Մատչելիության հղումներ

Բաքվին փոխանցված 6-կետանոց փաստաթուղթը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը․ Մարուքյան


Ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպման ընթացքում Երևանը նաև առձեռն Բաքվին է փոխանցել 6 կետանոց փաստաթուղթը, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության, իրավունքների պաշտպանության և Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի հարցը, այսօր «Արմենպրեսի» հարցին ի պատասխան ասել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։

Մարուքյանը շեշտել է՝ հայկական կողմն առաջարկել է երկու օրակարգերի հիման վրա սկսել բանակցություններ՝ խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Ադրբեջանական կողմը համաձայնվել է այս մոտեցմանը, որից հետո խաղաղության պայմանագրի բանակցություններ ձեռնարկելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:

Այսօր Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, թե դեռ փետրվարին ադրբեջանական կողմը Հայաստանին ներկայացրել է 5 հիմնական առաջարկներ, որոնք հիմնված են խաղաղության համաձայնագրի հիմնական սկզբունքների վրա՝ շեշտելով՝ «սակայն Հայաստանը նշել է, թե դրանք իրենց հարմար չեն»։

Չնեշելով թե Երևանն ինչ առաջարկներ է ներկայացրել՝ Բայրամովը նաև հայտարարել է, թե Հայաստանի ներկայացրած փաստաթուղթը, դժվար է առաջարկ անվանել։ Նրա բնորոշմամբ, «հայկական կողմի փաստաթուղթը եղել է հակազդման տեսքով՝ ընդդեմ Ադրբեջանի առաջարկների»։

Պաշտոնական Երևանը հայտարարել էր, թե Բաքվից Երևանին փոխանցված առաջարկներում մեծ հաշվով անընդունելի ոչինչ չկա։ Ավելի ուշ ընդհանրական խոսելով Երևանի պատասխանի մասին՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ասել էր, թե հայկական կողմի համար «սկզբունքային և հիմնարար է, որ հստակ երաշխավորվեն արցախահայության իրավունքները և ազատությունները, վերջնականապես հստակեցվի Ղարաբաղի կարգավիճակը»։

«Ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե ՀՀ տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել»

«Այդ պահին մեր ձեռքի տակ չկա որևէ իրավական հիմնավորում, թե Հայաստանի տարածքում երբևէ դե յուրե ադրբեջանական անկլավ է գոյություն ունեցել», - այսօր նաև հայտարարել է Մարուքյանն՝ արձագանքելով Ադրբեջանի արտաքին գործերի փոխնախարար Խալաֆ Խալաֆովին։

Մարուքյանը շեշտել է՝ դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացները պետք է տեղի ունենան դե յուրե նշանակություն ունեցող փաստերի և փաստաթղթերի հիման վրա։

«Ընդհակառակը, կան իրավական հիմնավորումներ Արծվաշեն գյուղի՝ Հայաստանին պատկանելության մասին: Նույնը վերաբերում է նաև Հայաստանին պատկանող մի շարք տարածքների՝ ներառյալ Սոթք-Խոզնավար հատվածում, որտեղ նախորդ տարվա մայիսին ադրբեջանական զորքերի ապօրինի ներխուժման հայտնի դեպքը տեղի ունեցավ: Այս հարցերը, իհարկե, պետք է քննարկվեն և լուծում ստանան դելիմիտացիայի և դեմարկացիայի գործընթացում», - ասել է Մարուքյանը։

Խալաֆովն այսօր, լրագրողների հետ զրույցում, ասել է, թե անկլավները՝ Ղազախի շրջանի 7 գյուղեր և Նախիջևանի Քյարքի, այժմ՝ Հայաստանի Տիգրանաշեն գյուղը Ադրբեջանին վերադարձնելու հարցերը ի թիվս այլ հարցերի պետք է լուծվեն Հայաստանի հետ սահմանազատման համատեքստում։

44-օրյա պատերազմից հետո հայ-ադրբեջանական սահմանագծման ու սահմանազատման թեմային զուգահեռ` օրակարգում հայտնվեց կողմերի միջև անկլավների փոխանակման հարցը: 90-ականների պատերազմից հետո Տավուշի մարզում ադրբեջանական 7 անկլավային գյուղ է մնացել, Արարատի մարզում էլ՝ Տիգրանաշենը, իսկ ադրբեջանական կողմում մնացել է երբեմնի հայաբնակ Արծվաշենը, որ ժամանակին Գեղարքունիքի մարզի կազմում էր։

Օրերս Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը Տիգրանաշենից քայլերթի ընթացքում հայտարարել էր, թե իշխանությունները պատրաստվում են հանձնել անկլավները։

Արձագանքելով՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ մինչև տվյալ պահը անկլավների հարց չի բարձրացվել։ «Կարելի է ասել, որ երկու կողմից էլ քանի որ անկլավ կա, Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և Հայաստանի տարածքում կան անկլավներ, և նրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել: Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին», - նշել էր Գրիգորյանը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG