Արցախի Վանք գյուղի բնակիչ, թոշակառու տիկին Ալվարդն արդեն 8-րդ օրն է տունը փայտի վառարանով է տաքացնում։ Արցախում գազ չկա, որովհետև Հայաստանից Արցախ գազ հասցնող մայր գազատարի վնասված հատվածը գտնվում է Բաքվի հսկողության տակ, իսկ ադրբեջանական կողմն օրեր շարունակ թույլ չի տալիս, որ «Արցախգազի» աշխատակիցները մոտենան և վերանորոգեն խողովակը։
«Մարտի 8-ից նվեր ենք ստացել... Փայտի վառարան ունենք, վառում ենք, դիմանում ենք։ Ընդհանուր վիճակը ահավոր ա... պատկերացրեք հիվանդանոցները, մանկապարտեզները, բազմանդամ ընտանիքները առանց գազ», - ասում է տիկին Ալվարդը։
Երկօրյա այցով Հայաստանում գտնվող Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը «Ազատությանը» հայտնել է, որ նախորդ շաբաթ ունեցած հեռախոսազրույցներում գազատարի խնդիրը քննարկել է ադրբեջանցի պաշտոնյաների հետ և շարունակում է զբաղվել այս հարցով։
Միջազգային կառույցներին ու հանրությանն է դիմել նաև Արցախի մարդու իրավունքների պաշտպանը։ Գեղամ Ստեփանյանը այսօր տարածած տեսաուղերձում շեշտել է, որ Ադրբեջանի այս գործելաոճի պատճառով Արցախում մարդիկ հումանիտար խնդիրների առաջ են կանգնել, այդ թվում՝ կրթության ու առողջապահության իրավունքի իրացման, պատշաճ ջեռուցման ու տաք ջրի հասանելիության։
«Այո՛, Ադրբեջանն իր ցեղասպան պահվածքով իրականացնում է Արցախի էթնիկ զտման քաղաքականություն։ Իսկ բոլոր մարդիկ, բոլոր կառույցները, որոնք իրապես կարևորում են մարդու իրավունքների պաշտպանությունը, չպետք է անտարբեր մնան։ Մարդու իրավունքները համընդհանուր են և հետևաբար պետք է զերծ լինեն երկակի ստանդարնտներից և տարբերակված մոտեցումներից։ Դիմում եմ ձեզ հույսով, որ կբարձրացնեք ձեր ձայնը և իրական քայլեր կձեռնարկեք ազգելու ադրբեջանական իշխանությունների վրա՝ հորդորելու նրանց զերծ մնալ Արցախի ժողովրդի դեմ ուղղված ատելությունից, անհանդուրժողականությունից և հանցավոր գործողություններից», - տեսաուղերձում հայտարարել է Գեղամ Ստեփանյանը։
Պաշտոնական տվյալներով, 30 հազար բաժանորդ է Արցախում բնական գազից է օգտվում, սա բնակչության ավելի քան 80 տոկոսն է։ Հիվանդանոցների զգալի մասը նույնպես գազով է ջեռուցվում։ Այս օրերին, կառավարությունը փորձում է հոսանքով ցուրտը կոտրել, բայց դա միշտ չէ հաջողվում է, հոսանքն էլ պարբերաբար անջատվում է ծանրաբեռնվածության պատճառով։
Երեկվանից դպրոցներում դադարեցվել են դասերը։ Արցախում նշում են, որ ռուս խաղաղապահների միջնորդությամբ են փորձում բանակցել, բայց թե ո՞ր փուլում են դրանք, Արցախի պաշտոնական որևէ կառույցից մեկնաբանություն ստանալ չհաջողվեց։ Մեր զանգերին պատասխանեց միայն պետնախարարի մամուլի խոսնակ Սամվել Բալայանը։
«Թեև բանակցողը մենք չենք, բայց հույս կա, որ խնդիրը կլուծվի», - ասաց խոսնակը՝ միաժամանակ ընդգծելով, որ հումանիտար խնդիրները գնալով ավելի են սրվում։
Արցախում գործող հացի փռերը հիմնականում գազով էին աշխատում, և դրանց մեծ մասն այսօր չեն աշխատում։
«Հացի առումով կարող եմ փաստել, որ լուրջ խնդիրներ չկան հանրապետությունում, հացի անհրաժեշտ քանակությունն առկա է։ Դրսում այս պահին մինուս մեկ է, ձյուն է տեղում, և ջեռուցման խնդիրները իսկապես մտահոգում են մարդկանց, լուրջ անհանգստություն են պատճառում։ Մենք նույնպես հետևում ենք պաշտոնական հաղորդագրություններին, և կարծում եմ, որ մոտ օրերս հարցը դրական հանգուցալուծում կստանա», - ասաց Բաբայանը։
Երեկ իր հերթին միջազգային կազմակերպություններին ու դիվանագիտական առաքելություններին է երեկ դիմել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը։ Քրիստինե Գրիգորյանի գրասենյակից փոխանցեցին, որ դեռ ոչ մի արձագանք չեն ստացել։