Մատչելիության հղումներ

«Միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը». վարչապետ


«Կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»

Միջազգային հանրությունը Հայաստանի և Արցախի շուրջ կոնսոլիդացիա կապահովի, եթե Երևանն իջեցնի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում իր նշաձողը, խորհրդարանում այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ուզում է ուղղել անցյալի սխալներն ու հիմա անկեղծ խոսել խորհրդարանի և հանրության հետ Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։

«Այսօր միջազգային հանրությունը մեզ հստակ ասում է՝ լինել աշխարհի միակ երկիրը, որ երկկողմ մակարդակում չի ճանաչում Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, մեծ վտանգ է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի համար: Այսօր միջազգային հանրությունը մեզ կրկին ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ», -ասաց վարչապետը:

Խորհրդարանի ամբիոնից մեկ ժամ տևած իր ելույթում Փաշինյանն այդպես էլ չհստակեցրեց՝ Երևանն ի վերջո համաձա՞յն է միջազգային հանրության առաջարկի հետ՝ իջեցնել կարգավիճակի վերաբերյալ իր սահմանած նշաձողը, թե ոչ։ Սակայն ելույթի մեկ այլ հատվածում խոսելով խաղաղության մասին՝ Փաշինյանը նշեց, որ իր կառավարության մոտեցումն այս հարցին այժմ փոխվել է՝ եթե մինչ այդ կարևորվում էր նախ կարգավիճակը, և անվտանգությունը կապվում էր դրա հետ, ապա այժմ առաջին պլան է մղվում Արցախի անվտանգության և ժողովրդի իրավունքների հարցը, ինչից էլ պետք է բխի կարգավիճակը. «Այլ կերպ ասած՝ մենք արձանագրում ենք, որ կարգավիճակը տվյալ իրադրության մեջ ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգությունն ու իրավունքները»:

Ծավալուն ելույթում Փաշինյանը մի քանի անգամ կրկնեց, որ բանակցային ողջ պատմության ընթացքում՝ անցած 30 տարիներին, միջազգային հանրությունը միանշանակ ճանաչել ու ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ նույնն ակնկալելով նաև Հայաստանից. «Մեղավոր եմ, որ 2018, 2019 թվականներին մեր հանրության առաջ չեմ կանգնել ու չեմ բարձրաձայնել, որ մեր բոլոր, կրկնում եմ բոլոր՝ հեռու և մոտիկ բարեկամները մեզնից ակնկալում են, որ մենք այս կամ այն կոնֆիգուրացիայով Ադրբեջանին հանձնենք 7 հայտնի շրջանները և իջեցնենք Արցախի կարգավիճակի համար մեր սահմանած նշաձողը»։

Այժմ նախկին իշխանությունները բանակցային չստորագրված թղթերում առկա գաղափարները ներկայացնում են որպես հաղթանակ, ասաց Փաշինյանն՝ ավելացնելով, որ Սերժ Սարգսյանն անկեղծ էր, երբ ասում էր, որ Հայաստանը պատրաստ էր զիջել 7 շրջանները։

«Ամենևին էլ չէր չափազանցնում, երբ ասում էր, թե Հայաստանը պատրաստ էր թողնել 7 շրջանները, բայց ամեն անգամ Ադրբեջանն առաջ էր քաշում նորանոր պահանջներ, և որ Ադրբեջանի ակնկալիքներն անիրատեսական են և անընդունելի մեզ համար», - ասաց նա:

Խաղաղության պայմանագրի նախապատրաստման աշխատանքներ իրականացնող ու դելիմիտացիայի հանձնաժողով ստեղծելու համաձայնության տված կառավարության ղեկավարը, այնուամենայնիվ, նշում է, որ չեն բացառում՝ Ադրբեջանը կփորձի այս գործընթացները փակուղի մտցնել՝ դա դարձնելով Հայաստանի ու Արցախի դեմ նոր ագրեսիայի առիթ: Փաշինյանը նաև նկատեց, որ Ալիևի հետ Բրյուսելի հանդիպումից հետո իրեն քննադատում են զորքերի հայելային ետքաշման առաջարկից հրաժարվելու համար, սակայն ըստ նրա՝ այդ առաջարկը նախապայման հայկական կողմից երբեք չի եղել։

