Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու ԵՄ Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգության ու կայունության հարցերի: Հանդիպումը կայացել է Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում:
Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան - Ադրբեջան սահմանագոտում և Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների հետևանքով ստեղծված իրավիճակը: Անդրադառնալով Արցախում հումանիտար իրավիճակին` նախարարը Բորելի ուշադրությունն է «հրավիրել Արցախում քաղաքացիական բնակչության հանդեպ «հոգեբանական ճնշումներ գործադրելու ադրբեջանական կողմի փորձերին և կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների վերականգնման հարցում արհեստական խնդիրներ ստեղծելու փաստերին», հաղորդում է ԱԳՆ-ն։
Արդեն 5-րդ օրն է` արցախցիները զրկված են գազից, Արցախ մտնող միակ գազատարի խողովակը վնասվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում, և Բաքուն օրեր շարունակում արգելում է վերանորոգել այն։
Միրզոյանն ընդգծել է նաև Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց
անվերապահ հայրենադարձման, Լեռնային Ղարաբաղ միջազգային հումանիտար կառույցների անարգել մուտքի ապահովման անհրաժեշտությունը:
Ըստ հաղորդման` Միրզոյանն ու ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան կարևորել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված միջոցառումների իրականացումը:
Նրանք անդրադարձել են նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։
Իր հերթին Եվամիության դիվանագիտության ղեկավարը Թվիթերում գրել է. «Ուրախ եմ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Անթալիայում․ սա պատմական և խորհրդանշական պահ է»։
Բորելը հավելել է․ «Վերահաստատել եմ ԵՄ-ի պատրաստակամությունը փորձով կիսվելու և օգնելու լարվածության թուլացմանը»: