Մատչելիության հղումներ

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն առաջին հայցն ուղարկել է դատարան


Գլխավոր դատախազության շենքը Երևանում
Գլխավոր դատախազության շենքը Երևանում

Մեկ տարի առաջ Գլխավոր դատախազությունում ձևավորված ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն ավարտին է հասցրել առաջին գործը և ուղարկել առաջին ատյանի դատարան։ Խոսքը ԱԱԾ նախկին աշխատակից Սերոբ Հարությունյանի և նրա կնոջ՝ Անուշ Անտոնյանի մասին է, «Ազատությանը» փոխանցեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

«Ուսումնասիրությունը նախաձեռնվել է այն ժամանակ, երբ նրա նկատմամբ քրեական գործի շրջանակներում իրականացվում էր քրեական հետապնդում։ Սահմանված կարգով, հաշվի առնելով, որ առկա էին տվյալներ հնարավոր ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ, այդ տվյալներն ուղարկվել էին վարչություն, և հենց դրա շրջանակներում էլ վարչությունը սկսել էր ուսումնասիրությունը, խոսքը վերաբերվում է Ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցին», - ասաց Աբրահամյանը։

Դատախազությունը դատարանից պահանջում է գնդապետից, նրա կնոջից ու որդուց բռնագանձել ընդհանուր առմամբ 485 միլիոն դրամ արժողությամբ գույք, որոնց թվում է Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիներ և մի քանի այլ սեփականություն։

Օրենքի համաձայն, ապօրինի գույքի բռնագանձմանն ուղղված գործողություններ իրականացվում են այն ժամանակ, երբ քաղաքացին անցնում է քրեական գործով։ Նախկին պաշտոնյան, որ 2020-ին ղեկավարում էր ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժինը, մեղադրվում էր պաշտոնական դիրքի չարաշահման համար։ Հատուկ քննչական ծառայությունը նրան մեղադրանք էր առաջադրել այն ժամանակ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի անձնական կյանքի գաղտնիք համարվող, ոչ հանրամատչելի տեղեկությունն ապօրինի հավաքելու, պահելու և այդ տեղեկությունն այլ անձի կողմից ապօրինի տարածելու գործով։

Ըստ իրավապահների, գնդապետը ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի քարտադարանից` առանց ցուցման և հիմքի, ստուգել և ստացել է Սուրեն Պապիկյանի դատվածության վերաբերյալ տեղեկանքը։ Սակայն իրավապահները չէին հաստատել, որ ներկայիս փոխվարչապետ Պապիկյանի վերաբերյալ համացանցում տարածված տեղեկատվության ստացման աղբյուրը եղել է հենց Սերոբ Հարությունյանը, արդյունքում գնդապետի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր։

Գլխավոր դատախազի խորհրդականն ասում է՝ երբ նախաձեռնվել է Հարությունյանի գույքի ուսումնասիրությունը, նա մեղադրյալի կարգավիճակ է ունեցել։ Եվ եթե դատարանը բավարարի իրենց դիմումը, ապա գնդապետը պետք է պետությանը վերադարձնի իրավապահների պահանջած գույքը։

«Եթե իրավաչափ է ուսումնասիրության վարույթը հարուցվել, դրանից հետո ինքը ձեռք բերի կարգավիճակ արդարացվածի, թե ձեռք չբերի, ուսումնասիրությունը պետք է հասնի տրամաբանական ավարտին, սա է օրենքի տրամաբանությունը», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը։

Աբրահամյանի տվյալներով, այս պահին դատախազությունն ուսումնասիրում է 250 անձի գույք, մոտ 10-ը գործ գտնվում է ավարտական փուլում։ Եվ նրանց հետ այժմ բանակցություններ են ընթանում, եթե համաձայնություն ձեռք բերվի, ապա գործերը դատարան չեն հասնի, քաղաքացիները ապօրինի համարվող իրենց գույքի 75 տոկոսը կվերադարձնեն պետությանը։

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններում կան հնչեղ անուններ, նրանց թվում՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, Ազգային ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG