Պաշտոնական Անկարան պնդում է, թե Ստոկհոլմից ու Հելսինկիից դեռ ոչ մի հստակ քայլ չի տեսնում իր պահանջները կատարելու ուղղությամբ: Թուրքիայի նախագահը նախօրեին հայտարարել է, թե դեռ չեն փոխել իրենց դիրքորոշումը և շարունակում են դեմ լինել Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին:
«Մենք պատճառներով ու օրինակներով բացատրել ենք, թե ինչու ենք դեմ այդ երկրների անդամակցությանը: Մինչև հիմա մենք ոչ մի կոնկրետ փաստաթուղթ չենք ստացել, որը կարող է փարատել մեր մտահոգությունները», - ասել է նա:
Թուրքիայի նախագահականի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթդին Ալթունը ֆիննական պարբերականներից մեկի հետ զրույցում կրկնել է Անկարայի դիրքորոշումը՝ դեմ չեն ՆԱՏՕ-ի ընդլայնմանը, բայց մտահոգություններ ունեն: Ալթունի խոսքով` Շվեդիայից ու Ֆինլանդիայից ոչ թե զիջումներ են ակնկալում, այլ սկզբունքային նախապայմաններ են առաջ քաշել:
Թուրք պաշտոնյան ընդգծել է՝ դաշինքի անդամները պետք է միահամուռ աշխատեն ահաբեկչության դեմ պայքարում, հակառակ դեպքում սկանդինավյան այդ երկրների անդամակցությունը կարող է սպառնալ ինչպես Թուրքիայի անվտանգությանը, այնպես էլ վնասել ՆԱՏՕ-ի ինստիտուցիոնալ ինքնությանը:
Ֆինլանդիան և Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին սկսեցին խոսել ռուս-ուկրինական պատերազմի ֆոնին։ Ի տարբերություն մյուս անդամների՝ թուրքական իշխանությունները նախ կտրուկ դեմ արտահայտվեցին, հետո էլ Շվեդիայից և Ֆինլանդիայից պահանջեցին դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել ռազմական արտադրանքի արտահանման արգելքը դեպքի Թուրքիա, ինչպես նաև արտահանձնել այդ երկրներում ապաստանած ավելի քան երեք տասնյակ մարդու:
Ստոկհոլմը պատրաստվում է ուղիղ երկխոսության մեջ մտնել Անկարայի հետ
Մինչ այդ, պաշտոնական Ստոկհոլմը պատրաստվում է ուղիղ երկխոսության մեջ մտնել Անկարայի հետ՝ ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ ծագած հակասությունները հարթելու համար, նախօրեին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեդիայի վարչապետը: Մագդալենա Անդերսոնն ընդգծել է, որ այս հարցի շուրջ Թուրքիայի հետ քննարկումներ արդեն ունեցել են և շարունակելու են բանակցությունները։
«Մենք ակնկալում ենք մոտ ապագայում Թուրքիայի հետ կառուցողական հանդիպում անցկացնել։ Անկարայի կողմից ներկայացվող պահանջներին մեր պատասխանները մենք կքննարկենք թուրքական կողմի հետ ուղղակի երկխոսության ընթացքում՝ հաղթահարելով բոլոր հնարավոր հակասություններն ու խնդիրները», - հավելել է նա:
Թուրքիայի մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել. Ֆինլանդիայի նախագահ
Ֆինլանդիայի նախագահն էլ հայտարարել է, թե Թուրքիայի բարձրաձայնած մտահոգություններին պետք է լուրջ վերաբերվել: Սաուլի Նինիստոն նաև ընդգծել է՝ հակաահաբեկչական պայքարում Ֆինլանդիայի մոտեցումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների դիրքորոշումներին։
Ակնկալվում է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի արտգործնախարարները մոտ օրերս կհանդիպեն Բրյուսելում: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ մտադիր են այս հարցը լուծել մինչև հունիսի վերջին Մադրիդում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը: Յենս Ստոլտենբերգը հավաստիացրել է, որ դաշինքի բոլոր 30 անդամները պատրաստ են բանակցային սեղանին նստել և փարատել ահաբեկչության հետ կապված Թուրքիայի մտահոգությունները: