Մատչելիության հղումներ

Իրանի միջուկային ծրագրի շուրջ Վիեննայում ընթացող բանակցությունները մտել են որոշիչ փուլ


Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում, արխիվ
Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Վիեննայում, արխիվ

«Խորապես հավատացած եմ, որ Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքումը տեսանելի ապագայի հարց է», - երկուշաբթի երեկոյան Twitter-ում նման գրառում է կատարել ԵՄ արտաքին հարաբերությունների պատասխանատու Ժոզեպ Բորելը։

Եվրոպական դիվանագիտության ղեկավարն այս մասին գրել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։ Բորելի համոզմամբ՝ «եկել է առավելագույն ջանք գործադրելու և փոխզիջման հասնելու պահը»։

Լավատեսական հայտարարություններ հնչում են ոչ միայն Բրյուսելից, այլև Մոսկվայից։ Երեկ, Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և նրա իրանցի պաշտոնակցի հեռախոսային բանակցությունների ավարտին ռուսական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ երկու բարձրաստիճան դիվանագետները ևս ընդգծել են, որ Վիեննայում ընթացող բանակցություններում «զգալի առաջընթաց է» արձանագրվել։

Թեհրանում, ի դեպ, համոզված են, որ բանակցություններին մասնակցող բոլոր կողմերի՝ նախևառաջ Միացյալ Նահանգների ցանկության դեպքում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ համապարփակ համաձայնության հնարավոր կլինի հասնել նույնիսկ ոչ թե շաբաթների, այլ հաշված օրերի ընթացքում։

«Թեհրանը միջուկային համաձայնագրի շուրջ պայմանավորվածությունների հարցում շտապում է։ Մենք, սակայն, կարծում ենք, որ այդ պայմանավորվածությունները պետք է համապատասխանեն մեր ազգային շահերին», - նախօրեին Թեհրանում, Իռլանդիայի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարում էր Հոսեյն Ամիր Աբդոլահիանը։

Իրանցիները, սակայն, վստահ են՝ այս պահին երկրի միջուկային ծրագրի շուրջ համաձայնության ձեռքբերման գլխավոր խոչընդոտները հարուցում է Միացյալ Նահանգները՝ հրաժարվելով առանց նախապայմանների վերացնել իսլամական հանրապետության դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները։

«Ցանկանում եմ հստակորեն հայտարարել, որ Ամերիկան և արևմտյան մյուս պետությունները պարտավոր են դադարեցնել այն հնարքների կիրառումը, որ վերաբերում է համաձայնագրի տեքստին և [բանակցություններին հատկացված] ժամանակին։ Մեզ համար կարևոր է, թե ինչ է տեղի ունենում բուն բանակցությունների ընթացքում՝ կապված պատժամիջոցների վերացման և բոլոր կողմերի՝ համաձայնագրի դրույթները կատարելու պատրաստակամության հետ», - պնդում էր իրանական դիվանագիտության ղեկավարը։

Ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը խորհուրդ է տալիս չընկնել վաղաժամ լավատեսության գիրկը

Վաշինգտոնում, սակայն, կարծես անդրդվելի են։ Ամերիկյան իշխանությունների համոզմամբ՝ Իրանի միջուկային կենտրոններում ուրանի շարունակվող հարստացումը ինքնաբերաբար սահմանափակում է Թեհրանի հետ համաձայնության գալու համար նախատեսված ժամկետները։

«Ժամանակը արագորեն սպառվում է։ Մենք միանշանակորեն հայտարարել էինք, որ միջուկային ծրագրի շրջանակներում Իրանի կողմից արձանագրվող առաջընթացի ներկա տեմպը մեզ շատ քիչ ժամանակ է թողնում։ Հենց դա է պատճառը, որ շատ շուտով Իրանի այդ քայլերը կարող են պարզապես իմաստազուրկ դարձնել այն առավելությունները, որոնք կողմերին ընձեռում էր 2015-ին կնքված և 2016-ին կյանքի կոչված համաձայնագիրը», - անցած գիշեր Վաշինգտոնում հայտարարում էր Միացյալ Նահանգների Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

Այս բոլոր գործոնները հաշվի առնելով՝ ամերիկյան դիվանագիտական գերատեսչության խոսնակը խորհուրդ է տալիս չընկնել վաղաժամ լավատեսության գիրկը՝ թափանցիկ կերպով ակնարկելով, որ առաջիկա մի քանի օրերը ցույց կտան՝ արդյոք բանակցությունների շարունակությունն ընդհանրապես իմաստազուրկ չէ՞։

«Պետք է նշեմ, որ Վիեննայում ընթացող բանակցություններում առաջընթացի հնարավորությունների առումով մենք պատրաստվում ենք զգուշավորություն ցուցաբերել։ Բանն այն է, որ մենք այժմ գտնվում ենք բոլոր առանցքային դերակատարների մասնակցությամբ ընթացող համալիր բանակցությունների ավարտական փուլում։ Սա որոշիչ փուլ է։ Դրա ընթացքում մենք, ի վերջո, կկարողանանք հասկանալ՝ արդյոք վերադարձ 2015 -ին կնքված համաձայնագրին հնարավո՞ր է, թե՝ ոչ», - նշում էր Փրայսը։

Այն, որ բանակցային այս շաբաթը խիստ դժվարին է լինելու ընդունում են նաև իրանցիները՝ հատուկ զգուշացնելով, որ Արևմուտքը Թեհրանից անհարկի զիջումների սպասելիքներ չպետք է ունենա։

«Վիեննայում լավ համաձայնագրի կնքումը հնարավոր կլինի, եթե արևմտյան պետությունները իրատեսական մոտեցում որդեգրեն», - Իրանի ԱԳՆ Աբդոլահիանն այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում այդ ուղերձն է փոխանցել բրիտանական դիվանագիտության ղեկավար Լիզ Թրասին։

XS
SM
MD
LG