաշտպանության նախկին նախարար, այժմ ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի դատական նիստերի օր դեռ նշանակված չէ։