Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։
ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հաղորդում է, որ Միրզոյանը Լավրովին է ներկայացրել ադրբեջանական զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում և Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում «հրադադարի ռեժիմի շարունակական խախտումների և սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով լարվածության թուլացման և միջադեպերի կանխման ուղղությամբ անհրաժեշտ քայլերի իրականացումը»։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանգամանալից մտքեր են փոխանակել ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցության սերտացման և արդյունավետության բարձրացման շուրջ:
Ինչպես նաև անդրադարձ է կատարվել 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքին:
«Կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման խաղաղ բանակցությունների լիարժեք վերսկսումը», - ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները անդրադարձել են Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին:
Հանդիպման ընթացքում, ըստ պաշտոնական հաղորդագրության, Արարատ Միրզոյանը և Սերգեյ Լավրովն նաև անդրադարձել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին, քննարկել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանը վերաբերող հարցեր։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև առկա քաղաքական երկխոսության մակարդակի, բարձր և բարձրագույն մակարդակներում շփումների ակտիվության կապակցությամբ։