Մատչելիության հղումներ

Վահագն Խաչատրյանը ճիշտ է համարում իշխանության դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում


Հայաստանի ընտրված նախագահ Վահագն Խաչատրյանը, որն առայժմ դեռ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, ճիշտ է համարում կառավարության որդեգրած դիրքորոշումը ռուս-ուկրաինական հակամարտության հարցում։

«Ինչ վերաբերում է քաղաքական մասին, ես գտնում եմ, որ այն կեցվածքը, պահվածքը, այն հայտարարությունները, որ արվում են Հայաստանի իշխանությունների կողմից, ամենաճիշտն են: Ուղղակի մենք բոլորս պիտի հուսանք և հնարավորինս ամեն ինչ անենք, որ իսկապես մեկ օր առաջ պատերազմն ավարտվի: Մենք շատ լավ գիտենք՝ դա ինչ է նշանակում», - ասաց Խաչատրյանը:

Ուկրաինայում ընթացող պատերազմի վերաբերյալ Հայաստանի վարչապետը, արտգործնախարարը կամ այլ բարձրաստիճան պաշտոնյա իրականում մինչ օրս որևէ դիրքորոշում չեն հայտնել, իսկ ՄԱԿ-ում Ռուսաստանի ագրեսիային առնչվող բանաձևին Հայաստանը քվեարկել է ձեռնպահ։ Այնուամենայնիվ, եթե քաղաքական առումով, ըստ Խաչատրյանի, Հայաստանը ճիշտ ուղու վրա է, ապա տնտեսական խնդիրները, որքան էլ կառավարությունը պատրաստվի, կարող են անկանխատեսելի լինել։

«Ոչ մի լավագույն տնտեսագիտական վերլուծություն կամ վերլուծաբան չէր կարող պատկերացնել, որ շատ կարճ ժամանակում մեր ամենամեծ տնտեսական գործընկերը՝ Ռուսաստանը, կարող է հայտնվել այսպիսի լուրջ սահմանափակումների մեջ: Դրանից բխող հետևանքները մենք կանխատեսել, իհարկե, մասամբ կարող ենք, բայց, հավատացնում եմ ձեզ, ամբողջապես՝ չէ: Ուղղակի պետք է մեր համակարգը կարողանանք պատրաստել, հատկապես ֆինանսական համակարգը», - ընդգծեց ընտրված նախագահ Վահագն Խաչատրյանը:

Անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ սննդամթերքի 11 տոկոս գնաճ արձանագրած Հայաստանում ռուս-ուկրաինական պատերազմի ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հետևանքով չեն բացառվում տնտեսական նոր խնդիրները։ Ըստ Խաչատրյանի՝ գործադիրն այս հարցերը քննարկում է։

«Սպասվող հացահատիկի բերք, որ պետք է լիներ Ուկրաինայից, չի լինելու, նույն որոշակի խոչընդոտներ, որ պետք է Ռուսաստանի հետ մեր առևտրային հարաբերությունների առումով կարող են խոչընդոտ լինել, որովհետև առանձին ապրանքատեսակներ մենք բերում էինք Ռուսաստանից: Այսինքն իրավիճակն այնպես է խճճվել այսօր, որ մենք հիմա, կառավարությունում նկատի ունեմ, փորձում ենք այդ կծիկը բացել, հասկանալ, թե մենք ինչ ունեն անելու», - նշեց Վահագն Խաչատրյանը:

Խաչատրյանը Հայաստանում նախագահի պաշտոնը համարում է «ամենապատասխանատու աշխատանքը»

Այս կիրակի նախագահի պաշտոնը ստանձնող Վահագն Խաչատրյանը կառավարությունում որպես նախարար իր վերջին ճեպազրույցում նոր պաշտոնի ու առաջիկա անելիքների մասին հարցերին հրաժարվեց պատասխանել։ Այնուամենայնիվ, նշեց, որ խորհրդարանական Հայաստանում նախագահի պաշտոնը համարում է «ամենապատասխանատու աշխատանքը», ինչպես նաև չհամաձայնեց նախորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ, թե նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ ներքին և արտաքին քաղաքականության գործընթացների վրա ազդելու համար:

«Ես գիտեմ, որ ամենապատասխանատու պաշտոնն է Հայաստանի Հանրապետությունում, Սահմանադրության լրիվ հոդվածները կարդացե՞լ եք, օրինակ, նախագահի վերաբերյալ, գնահատե՞լ եք, թե ինչ լուրջ պաշտոն է դա, ինչ լրջագույն պատասխանատվության տակ է գտնվում է Հայաստանի Հանրապետության նախագահն այս գործող լիազորություններով», - ընդգծեց նա:

Նախագահ դառնալուց հետո ունենալո՞ւ է անկախություն տարբեր ոլորտներում ինքնուրույն գործելու, զբաղվելո՞ւ է արդյոք արտաքին քաղաքականությամբ, հետաքրքրվեցին լրագրողները, բերելով Արմեն Սարգսյանի օրինակը։

«Ես առաջնորդվելու եմ այն ծրագրով, որ կառավարությունն ընդունել է միջազգային հարաբերություններում, որովհետև խոսքը վերաբերում է միջազգային հարաբերություններին: Այլ օրակարգ ես իմ մոտ չեմ կարող ունենալ: Գտնում եմ, որ Հայաստանի Հանրապետության նախագահի օրակարգը հատկապես արտաքին քաղաքականությունում չի կարող այլ լինել, քան կառավարության արտաքին քաղաքականության օրակարգը», - պատասխանեց Խաչատրյանը:

Կիրակի օրը տեղի կունենա նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը, գործադիրը ողջ կազմով կմասնակցի միջոցառմանը։ «Իհարկե, մենք բոլորս կմասնակցենք, այս պահին ուղղակի ցանկացա ընդգծել, որ նախարարի կարգավիճակով ձեր մասնակցությամբ վերջին նիստն է», - հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ո՛չ խորհրդարանական ընդդիմությունը, ո՛չ նախկին նախագահներից որևէ մեկը, սակայն, արարողությանը ներկա չի լինելու, արդյոք նախկին նախագահների բացակայությունը անհանգստացնո՞ւմ է նորընտիր Խաչատրյանին։

«Կարևորը մենք հրավիրել ենք, այդտեղ էլի պարտադրանք չի կարող լինել, հենց մեր երկիրն էլ տարբերվում է նրանով, որ մենք ժողովրդավարական երկիր ենք ու մեր մոտեցումներն էլ են դիմացինների նկատմամբ այդպիսին», - պատասխանեց ընտրված նախագահը:

Հայաստանի պաշտոնաթող երեք նախագահները չմասնակցելու իրենց որոշումը թողնում են առանց մեկնաբանության, իսկ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանի հետ կապ հաստատել չի հաջողվել։

XS
SM
MD
LG