ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ ներկայացրած Ֆինլանդիայի և Շվեդիայի ներկայացուցիչները այսօր Անկարայում են քննարկում դաշինքի անդամ Թուրքիայի դիրքորոշումը այս հարցում:
Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ, նախագահական նստավայրում ավարտվել է նախագահականի խոսնակ Իբրահիմ Քալընի և փոխարտգործնախարար Սեդաթ Օնալի շուրջ 5 ժամ տևած հանդիպումը Շվեդիայի վարչապետի գրասենյակի քարտուղարի և Ֆինլանդիայի արտգործնախարարության խորհրդականի գլխավորած պատվիրակությունների հետ: Երկու երկրների բանագնացները երեկ երեկոյան էին ժամանել Թուրքիայի մայրաքաղաք:
Պատերազմից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին չմիացած Թուրքիան, ի տարբերություն դաշինքի մյուս անդամների, բացահայտ դեմ է, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները համալրեն դաշինքի շարքերը։ Անկարան, ընդդիմանալով ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, կոնկրետ քայլեր է ակնկալում անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները փարատելու հարցում:
Օրերս Թուրքիայի նախագահականը հրապարակել էր իրենց դիրքորոշումը արտահայտող հինգ կետ՝ մասնավորապես Շվեդիայից պահանջելով դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և միանալ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին: Անկարան նաև պահանջում է արտահանձնել այդ երկրներում ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու, որոնց ահաբեկիչներ է համարում:
Ստոկհոլմում գտնվող Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ասուլիսի ժամանակ Շվեդիայի վարչապետն այսօր հայտարարել է, թե իրենք ահաբեկիչներին ֆինանսական և ռազմական աջակցություն չեն տրամադրում և ուզում են պարզաբանել այս թեմայով մեդիայում շրջանառվող անհիմն տեղեկությունները: Մագդալենա Անդերսոնը նշել է, որ այսօրվա բանակցությունները ընթանում են Անկարայի պահանջների շուրջ և իրենց պատրաստ են Թուրքիայի հետ ամրապնդել համագործակցությունը անվտանգության և ահաբեկչության դեմ պայքարում: Շառլ Միշելը ևս աջակցություն է հայտնել Շվեդիայի անդամակցությանը՝ ընդգծելով, որ այդպիսով ավելի կամրապնդվի Եվրոպայի անվտանգությունը:
Վաղը Թուրքիայի նախագահականում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ անվտանգության նիստ տեղի կունենա, որտեղ օրակարգային գլխավոր թեմաներից է լինելու սկանդինավյան երկու երկրների անդամակցության հարցը Հյուսիսատլանտյան դաշինքին:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը այսօր հայտարարել է՝ Թուրքիայի մտահոգությունները հաշվի են առել և աշխատում են, որպեսզի կառույցի բոլոր անդամները համաձայնության գան:
ՆԱՏՕ-ում Թուրքիայի մյուս դաշնակիցները համոզված են, որ Ֆինլանդիան և Շվեդիան բանակցային ճանապարհով կկարողանան համաձայնության գալ Անկարայի հետ և շուտով կհամալրեն ռազմական այդ կառույցի շարքերը:
Անկարային համոզելու համար Ստոկհոլմն ու Հելսինկին մինչև հունիսի վերջին Մադրիդում նախատեսված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը ժամանակ ունեն։ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր 30 երկրների համաձայնության դեպքում միայն անդամակցության հայտ ներկայացրած երկրները կարող են համալրել ռազմական դաշինքի շարքերը՝ ստանալով հավաքական անվտանգության երաշխիքներ: