Մատչելիության հղումներ

Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ. Արցախի պետնախարար


«Արցախի իշխանության բոլոր թևերի և ողջ ժողովրդի դիրքորոշումը միանշանակ ու անփոփոխելի է, որ Արցախը երբեք որևէ կերպ չի կարող լինել Ադրբեջանի կազմում», - նշել է Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

«Մենք բոլորս պատրաստ ենք ցանկացած կարճաժամկետ ու երկարաժամկետ զրկանքների ու մարտահրավերների, սակայն մեր ընտրած ճանապարհից երբեք չենք շեղվելու», - նշել է նա:

«Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման իրավունքը գերակա է միջազգային իրավունքի բոլոր մնացած նորմերի ու աշխարհաքաղաքական շահերի հանդեպ: Իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ առնչություն չունի ինքնորոշման իրավունքի հետ, որն, ի դեպ, ընդունվում է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական առաքելությամբ հաստատված Մադրիդյան հայտնի սկզբունքներով, հետևաբար՝ միջազգային հանրության կողմից: Դրան ավելանում է նաև ցեղասպանական քաղաքականության հետևանքների ու գոյաբանական հետագա վտանգների պայմաններում Ադրբեջանի կազմում ապրելու անհնարինության սկզբունքը, որը ևս միջազգային հանրությունը պետք է ճանաչի անվերապահորեն, ինչպես կատարել է, օրինակ, Կոսովոյի պարագայում», - ընդգծել է Բեգլարյանը:

Անցյալ շաբաթ կառավարության նիստի ժամանակ վարչապետը հայտարարեց, որ «2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո չի եղել և չկա Լեռնային Ղարաբաղի կարգավորման ոչ մի նախագիծ կամ սևագիր, որը սեղանի վրա լինի, կամ շրջանառության մեջ դրված լինի»։ Օրեր անց նաև Հարությունյանը Արցախի կառավարության նիստում հայտարարեց, որ Արցախի կարգավիճակի վերաբերյալ այս փուլում որևէ փաստաթուղթ չի քննարկվում՝ նշելով, որ Հայաստանի վարչապետի հետ կա հստակ պայմանավորվածություն, որ Արցախի հետագա կարգավիճակի հետ կապված միջազգային մակարդակում ցանկացած քննարկման պարագայում հայկական կողմի դիրքորոշումը պետք է համաձայնեցված լինի Արցախի իշխանությունների և ժողովրդի կարծիքի հետ:

Իսկ դատախազության և Քննչական կոմիտեի պատասխանատուների հետ հանդիպմանը Հարությունյանը վերահաստատեց` ընտրել են խաղաղության օրակարգը՝ միաժամանակ շեշտելով՝ «արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ։

XS
SM
MD
LG