Մատչելիության հղումներ

Դատախազությունը դատարանից պահանջում է բռնագանձել Վլադիմիր Գասպարյանի ու ընտանիքի ենթադրյալ ապօրինի ծագման գույքը


Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ու նրա ընտանիքի ապօրինի հարստացման գործը Գլխավոր դատախազությունն ուղարկել է դատարան՝ բռնագանձում պահանջելով հօգուտ պետության։

Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման՝ դատարան ուղարկված երկրորդ գործն է։ Առաջինը Ազգային անվտանգության ծառայության նախկին գնդապետ Սերոբ Հարությունյանին և նրա ընտանիքին պատկանող ընդհանուր առմամբ 485 միլիոն դրամ արժողությամբ գույքն էր, այդ թվում՝ Երևանի Հյուսիսային պողոտայում գտնվող բնակարանը, երկու ավտոկայանատեղիները և մի քանի այլ սեփականություն։

Դատական տեղեկատվական համակարգի համաձայն, Գասպարյանների գործը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայարփի Զարգարյանին։ Նիստի օր դեռևս նշանակված չէ։

Գասպարյանը, կինը, զոքանչը, դուստրն ու որդին դատարանում պետք է ապացուցեն, թե ինչպես են ձեռքբերել դատախազության թիրախում հայտնված գույքը, հակառակ դեպքում՝ այն կփոխանցվի պետությանը։ Առայժմ հայտնի չէ, թե ինչ գույքի և ինչ գումարի մասին է խոսքը, դատախազությունը դեռ մանրամասներ չի հրապարակել։

«Վարչության թիրախում 250 անձի գույքի և եկամուտների օրինականության հարցերն են»

Գոռ Աբրահամյան
Գոռ Աբրահամյան

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի փոխանցմամբ՝ ավելի քան մեկ տարի առաջ ձևավորած ապօրինի ծագում ունեցող գույքի ուսումնասիրությամբ զբաղվող վարչության թիրախում 250 անձի գույքի և եկամուտների օրինականության հարցերն են։ Շուրջ 12 գործ ավարտական փուլում է, որոշների հետ բանակցություններ են ընթանում՝ առանց դատարանի հարցը պետության օգտին լուծելու ուղղությամբ, այս դեպքում օրենքով քաղաքացուց կբռնագանձվի ապօրինի որակված գույքի ոչ թե 100, այլ 75 տոկոսը։

«Ամբողջ թափով վարչությունն իր գործունեությունն իրականացնում է գերծանրաբեռնվածությամբ՝ ահռելի վարույթների շրջանակներում։ Ահռելի քանակությամբ ծավալների ուսումնասիրությունների տարբեր մարմիններից ստացվող տվյալների, դրանց վերլուծությունների, կրկնակի հարցումների, արտերկիր կատարած հարցումների հետ կապված շատ ծավալուն աշխատանք է կատարվում։ Ժամանակի ընթացքում մեզ համար ի հայտ եկավ, որ նախնական այն բազան կադրային, որ ապահովել էր այս գործունեությունն իրականացնելու համար, իրականում չի բավարարում և աստիճանաբար նոր համալրումներ արվեցին հատկապես փորձագիտական մասով՝ տնտեսագետների, ֆինանսիստների, որպեսզի փորձագիտական մասով հնարավոր լինի գոնե պատշաճ մակարդակի ապահովել կատարվող ուսումնասիրությունները», - ասաց Աբրահամյանը։

Անդրադառնալով վերջին շրջանում իրավապաշտպանների թերահավատությանը՝ թե դատարաններին չի հաջողվի պետությունից գողացվածը հետ վերցնել, քանի որ հեղափոխությունից հետո այդպես էլ դատաիրավական ոլորտում վեթինգ չիրականացվեց, Աբրահամյանն ընդգծում է՝ նախ, վարչության դատախազներն ընտրվել են հենց վեթինգի միջոցով։ Ինչ վերաբերում է դատարաններին, ապա նրանք պարտավոր են գործել օրենքով։

«Նաև առկա է Քրեական օրենսգրքով սահմանված պատասխանատվություն, եթե պատշաճ ընթացակարգով այդ քննությունները չեն իրականացվում և այստեղ նաև հանցավոր դրսևորումներ են արտահայտվում։ Այսինքն՝ այդ առումով այստեղ որևէ խնդիր չկա», - ասաց Աբրահամյանը։

«Քանի դեռ համակարգը չի ազատվել կոռումպացված դատավորներից, արդարադատության հասնել հնարավոր չի լինի»

Նինա Կարապետյանց
Նինա Կարապետյանց

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը դեռ հեղափոխությունից կարճ ժամանակ անց էր հայտարարում՝ քանի դեռ դատաիրավական ոլորտը չի բարեփոխվել և համակարգը չի ազատվել կոռումպացված դատավորներից, արդարադատության հասնել հնարավոր չի լինի։

«Այս իշխանությունն ի վիճակի չէ և չի էլ անելու և չկա էդպիսի քաղաքական կամք։ Ես չգիտեմ՝ ով է դեռ հավատում, որ էսպիսի գործընթաց, փոփոխություններ լինելու են, բայց ես հույս ունեմ, որ հաջորդիվ եկեղ իշխանությունները կգտնեն դրա ուժը, կամքը, որովհետև առանց վեթինգի, բարեփոխման, առանց անցումային արդարադատության ամբողջական գործիքակազմը կիրառելու, հնարավոր չէ ուղղակի Հայաստանում բերել որևէ փոփոխության», - ասաց Կարապետյանցը։

Ըստ դատախազության, անցած մեկ տարում բացահայտվել են ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող 90 անշարժ և 19 շարժական գույք, 21 ընկերություններում մասնակցություններ, նաև շուրջ 22 միլիարդ դրամի չափով գումար։

Նախկին ոստիկանապետի փաստաբանները հրաժարվեցին պատասխանել «Ազատության» հարցերին՝ Գասպարյաններին պատկանող քանի՞ միավոր գույք, դրամական միջոցներ են իրավապահները որակել ապօրինի ճանապարհով ձեռքբերված, արդյո՞ք նրանք ունեն բավարար ապացույցներ՝ դատարանում պաշտպանելու իրենց ունեցվածքը, թե՞՝ ոչ։

Ապօրինի ծագում ունեցող գույքի վերաբերյալ ուսումնասիրություններում կան այլ հնչեղ անուններ, նրանց թվում՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դուստրը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին՝ Արման Սահակյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG