Մատչելիության հղումներ

Թուրքիան վերահաստատում է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում


UKRAINE-CRISIS/NATO-TURKEY
UKRAINE-CRISIS/NATO-TURKEY

«Եթե հարկ լինի, Ֆինլանդիան և Շվեդիան պետք է փոխեն ահաբեկչության դեմ պայքարի իրենց օրենքները, որպեսզի բավարարեն Թուրքիայի պահանջները և աջակցություն ստանան Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու հարցում», - հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Մևլյութ Չավուշօղլուն պնդել է՝ քանի դեռ այդ երկրները այդ փոփոխությունները չեն արել, Թուրքիայի դիրքորոշումը մնալու է նույնը՝ դեմ են դաշինքի ընդլայնմանը. - «Մենք նրանց գրավոր տեսքով ներկայացրել ենք մեր պահանջները: Վաղը իշխանությունները կարող են փոխվել, այլ կառավարոււթյուն կարող է լինել ու հրաժարվել խոստումներից: Դաշինքին անդամագրվելուց հետո էլ կարող են փոխվել մոտեցումները: Այդ պատճառով էլ մենք ամեն ինչ գրավոր ենք ներկայացնում և նույն ձևաչափով պատասխան ակնկալում»։

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամ երկրների կողմից ահաբեկչական համարվող կազմակերպությունները մինչ օրս ազատորեն ցույցեր ու տարբեր հավաքներ են անում եվրոպական քաղաքներում: Նախօրեին այս առիթով արտգործնախարարություն են հրավիրվել Գերմանիայի և Ֆրանսիայի դեսպանները: Նրանց հայտնել են Թուրքիայի դժգոհությունն ու պահանջը՝ այլևս թույլ չտա նմանօրինակ ակցիաներ: Նույնը նաև ՆԱՏՕ-ի անդամակցությանը ձգտող սկանդինավյան երկրներից են ակնկալում. - «Նրանք պնդում են, թե երկրի օրենքների համաձայն ահաբեկչական կազմակերպությունները կարող են ազատորեն ցույցեր անել իրենց լաթերով: Ուրեմն պետք է փոխեք ձեր օրենքները»։

Թուրքիան, ի տարբերություն ՆԱՏՕ-ի մյուս անդամների, բացահայտ դեմ է, որ Ռուսաստանի սկանդինավյան հարևանները համալրեն դաշինքի շարքերը։ Անկարան կոնկրետ քայլեր է ակնկալում անվտանգության վերաբերյալ իր մտահոգությունները փարատելու հարցում: Թուրքական իշխանությունները մասնավորապես Շվեդիայից պահանջում են դադարեցնել քաղաքական և ռազմական աջակցությունը Թուրքիայում ահաբեկչական համարվող կառույցներին, փակել դրանց ֆինանսավորման աղբյուրները, հանել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցները և միանալ ահաբեկչության դեմ համընդհանուր պայքարին: Անկարան նաև պահանջում է արտահանձնել այդ երկրներում ապաստանած երեք տասնյակից ավելի մարդու, որոնց ահաբեկիչներ է համարում:

Անցած շաբաթ Ֆինլանդիայի և Շվեդիայի բանագնացները Անկարայում էին՝ լսելու թուրքական կողմի պահանջները: Այժմ Ստոկհոլմն ու Հելսինկին պետք է պատասխանեն, թե արդյոք պատրաստվում են կատարել Թուրքիայի պահանջները:

«Արդյոք մենք անհնարին բաներ ենք ակնկալում: Ոչ: Մենք ուզում ենք, որպեսզի դադարեցնեն աջակցությունը ահաբեկչությանը», - ասել է Չավուշօղլուն:

Շվեդիայում ռազմական արտադրանքի արտահանման վերահսկման վարչության նախագահը օրերս շվեդական Expressen թերթին ասել էր, թե պատրաստվում են հանել դեպի Թուրքիա 2019-ից գործող զենքի արտահանման արգելքը։ Հարցին, թե ինչպես են շվեդական արտադրության AT4 հակատանկային ռեակտիվ նռնականետերը հայտնվել Քուրդիստանի բանվորական կուսակցության զինյալների ձեռքում, շվեդ պաշտոնյան պատասխանել է, թե քրդական խմբավորումներին զենք չեն վաճառում և դրանք, հավանաբար, երրորդ երկրներից են ձեռք բերվել:

Չավուշօղլուն ասել է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը ջանքեր է գործադրում բանակցային ճանապարհով հարցի լուծումը գտնելու համար։ Ըստ նրա, դաշինքի գլխավոր քարտուղարն առաջարկել է, որ Ֆինլանդիայի, Շվեդիայի և Թուրքիայի արտգործնախարարներին մոտ օրերս հանդիպեն Բրյուսելում:

Մինչ այդ Ուկրաինայի դեմ ռուսական հարձակումից հետո ՆԱՏՕ-ին անդամակցելու ցանկություն հայտնած Ֆինլանդիան ու Շվեդիան պաշտոնապես իրենց դիմումներն են հանձնել կառույցին:

Թուրքիան վերահաստատում է իր դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցում
please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG