Հիսուսին հնարավոր կլինի մոտենալ ճոպանուղով, Հայաստանի որ անկյունից նայես՝ կերևա, խոստանում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Հիսուսի արձանի տեղադրման մտադրության մասին նա շուրջ կես տարի առաջ հայտարարեց ու այսօր արդեն սկսում է շինարարությունը:
«Ասենք ցերեկը պետք է հոսանքը հավաքվի, պետք է ֆոսֆորով պատվի, իսկ գիշերն ինքն իրենից լույս է արձակելու», - նշեց Ծառուկյանը:
33 մետրանոց արձանը կտեղադրվի 44 մետրանոց պատվանդանի վրա ու այդ ամենը կտեղադրվի Հատիս լեռան բարձունքին։ Աշխարհի ավելի քան 20 երկրներում փրկչի արձան կա, Հայաստանինը «մեգա -Հիսուս» է, ազդարարում է նախաձեռնության հեղինակը:
«Մեծամասնությունը կառուցված է բետոնից մերը բետոնից չի լինելու, այլ ամենագեղեցիկը, որ գիշերն էլ ինքն իրենից պետք է լուսավորություն տա», - ընդգծեց Գագիկ Ծառուկյանը:
Միայն արձանը չէ՝ թանգարան էլ է լինելու. «Քրիստոսի հետ կապված թանգարան պետք է լինի, պատմությունը, իր լույս աշխարհ գալը, համբարձվելը, բոլորը պետք է լինի»:
Հայաստանի վարչապետը կառավարության վերջին նիստում այս նախաձեռնությունը դրական գնահատեց, որովհետև կարծում է՝ Հիսուսի արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը: Այսօր շինարարության մեկնարկի հանդիսավոր արարողությանը մասնակցում էր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ կառավարությունը կօժանդակի խոստմամբ:
«Իրոք շռնդալից ու մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում և, բնականաբար, մենք ինչպես այլ ներդրումների պարագայում, այս դեպքում էլ պատրաստ ենք հնարավորինս ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ ու առանց խոչընդոտների իրականություն դառնա», - ասաց էկոնոմիկայի նախարարը:
Ծառուկյանի, Քերոբյանի ու ՄԱԿ-ի զբոսաշրջության կազմակերպության գլխավոր քարտուղարի ստորագրությամբ շինարարության մեկնարկի փաստաթղթի կրկնօրինակը Ծառուկյանի մայրը՝ տիկին Ռոզան շինարարական փոսի մեջ դրեց՝ «Երկնային տիրոջ օգնությամբ» խոսքերով:
Մայր աթոռը, Գերագույն հոգևոր խորհուրդը, սակայն, ի սկզբանե այս նախագծին դեմ է արտահայտվել և այսօր էլ տեղեկատվական կենտրոնի ղեկավար տեր Եսայի քահանա Արթենյանը «Ազատությանը» փոխանցեց՝ դիրքորոշումն անփոփոխ է. Քրիստոսի արձանի տեղադրումը հարիր չէ հայ առաքելական եկեղեցու դարավոր պաշտամունքային ավանդույթին, հարթաքանդակ կարող է լինել, արձան՝ ոչ:
«Առհասարակ արձանի գոյությունն է ինձ համար որպես մասնագետ ու քաղաքացի անընդունելի», - ասաց Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիայի նախագահ Յաշա Սոլոմոնյանը:
Սոլոմոնյանը արձանի նախագիծը անընդունելի է համրում առաջինը հենց այն պատճառով, որ այն հայ եկեղեցու ավանդույթին հակասում է, այլ փաստարկներ էլ կան. «Շինարարությանը հաջորդող հոսքերն անպայման վնաս են հասցնելու Հատիսի էկոհամակարգին, էլ չեմ խոսում Հատիսի պատմահնագիտական արժեքի մասին»:
Սոլոմոնյանի պնդմամբ՝ Հատիս լեռան տարածքում հնագույն պատմական շերտեր կան, որոնց մի մասն ուսումնասիրված էլ չէ: Հատիսը ակտիվ արշավական ուղղություն է, այն նախընտրելի ուղղություն է տարվա բոլոր եղանակներին: Սոլոմոնյանը վստահ է՝ այս նախագծով Հատիսը արշավականների քարտեզից դուրս կգա և բոլորովին էլ չի ներգրավի նոր զբոսաշրջիկների:
«Ցանկացած զբոսաշրջիկ մեկնում է ինչ-որ երկիր էդ երկրի կրոնին ու մշակույթին հատուկ ինչ-որ բան տեսնելու, ոչ թե Ռիո դե Ժանեյրոյի արձանի կրկնօրինակը տեսնելու», - ընդգծեց նա:
Որքանով է անվտանգ 77 մետրանոց համալիրը՝ Հիսուսը պատվանդանով տեղադրել հրաբխային լեռնագագաթի վրա։ Երևանի պետական համալսարանի
երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանն ասում է՝ Հատիսի վրա բազալտները շատ են. դա ամուր հիմք է համարվում, բայց պետք է ճշգրիտ նախագծային աշխատանք:
«Անհրաժեշտ է հաշվարկներ կատարել, այնտեղ բավականին բարձր է, դրանք արդեն երկրաբանության հետ չեն կապված, դրանք կապված են շինարար-կոնստրուկտորների ճիշտ հաշվարկների վրա», - ընդգծեց Հայրոյանը:
Գեղամա լեռներից փչող հզոր քամիներին կդիմանա՞ փրկչի աձանը՝ սա էլ, ըստ պորֆեսորի: հաշվարկելու հարց է: Ընդհանրապես ինժեներաերկրաբանական տեսանկյունից խնդիր չի տեսնում: կարևորը՝ Հատիսը թեպետ հրաբխային լեռ է, բայց հրաբուխը ակտիվ չէ, քնած է։
Հիսուսի արձանն ու համալիրը ամբողջությամբ պատրաստ կլինեն 3 տարուց: