Երևանի նախկին քաղաքապետ, Տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն ու նրա ընտանիքի անդամները հրավիրվել են գլխավոր դատախազություն՝ ծանոթանալու իրենց պատկանող գույքի օրինականության վերաբերյալ ուսումնասիրությանը։
Իրավապահների կազմած ամփոփագիրը հաջորդ շաբաթ կներկայացնեն Բեգլարյանին, նրա կնոջը, որդուն և դստերը։
Բեգլարյանների՝ կասկածելի ծագում ունեցող գույքը կալանքի տակ է, դատախազությունը, սակայն, չի մանրամասնում, թե ինչ արժողության և քանի միավոր գույքի մասին է խոսքը։
Այս մանրամասներից տեղյակ չէր նաև նախկին ազդեցիկ պաշտոնյայի փաստաբան Հրանտ Անանյանը. -«Բացարձակ տեղյակ չենք։ Հրապարակայնացրել են առանց մեզ ծանուցելու, առանց մեզ հարց տալու, ինչ-որ բան են հրապարակել։ Տեղյակ չենք ո'չտեսակից, ո'չ քանակից, ո'չ հասցեից»։
Փաստաբան Անանյանը փոխանցեց, որ առաջիկա օրերին կծանոթանա դատախազության ուսումնասիրությանը. - «Պիտի գնամ նյութերին ծանոթանամ։ Նախատեսել եմ մոտակա երկու օրը գնամ ծանոթանամ, հասկանամ»։
Դրանից հետո պարզ կլինի՝ Բեգլարյանները կհամաձայնե՞ն կասկածելի ծագում ունեցող գույքի 75 տոկոսը առանց դատարանի որոշման տալ պետությանը, թե՞ այս գործը կգնա դատարան։ Նման հնարավորություն տալիս է «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը։ Եթե քաղաքացին չի համաձայնում, հարցը արդեն դատարանում է քննվում։
Բացի գույքի ծագման ստուգումներից, Գագիկ Բեգլարյանը նաև մեղադրյալ է փողերի լվացման, մոտ 480 հազար դոլար արժողությամբ պետական գույքը հափշտակելու գործով։ Ամիսներ տևած հետախուզումից հետո նա ձերբակալվել է այս մայիսին «Զվարթնոց» օդանավակայանում, ապա մեկօրյա կալանքից հետո ազատ էր արձակվել 105 հազար դոլար գրավի դիմաց։ Դատախազությունից «Ազատությանը» փոխանցել էին, որ իրավապահներին ինքնակամ ներկայացած Բեգլարյանը դատախազության դեպոզիտ հաշվին է փոխանցել մեղադրանքի համաձայն պետությանը պատճառած վնասին համարժեք գումարը և այս հանգամանքն էլ հաշվի առնելով՝ դատախազը որոշել էր նրան ազատ արձակել։
Սերժ Սարգսյանի իշխանության տարիներին՝ 2012-2016 թվականներին Տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնը զբաղեցրած Գագիկ Բեգլարանը նաև վկա է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի չարաշահումների գործով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ, այս ծրագրի ընթացքում պետությանը պատճառվել է ավելի քան 48 միլիոն դոլարի վնաս։
Կասկածելի ծագում ունեցող գույքի ուսումնասիրություններում ներգրավված են այլ հնչեղ անուններ, նրանց թվում են երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը։
«Արդեն իսկ դատական հայցեր կան ներկայացված՝ կապված հայցի ապահովման միջոցների ձեռնարկման հետ։ Խոսքը վերաբերում է այն դեպքերին, երբ որ ավարտվել են արդեն վարույթները գույքի նկատմամբ կալանք կիրառելու։ Որոշների պարագայում իրականացվում են բանակցություններ համապատասխան անձանց հետ՝ գույքը պետությանը վերադարձնելու նպատակով, օրենքով սահմանված համամասնությունների շրջանակում», - «Ազատությանն» ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Երկու գործ էլ արդեն դատարան է հասել։ Դրանք վերաբերում են Ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին և նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին ու նրանց ընտանիքներին պատկանող գույքին։