ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյաները կարծում են, որ այժմ Էեհրանը պետք է բարդ որոշում կայացնի, որպեսզի վերադառնա Իրանի միջուկային համաձայնագրին՝ Վիեննայում գրեթե մեկ տարի տևած բազմակողմ բանակցություններից հետո։ Ամերիկացի որոշ օրենսդիրներ կոչ են անում աչալուրջ լինել՝ ընդգծելով, որ վատ համաձայնագիրը գործարքի բացակայությունից էլ վատ է:
Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիան օրերս Դամասկոսում անդրադարձել էր Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ Վիեննայում կայացած բանակցություններին. «Մենք կարծում ենք, որ այսօր Վիեննայում ավելի մոտ ենք համաձայնությանը, քան երբևէ»։
Վիեննայում շուրջ մեկ տարի շարունակվող բանակցությունները նպատակ ունեն զսպել Թեհրանի միջուկային ակտիվությունը և չեղարկել Իրանի դեմ տնտեսական կոշտ պատժամիջոցները: Բանակցությունները, սակայն, փակուղի էին մտել, քանի որ ամերիկյան կողմը վստահ չէր, որ կհաջողվի համաձայնության գալ և վերադառնալ 2015 թվականի միջուկային համաձայնագրին, որից ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել էր 2018 թվականին:
Ըստ Պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսի, Թեհրանը պետք է բարդ որոշումներ կայացնի գործարքն ավարտին հասցնելու համար:
«Նման պայմանավորվածությունը այս պահին ոչ տեսանելի է, ոչ էլ՝ հստակ և հենց դա է պատճառը, որ տարվա ընթացքում մենք պատրաստվել ենք ցանկացած տարբերակի, ցանկացած սցենարի», - ընդգծել է Նեդ Փրայսը։
Ըստ փորձագետների, որքան երկար բանակցությունները սառեցված մնան, այնքան քիչ հավանական է, որ կողմերը կգան համաձայնության: Եվրասիա խմբի փորձագետ Հենրի Ռոմը կարծում է. «Այո, ըստ իս, երկար դադարը կարող է բացասաբար անդրադառնալ բանակցությունների վրա. ոչ բեկում կլինի, ոչ էլ նահանջ։ Բայց Իրանը շարունակում է իր միջուկային ակտիվությունը»։
Վերլուծաբանները նկատում են, որ բանակցությունները դրական հունով էին ընթանում նախքան Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, երբ Մոսկվան Թեհրանից պահանջեց չհետևել պատժամիջոցներին, չդադարեցնել երկու երկրների միջև առևտուրը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան ԱՄՆ-ից երաշխիքներ է ստացել և կշարունակի մասնակցել Իրանի միջուկային ծրագրին, ինչպես նախատեսված է միջուկային համաձայնագրում։ Փորձագետները զգուշացնում են, որ Ռուսաստանը ցանկանում է չարաշահել միջուկային գործարքը:
«Ռուսաստանն իսկապես լավ է դիրքավորվել ու ցանկանում է եկամուտ ստանալ միջուկային առևտրից, ռազմական առևտրից. շահադիտական նկատառումներով՝ չի ձգտում ուղիղ առևտրային հարաբերություններ ունենալ Իրանի հետ։ Եվ այս ամենը տեղի է ունենում այն ժամանակ, երբ Ռուսաստանը տուժում է Ուկրաինայի ներխուժման պատճառով կիրառվող պատժամիջոցներից՝ հաջողությամբ օգտագործելով Իրանին որպես իր ցավը մեղմացնելու միջոց», - նշում է Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի վերլուծաբան Բեհնամ Բեն Թալեբլուն և հավելում նաև, որ տնտեսական նկատառումներից ելնելով՝ Իրանին անհրաժեշտ է, որ Միջուկային համաձայնագիրը կյանքի կոչվի։
Ըստ նրա, Թեհրանում քաջատեղյակ են, որ համաձայնագրի շուրջ ԱՄՆ-ում գոյություն ունեն քաղաքական լուրջ հակասություններ։ Հանրապետական օրենսդիրների մեծամասնությունը շարունակում է սատարել նախկին նախագահ Թրամփին և դեմ է արտահայտվում Իրանի հետ միջուկային համաձայնագրին: Ոմանք մտահոգված են, որ Բայդենի վարչակազմը կարող է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հանել օտարերկրյա ահաբեկչական խմբերի ցանկից՝ հանուն գործարքի:
Հանրապետական սենատոր Թոդ Յանգը թվիթերում գրել է. «Իրանի Իսլամական հեղափոխության պահապաններին ահաբեկչական խմբավորումների ցանկից հանելը և նրա ակտիվների ապասառեցումը կնմանվի կրակի վրա բենզին լցնելուն»:
Շատ դեմոկրատ օրենսդիրներ մտահոգ են, որ Իրանը կարող է կարճ ժամանակում միջուկային զենք ձեռք բերել։ Սակայն նրանց մեծ մասը նաև կարծում է, որ 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրին վերադառնալը Թեհրանին զսպող միակ իրատեսական քայլն է։