Մատչելիության հղումներ

Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը վերապահման ու զիջման ենթակա չէ. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը վերահաստատում է` ընտրել են խաղաղության օրակարգը: Միաժամանակ նա շեշտում է` «արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է»:

Այսօր դատախազության և քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանն Արայիկ Հարությունյանը շեշտել է` Արցախի իշխանություններն ամբողջությամբ հավատարիմ են մնում այն որդեգրած սկզբունքներին, որոնց հիման վրա անցած 30 տարում պետականություն է կառուցվել, հաղորդում են նախագահի աշխատակազմից:

Անդրադառնալով ներքին և արտաքին մարտահրավերներին՝ Արայիկ Հարությունյանն ընդգծել է, որ անկախ բոլոր տեսակի շահարկումներից՝ Արցախի իշխանությունների համար գերակա է մնում Արցախի ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի իրավունքի իրացումն ու պաշտպանությունը սեփական հայրենիքում:

Հարությունյանը օրերս էլ կառավարության նիստում հայտարարել էր, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Նրա խոսքով` ՀՀ վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Սրան նախորդել էր ՀՀ վարչապետ Փաշինյանի ելույթը խորհրդարանում, որի շուրջ աղմուկը դեռ չի դադարում: Փաշինյանը մասնավորապես, ասել էր, թե միջազգային հանրությունը պահանջում է իջեցնել Արցախի կարգավիճակի հարցում նշաձողը: Ապա կառավարության վերջին նիստին հավելեց, թե ղարաբաղյան խնդրում Հայաստանի մարտավարությունն է հասնել այնպիսի լուծման, որ արցախցին ապրի Արցախում և իրեն համարի հայ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG