Մատչելիության հղումներ

Խաղաղության, համագործակցության խոստումներ և սպառնալիքներ՝ Իլհամ Ալիևից


Մայիսի սկզբին պլանավորվում է Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում Բրյուսելում, շատ շուտով տեղի կունենա սահմանային հանձնաժողովի հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողովի նիստ, Ղարաբաղի հայերից դրական ազդակներ կան նախնական շփումների համար, Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահաջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային, հրաժարվի հզորանալու և տարածքները հետ բերելու իլյուզիաներից՝ հակառակ դեպքում կկորցնի պետականությունը։ Սրանք մեջբերումներ են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններից:

Առաջիկայում ակնկալվող հանդիպումների մասին արդեն հայտնի է, որ մայիսի 2-ին Բրյուսելում հանդիպելու են Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ Այս մասին «Ազատության» եթերում հայտնել է Գրիգորյանը։

Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան «Ազատություն» ռադիոկայանին ասել է, որ կրկին Բրյուսելում մայիսի կեսերին հնարավոր է բարձր մակարդակի եռակողմ հանդիպում անցկացվի։

Իսկ Հայաստանի ԱԳ նախարարությունը հաղորդում է, որ Դուշանբեում, մայիսի 13-ին, ԱՊՀ արտգործնախարարների համաժողովի շրջանակում կայանալու է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը։ Այս մասին հաղորդվեց ՌԴ և ՀՀ արտգործնախարարներ Լավրով-Միրզոյան հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել են եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը՝ ներառյալ սահմանազատման հանձնաժողովի աշխատանքը սկսելու և տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման հարցերը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու շուրջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ելույթ է ունեցել և հարցերի պատասխանել Ադրբեջանի արտգործնախարարության կողմից հիմնադրված ADA համալսարանում կազմակերպված «Հարավային Կովկաս․ զարգացում և համագործակցություն» թեմայով միջազգային համաժողովում։

Հայտնելով մայիսի սկզբին Բրյուսելում նախատեսված հայ-ադրբեջանական հանդիպման մասին, նա դրական է գնահատել Եվրամիության դերը Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու գործընթացում։ Նրա խոսքերով՝ Եվրամիությունը «բարեխիղճ դերակատար» է և ողջունել է Բրյուսելի ջանքերը։

«Հիմա Մինսկի խումբ գոյություն չունի, ուստի կարծում ենք Եվրամիությունը կարող է իր դերակատարումն ունենալ նորմալացման գործընթացում», - նշել է Ադրբեջանի նախագահը։

Նա հայտնել նաև մեկ այլ հանդիպման մասին, ասելով, որ շատ շուտով սահմանազատման հարցերով համատեղ հանձնաժողովը նիստ է անցկացնելու։ Ալիևն նշել է, որ ադրբեջանական կողմը մտադիր է դիտարկել բոլոր քարտեզները սկսած 1918 թվականից, գուցե և ավելի վաղ շրջանից, մինչև նախկին Խորհրդային միության փլուզումը։ Բայց դա լինելու է համատեղ խմբի քննարկման առարկա, նշել է նա։

«Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը»

Եթե հավատանք Ալիևին, ապա նրա ասելով՝ Ղարաբաղում ապրող հայերից դրական ազդակներ կան նախնական շփումներ սկսելու համար։

«Նրանք կարող են մասնակցել տնտեսական զարգացմանը միասնական Ադրբեջանում և իրենց լիովին անվտանգ զգալ։ Բայց դրա համար, առաջին հերթին նրանք պետք է վերջ տան անջատական միտումներին և գիտակցեն իրողությունները։ Նրանք պետք է նայեն քարտեզին և հասկանան, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մոտ ժամանակում կվերադառնան Քելբաջար, Լաչին, Շուշի, Աղդամ և ստիպված են լինելու ապրել այդ միջավայրում և հարևանությամբ։ Նրանք պետք է վերջ տան թշնամանքին»,- ասել է Ալիևը, հավելելով, թե Ղարաբաղի հայերին համարում են իրենց քաղաքացիները և հույս ունեն, որ նրանք շուտով կհասկանան՝ որպես Ադրբեջանի քաղաքացիներ ունեն բոլոր իրավունքներն ու անվտանգության երաշխիքները։

Նա մի քանի անգամ նշել է, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակը փոխվել է և պետք է ճանաչել ու ընդունել նոր իրողությունները։

Օրինակ բերելով էներգետիկ և տրանսպորտային ոլորտում Ադրբեջանի և Վրաստանի համագործակցությունը նա ասել է, որ Հայաստանը ևս տարածաշրջանային ծրագրերին միանալու դեպքում օգուտներ կստանա։

«Կարծում եմ հնարավորություն կա Հայաստանին հրավիրելու միանալ տարածաշրջանի զարգացմանը։ Նրանք կարող են օգուտ ստանալ մեր էներգառեսուրսների հասանելիությունից և որոշակի աստիճանով մաս կազմել միջազգային տրանսպորտային միջանցքներին։ Դա կարող է որոշակի եկամուտներ բերել։ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի համար հնարավորություններ կբացի, որոնց մասին հիմա նույնիսկ հնարավոր չէ կանխատեսել»,- ասել է Ալիևը։

«Մենք ցանկանում ենք ապրել խաղաղության և ներդաշնակության մեջ։ Եկել է խաղաղության համաձայնագիր ստորագրելու ժամանակը»,- հայտարարել է նա, դրական գնահատելով, որ շաբաթներ առաջ Հայաստանը ընդունել է Ադրբեջանի 5 սկզբունքային առաջարկները, որի հիման վրա մշակվելու է խաղաղության համաձայնագիրը։ «Եթե այդ համաձայնագիրը ստորագրվի, հիմնված 5 սկզբունքների վրա, ապա Հարավային Կովկասում երկարատև խաղաղություն և կայունություն կհաստատվի», - ընդգծել է Իլհամ Ալիևը։

Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը, ասելով, թե պաշտպանում են այդ գործընթացը, բայց զգուշացրել, որ Հայաստանը պետք է հրաժարվի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և աշխարհի ամենամեծ բանակներից մեկն ունեցող Թուրքիային, վերջ տան բանակը վերականգնելու, հզորանալու և տարածքները հետ բերելու իլյուզիաներին՝ հակառակ դեպքում դա կարող է լինել նրանց պետականության ավարտը, պաշտոնական վերջը, սպառնացել է Ալիևը։

Խաղաղության, համագործակցության խոստումներ և սպառնալիքներ՝ Իլհամ Ալիևից
please wait

No media source currently available

0:00 0:05:42 0:00

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG