Մատչելիության հղումներ

Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք կա․ նախարար


Ապօրինի ծագում ունեցող գույքի հունձք կա, «Ազատության» հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ շեշտելով՝ գլխավոր դատախազի տեղակալն ու իր ամբողջ թիմը գիշեր-ցերեկ հազարավոր գործեր են ուսումնասիրել, լուրջ կոռուպցիոն սխեմաներ, շատ խորամանկ մարդկանց կուտակած գույքեր են կարողացել գետնի տակից փորել, դուրս բերել։

Ընդգծելով, որ հիմա հարյուրավոր անշարժ գույքեր արգելանքների տակ են՝ նախարարը շեշտեց՝ դրանք բոլորը գալու են մտնեն իրենց ճիշտ տեղը՝ պետական բյուջե։

Նախարարի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև

«Ազատություն»․ - Ապօրինի գույքի հունձ էիք խոստանում պաշտոնը ստանձնելուց հետո, հիմա կարող ենք ասել, որ հատուկենտ գործեր են դեռ հասել դատարան։

Անդրեասյան․ - Հատուկենտ չեն, տասնյակ են, իսկ դրանք լուրջ են։

«Ազատություն»․ - Ես նկատի ունեմ ամբողջ քննությունն ավարտած և արդեն դատարան ուղարկած։

Անդրեասյան․ - Քանի՞ գործ լսեցինք վերջերս, որ գնաց դատարան։

«Ազատույթուն»․ - 5-6 առավելագույնը։ Հնչեղ անուններ, պաշտոնյաներ նկատի ունեմ։

Անդրեասյան․ - Կարող է Ձեզ համար շատ հնչեղ չի, չեք համարում, բայց տասնյակ են այդ գործերը, իսկ ուսումնասիրությունները՝ հարյուրավոր։ Հիմա, եթե Դուք ուզում եք, որ լինի հազարավոր, հա, միգուցե շատ աննշան է, բայց քանակի վրա չենք աշխատում, եկեք տեսնենք, թե ինչ աշխատանք է կատարել Դատախազության համապատասխան ստորաբաժանումը, և, երբ որ ես էս տաղավարում նստած պատասխանում էի հարցին, այն ժամանակ կարծեմ նույնիսկ մեկը-երկուսը չկային, թե մեկն էր եղել և ես ասացի, որ կլինեն, և ես տեղյակ էի, որ գալիս են այդ գործերը։ Հիմա տասնյակներն են, բայց էլի կարող ենք ասել, որ քիչ է։ Ավելին՝ կարող ենք ասել, որ դեռ ոչ մեկով դատավճիռ չկա։

«Ազատություն»․ - Փող չի եկել։

Անդրեասյան․ - Որոշ մասով եկել է, որոշ դեպքերում ավելի շուտ են մարդիկ հանձնել՝ ինքնակամ, բայց ինչո՞ւ չի եղել, որովհետև հենց մեր հարգարժան ընդդիմությունը վիճարկում է, օրինակ, Սահմանդրական դատարանում, այսինքն՝ գործընթացը ձգձգվում է։ Դատավորներն էլ, դատական համակարգն էլ իմիջայլոց, կարող են նաև որոշ դեպքերում օբյեկտիվ ձգել որոշումները, մինչև տեսնենք Սահմանադրական դատարանն ինչ է ասելու։

Գլխավոր դատախազի տեղակալ տիկին Գալյանը և իր ամբողջ թիմը օրնիբուն, գիշեր-ցերեկ հազարավոր գործեր են ուսումնասիրել և հազարավոր թվեր են ուսումնասիրել, շատ լուրջ կոռուպցիոն սխեմաներ, շատ խորամանկ մարդկանց կուտակած գույքեր նրանք կարողացել են, էն որ ասում են, գետնի տակից փորեն դուրս բերեն, չասեմ, որ ուրիշ երկրների գետնի տակից։ Պարզ է, վերջնական արդյունքը դեռ չի եղել, բայց դա չի նշանակում, որ հունձքը չկա, հունձքը կա, դրանք արգելանքների տակ են՝ տասնյակ, հարյուրավոր անշարժ գույքեր արգելված են, այսինքն՝ չես կարող օտարել, դրանք բոլորը գալու են մտնեն իրենց ճիշտ տեղը, այսինքն՝ պետական բյուջե։ Այլ հարց է, որ եթե մենք այսօր էլ հանկարծ դատական համակարգում էլի սաբոտաժ տեսնենք, կամ եթե էլի հանկարծ, Աստված չանի, դատական համակարգը փորձի իրենց այդպես անձնական՝ առանձին դատավորներ փորձեն էլի ապօրինություններ անել՝ պաշտպանեն իրենց նախկին գործընկերների, կամ ընկերների շահերը, էստեղ մեծ վտանգ կա, ռիսկ կա։ Բայց մեր իշխանությունն օր-օրի պայքարում է, ամեն ինչ անում է, որ նաև մաքրվի դատական համակարգը, որպեսզի վերջում էլ այս գործերն էլ գան ճիշտ տեղը։ Օրինակ՝ նաև այս քայլերի մեջ էր Հակակոռուպցիոն պալատը Վճռաբեկ դատարանի, որտեղ լրիվ նոր կազմ է, Հակակոռուպցիոն նաև մենք դատարաններ Վերաքննիչում՝ առաջին ատյանում, այսինքն, նոր ավյուն, նոր մարդիկ, որոնք թելերով կապված չեն որոշ կոռուպցիոներների հետ։ Այս ամբողջն արվում է։

«Ազատություն»․ - Դուք չգիտե՞ք պատմությունները, որ անգամ իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված գույքը վաճառվել է՝ Հովիկ Աբրահամյանի տունը, Սեյրան Սարոյանի։

Անդրեասյան․ - Մի խաբվեք այդ մանիպուլյացիաներով, որ այդ եզակի դեպքը բնորոշում է ամբողջ իշխանության աշխատանքը։ Սա հենց արվում է ձեզ թևաթափ անելու, ձեզ հուսահատեցնելու և այնպես անելու, որ դուք մտածենք՝ «լավ է հենց էն նույն թալանչին լինի իշխանության, որովհետև միևնույն է այս մի գործով տապալում տեղի ունեցավ»։ Ճիշտ հակառակը՝ թող թալանչին մնա իր տեղում, մինչև մեր իրավապահ համակարգն այնքան կուժեղանա, որ բոլորին իրենց տեղերը ցույց կտա, իսկ մեկ եզակի դեպքի համար, ես ներողություն եմ խնդրում ամբողջ մեր իշխանության անունից։

Հարցազրույցն ամողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG