Որևէ պարագայում Արցախի իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում: Այսօր Հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ հանդիպմանն ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր հայտարարություններին:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օրերս կառավարությունում խորհրդակցություն էր կայացել: Փաշինյանը շեշտել էր` Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման թիվ մեկ շահառուն Արցախն է և Արցախի ժողովուրդը, և որ խաղաղության օրակարգն ամենևին էլ պարտության օրակարգ չէ: Արայիկ Հարությունյանն այդ հանդիպմանն ընդգծել էր ինքնորոշման իրավունքի հարցը` ասելով, որ դրանից շեղվելու որևէ ուղղություն Արցախում չեն տեսնում: