Լեհաստանը լավատեսորեն է տրամադրված ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության խնդրում: Թուրքիան այդ երկու սկանդինավյան երկրներից պահանջում է դադարեցնել աջակցությունը խմբավորումներին, որոնք Անկարայում ահաբեկչական կառույցներ են համարվում՝ խոստանալով այդ դեպքում հավանություն տալ անդամակցմանը: Այդ մասին այսօր ասել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Մոտեցումը, թե ժամանակի ընթացքում մենք կհամոզենք Թուրքիային, քանի որ բարեկամներ ենք, այս անգամ ճիշտ չի լինի: Պետք է ուղիղ ասեմ այդ մասին, այդ երկրները պարտավոր են անել լուրջ ու ծանրակշիռ քայլեր, մենք անհնարին բան չենք ակնկալում, նրանք պարտավոր են դադարեցնել աջակցությունն ահաբեկչությանը»,- ասել է Չավուշօղլուն:
Մինչդեռ, նրա լեհ պաշտոնակիցը համոզված է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի խնդիրը կլուծվի:
«Ի տարբերություն բազում այլ կարծիքների, ես լավատես եմ այս հարցը կարգավորելու վերաբերյալ: Այս վեճը կարելի է լուծել ՆԱՏՕ-ի միասնության և համերաշխության ոգով, դա տեղի կունենա»,- ասել է Զբիգնև Ռաուն:
Նա այդ մասին խոսել է Ռումինիայի արտգործնախարար Բոգդան Աուրեսկուի հետ Անկարա կատարած այցի ընթացքում:
Ֆինլանդիան և Շվեդիան որոշել են միանալ ՆԱՏՕ-ին այն բանից հետո, երբ Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա, սակայն Թուրքիան հայտնել է, որ կօգտագործի վետոյի իրավունքը, եթե այդ երկրու երկրները չդադարեցնեն աջակցությունը Քրդական բանվորական կուսակցությանը, քրդական այլ զինված խմբավորումներին և ԱՄՆ-ում ապաստանած կրոնական առաջնորդ Ֆեթուլահ Գյուլենի հետևորդներին:
Անկարան պնդում է, որ Գյուլենն առնչություն ունի Թուրքիայում 2016 թվականի ամռանը տեղի ունեցած պետական հեղաշրջման ձախողված փորձի հետ: