Մատչելիության հղումներ

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանը շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել. Լևոն Զուրաբյան


Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանը շատ վտանգավոր իրավիճակում է հայտնվել, կարծում է Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Ըստ նրա` եթե անվտանգության վակուում առաջանա տեղում, ապա այդ վակուումն անմիջապես լրացնելու են Ադրբեջանն ու Թուրքիան:

Ստորև ներկայացնում ենք հատված հարցազրույցից.

«Ազատություն». - Պարոն Զուրաբյան, կարծես, իրականություն են դառնում կանխատեսումները, որ Ադրբեջանն օգտվելու է իրավիճակից, Ռուսաստանն Անդրկովկասով զբաղվելու ժամանակ չունի, և հիմա թեկուզ որոշ առավելությունների հասնելու համար անընդհատ գրոհներ կարող է ձեռնարկել: Երկու օր է` անհանգիստ է սահմանին: Դա նշանակո՞ւմ է, որ եթե Ռուսաստանի գործերը լավ չընթանան, այստեղ` սահմանին, ավելի կբարդանա:

Լևոն Զուրաբյան. - Միանշանակ: Ինձ հայտնի է ուղղակի, որ հայ-թուրքական բանակցություններում, որտեղ հայկական կողմն ակնկալում էր արագ գործընթաց, Թուրքիան արգելակում է, այսինքն` Թուրքիան հիմա սպասողական իրավիճակի մեջ է մտել, և երևի գլխավոր բացատրությունն այն է, որ նրանք դեռևս ուզում են սպասել, տեսնել, թե ինչ կլինի այս ամբողջ պատմության ավարտը, և ըստ դրա արդեն որոշեն` իսկ արժե հայերի հետ ընդհանրապես ինչ-որ պայմանավորվածությունների մեջ մտնել, թե չարժե:

Մենք շատ վտանգավոր իրավիճակի մեջ ենք գտնվում այդ առումով: Ես վստահ եմ, որ եթե այստեղ անվտանգության վակուում ստեղծվի, այսինքն` այն հովանոցը, որը կա, որից մենք կարող ենք դժգոհել, բազմաթիվ պրոբլեմներ տեսնել, ասել, որ այդքան լավ դաշնակից չեն, զենք են ծախում նաև Ադրբեջանին կամ ադեկվատ պատասխաններ չեն տալիս նրանց ոտնձգություններին: Բոլոր այդ բաները լսել ենք, և բնականաբար, նաև արդարացի բաներ կան այդ քննադատության մեջ, բայց ինչքան էլ վատ հովանոց լինի, դա ինչ-որ հովանոց է անվտանգության: Եթե այդ հովանոցը թուլանա կամ ընդհանրապես ընկնի, այդ վակուումն անմիջապես լրացնելու են ադրբեջանցիները և թուրքերը, և սրանում ես որևէ կասկած չունեմ:

«Ազատություն». - Այսինքն` հանե՞ն Ղարաբաղից ռուսական զորքերը, բանը հասնի՞ դրան:

Լևոն Զուրաբյան. - Առայժմ ես չէի ցանկանա արդեն նման գնահատականներ տալ, դա փոքր հավանականություն է դեռ, բայց արդեն այն հանգամանքը, որ ընդհանրապես մենք կարող ենք նման հավանականության մասին խոսել, դա արդեն վտանգավոր է, որ նման զարգացումներ կարող են լինել: Ավելին ասեմ` իսկապես այս գործողությունները, որ գազը կամ իսկապես վթար է եղել, կամ պայթեցրել են, հիմա էլ թույլ չեն տալիս դա վերանորոգել, այդ կրակոցները, այսինքն` չի՞ երևում, որ նրանք գնում են ինչ-որ էսկալացիայի, և այդ էսկալացիան շատ դժվար է բացատրել այլ բառերով, քան ինչ-որ ակնկալիքներ կապված նաև այս ռուսական կամպանիայի հետ:

«Ազատություն». - Հայաստանյան արևմտամետ ուժերն ասում են` ո՞վ է ասել, որ եթե Արևմուտքն անկյուն մղի Ռուսաստանին, քարտ բլանշ է տալու Էրդողանին, Ալիևին, ասի` դե հարձակվեք Հայաստանի վրա, ընդհակառակը` Ռուսաստանի դերակատարումը կնվազի, իրենք այստեղ խաղաղության պահպանման երաշխավորը կդառնան:

Լևոն Զուրաբյան. - Ես մի քիչ կասկածում եմ դրա վրա, որովհետև մենք չպիտի հեքիաթների կամ պատրանքների վրա կառուցենք մեր քաղաքականությունը, մենք պիտի շատ լավ հասկանանք, որ աշխարհի քաղաքականությունը մի քիչ այլ կերպ է աշխատում. ինչքան էլ խոսեն արդարության մասին, միջազգային իրավունքի մասին, այնուամենայնիվ պետություններն անում են այն, ինչ համարում են, որ բխում է իրենց շահերից, այսինքն` ասել, որ օրինակ` Միացյալ Նահանգները պատրաստ է գնալ ռազմական միջամտության (տեսական տարբերակն ենք քննարկում) Թուրքիայի դեմ, եթե Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի միասնական համակարգի անդամ է, ինչ-որ ոտնձգություններ կատարի Հայաստանի տարածքի նկատմամբ կամ օգնի Ադրբեջանին Հայաստանի դեմ սանձարձակված ագրեսիայի ժամանակ, մտածել, որ ԱՄՆ-ն պատրաստ կլինի միջամտել ռազմական առումով, զսպել Թուրքիային ես կարծում եմ, որ դա մի քիչ չափազանցություն կլինի: Առայժմ չի երևում, որ նման բան կարող է բխել Միացյալ Նահանգների շահերից կամ ՆԱՏՕ-ի շահերից:

«

Ազատություն». - Այլ խոսքով` եթե Ռուսաստանն այս պատմության մեջ, պարտվել բառն օգտագործենք, չհաջողի, մեկուսանա, Հայաստանում որևէ լավ բան պետք չէ սպասել:

Լևոն Զուրաբյան. - Ընդհանրապես որևէ լավ բան պետք չէ սպասել որևէ զարգացումից, որովհետև մենք մի իրավիճակի մեջ ենք հայտնվել, ու դա ես համարում եմ 98 թվից հետո մեր կատարած սխալների հետևանքը` Հայաստանի իշխանավորների կողմից վարած քաղաքականության, իրար վրա կուտակած սխալների հետևանքը, մենք հայտնվել ենք մի իրավիճակի մեջ, երբ որ, այնուամենայնիվ, բավականին խոցելի է մեր կայունությունը: Մեր կայունությունն ունի մի քանի չափողականություն, մեկն անվտանգությունն է, մյուսը ֆինանսական կայունությունն է, երրորդը մեր տնտեսական, պարենային անվտանգության հարցերն են, այսինքն` վտանգներից մեկը հետևյալն է, որ եթե երկու ճամբարները հակամարտության մեջ են և մեզ պարտադրում են ընտրություն, դա նշանակում է, որ անվտանգության որևէ բաղադրիչից մենք պիտի հրաժարվենք: Այսինքն` մեզ այդ վիճակի մեջ են դնում, և դա շատ վտանգավոր է, շատ վտանգավոր: Մենք հայտնվել ենք շատ ծանր, վատ վիճակում:

XS
SM
MD
LG