Մատչելիության հղումներ

«Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես»․ Փաշինյան


2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի, այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Խոսելով Արցախը հանձնելուց՝ Հայաստանի վարչապետը արձանագրեց՝ Արցախն իր չէ, առարկա չէ, որ հանձնես կամ չհանձնես։

«Արցախն առաջին հերթին այնտեղ ապրող մարդն է։ Եթե մենք Արցախը հանձնող լինեինք, 44-օրյա պատերազմից հետո տասնյակ միլիարդավոր դրամներ չէինք ծախսի, որ ապահովեինք արցախցիների վերադարձն իրենց տներ։ Բացառում եմ, պարզապես բացառում եմ, որ գոյություն ուենա ստորագրմանը շատ թե քիչ մոտիկ մի փաստաթուղթ, որը ստորագրվի առանց լայն հանրային քննարկման, այդ թվում՝ Արցախի հանրության բոլոր շերտերի հետ», - ասաց Փաշինյանը՝ շեշտելով՝ այս պահին հայ-ադրբեջանական բանակցությունների առարկա հանդիսացող բոլոր թղթերի բովանդակությանը հանրությունը ծանոթ է՝ դա Ադրբեջանի կողմից փոխանցված հինգ կետն է։

«ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը»


Հայաստանը պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, ասաց գործադիրի ղեկավարը՝ ամփոփելով մոսկովյան այցը։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ գնահատելով՝ Հայաստանի վարչապետը շեշտեց՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։

«Հույս ունեմ, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել», - ասաց Փաշինյանը։

ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահության լուծարման մասին գնահատկանները հիմնավորված չեն

Հայաստանի վարչապետը անհիմն համարեց ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահության լուծարման մասին գնահատկանները։

«Բանակցությունների հաջորդ արդյունքը՝ ԼՂ հիմնախնդրի կարգավորման համատեքստում ԵԱՀԿ ՄԽ համանախագահության միջազգային մանդատի կարևորության ընդգծումն էր՝ սրանից բխող քաղաքական հետևանքներով, և եթե արձանագրենք, որ մոսկովյան այցի նախորդող օրերին Հայաստան էին այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ֆրանսիացի և ամերիկացի համանախագահները, կարողենք ասել, որ ԵԱՀԿ Միսնկի խմբի նախագահության լուծարման մասին գնահատկանները հիմնավորված չեն։ Մենք հստակ տեսնում ենք, որ համանախագահող բոլոր երկրները Լեռնային Ղարաբաղի կարգավորման իրենց մանդատին հավատարիմ են մնում», - ասաց Փաշինյանը։

Մոսկվայում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, թե Ֆրանսիան ու Միացյալ Նահանգները հրաժարվել են համագործակցել Ռուսաստանի հետ՝ Մինսկի խմբի եռյակում։ Արարատ Միրզոյանը չկիսեց այս կարծիքը՝ պնդելով, թե համանախագահող երկրներից այլ ազդակներ է ստացել։ «Ուզում եմ հաստատել, որ միջազգային համայնքը շարունակում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը տեսնել Մինսկի խմբի ձևաչափով, ինչը, պետք է ասեմ, շատ է հուսադրում», - ասաց Միրզոյանը։

Լավրովի այտարարությունից հետո, այդուհանդերձ, թե՛ Ֆրանսիան և թե՛ Միացյալ Նահանգները հայտարարեցին ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ ջանքերը շարունակելու պատրաստակամության մասին, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջոցով, նաև Հայաստան այցելեց Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահը։

XS
SM
MD
LG