«Եվ մենք պարզապես կարծում ենք, որ դելիմիտացիայի բնականոն գործընթաց հնարավոր է միայն այն սահմանների առնչությամբ, որտեղ անվտանգության և կայունության որոշակի մակարդակ կա, ինչը, ցավոք, չենք կարող ասել Հայաստան-Ադրբեջան այսօրվա սահմանի մասին», - նկատեց նա:

Այդ ճանապարհով գնալու դեպքում կհայաթափվի Արցախը, և կունենանք նոր Նախիջևան. Սաղաթելյան

Արցախի հարցում զիջումների համար իշխանությանը մեղադրող ընդդիմությունը Փաշինյանի ելույթի ժամանակ խորհրդարանում չէր, բոյկոտում են նիստը, սակայն Ազգային ժողովի ընդդիմադիր փոխնախագահ, «Հայաստան» դաշինքից Իշխան Սաղաթելյանն ավելի ուշ «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ այս ճանապարհն անընդունելի է իրենց համար։

«Դա նշանակում է, որ մենք վերջնականապես կկորցնենք Արցախը, քանի որ այդ ճանապարհով գնալու դեպքում կհայաթափվի Արցախը, և կունենանք նոր Նախիջևան։ Սա մեզ համար բացարձակ անընդունելի է, որևէ իշխանություն իրավունք չունի գնալու այդ ճանապարհով, դա հայ ժողովրդի, Արցախի և Հայաստանի քաղաքացիների որոշելիքն է», - ասաց ԱԺ փոխնախագահը։

Սաղաթելյանի համոզմամբ՝ Փաշինյանը ցանկանում է գնալ նոր զիջումների, ինչից հնարավոր է խուսափել միայն իշխանափոխության ճանապարհով։ Իսկ ի՞նչ քայլեր կձեռնարկեր «Հայաստան» դաշինքը, եթե հաջողվեր գալ իշխանության հետաքրքրվեցինք ընդդիմադիր պատգամավորից։

«Իրենից բացի, ցանկացած ազգային իշխանություն, որ ծնկի եկած չի թշնամու առջև, ի վիճակի է երկիրն ստեղծված իրավիճակից դուրս բերելու։ Ես դրանում համոզված եմ, մենք ունենք նաև դրա պատմական օրինակը։ Մենք նման խնդրի առջև կանգնած ենք եղել նաև 1998 թվականին, բայց այդ օրվա իշխանությունը խաղաղ ճանապարհով հեռացավ, եկան ուժեր, մարդիկ, ովքեր ապահովեցին խաղաղություն, և առնվազն 20 տարի երկիրը զարգացավ չզիջելով», - նկատեց նա։

Ինչ տեղի ունեցավ 1998 թվականին, այս մասին խոսեց նաև Փաշինյանն իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ընթացքում։ Նրա կարծիքով՝ այն ուժերը, որոնք 98 թվականին իշխանությունից հեռացրին Տեր-Պետրոսյանին՝ փուլային տարբերակով Ղարաբաղի հարցի լուծման գնալու մտադրության համար, 20 տարի անց հանգել են նույն կետին՝ սեղանին թողնելով փուլային կամ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «հիպերփուլային» լուծման տարբերակ։

«Այսինքն՝ փուլային լուծման դեմ իշխանափոխություն անող մարդը եկել, հանգել է նորից փուլային լուծման, այսինքն՝ 98-ի փուլային տարբերակից եկել, հասել ենք 2018-ի հիպերփուլային տարբերակին», - նշեց վարչապետը։

Արցախի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել Փաշինյանի այսօրվա հայտարարությունները։

Իր ելույթին հաջորդած հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը նորից վերադարձավ 2020 թվականի պատերազմը կանխելու հնարավորության հարցին։ Ընդունեց՝ պատերազմը, այո, հնարավոր էր կանխել, այդունքում կլիներ նույն ինչավիճակը, ինչ հիմա է, սակայն առանց զոհերի։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG