Մատչելիության հղումներ

«Ոչ մի հաճելի բան Ռուսաստանում հիմա չի կատարվում»


Ռուսաստանից երիտասարդ ընտանիքը Երևանում
Ռուսաստանից երիտասարդ ընտանիքը Երևանում

Մոսկվայից օրերս Երևան ժամանած Արտյոմ Դրյոմովը մեկն է այն բազմաթիվ ռուսաստանցիներից, որոնք Ուկրաինայի դեմ պատերազմի ու արևմտյան խիստ պատժամիոցների հետևանքով այս օրերին անորոշ ժամանակով լքում են հայրենիքը։

«Ավելի լավ է մեկ այլ վայրում սպասենք, հնարավոր է նաև զորակոչեն», - ասում է երիտասարդը։ - «Իրադրությունն այնտեղ լարված է։ Մարդիկ դուրս են գալիս բողոքելու, բայց նրանց ձերբակալում են, ոչ մի հաճելի բան Ռուսաստանում հիմա չի կատարվում»։

Դրյոմովը IT ոլորտում է աշխատում, պատժամիջոցների պատճառով Մոսկվայում գործը շարունակելը հիմա շատ բարդ է. Երևանից հեռավար կաշխատի։ Ռուսաստանի դեմ Արևմուտքի օրեցօր խստացող սանկցիաները վերաբերում են նաև բարձր տեխնոլոգիական ոլորտին, արևմտյան կազմակերպությունները մեկ մյուսի հետևից հայտարարում են այդ երկրի շուկան լքելու մասին։

«Մեր բոլոր հաճախորդներին կորցրինք, էլ ոչինչ չեն պատվիրում, հիմա ամեն ինչ բավականին դժվար է, իմ ծանոթների ու ընկերների գործերն էլ լավ չեն։ Մեկից աշխատավարձն են պահում, իջեցնում են կամ ընդհանրապես հեռացնում են», - ասում է Դրյոմովը։

Երևանի փողոցներում այժմ բազմաթիվ ռուսաստանցիների կարելի է հանդիպել։ Ոմանք Դրյոմովի նման մենակ են եկել, մյուսները Երևան են տեղափոխվել ընտանիքներով։ Ռուսաստանի տարբեր քաղաքներից դեպի Երևան թռիչքներն իրար հերթ չեն տալիս։ Միայն այսօր ավելի քան 30 չվերթ էր նախատեսված։

Մարդիկ Ռուսաստանում և' աշխատանքի, և' ֆինանսական գործարքներ կատարելու խնդիր ունեն։ Երևանում նրանց կարելի է տեսնել գրեթե ամենուրեք, այդ թվում՝ բանկերի ու բանկոմատների հերթերում։

Թե քանի ռուսաստանցի է եկել Հայաստան պատերազմի մեկնարկից ի վեր, իշխանությունները դեռ չեն հստակեցնում, սակայն Էկոմոնիկայի նախարարությունից փոխանցում են, որ տարաբնույթ հարցեր ունեցող մարդկանց օգնելու համար արագ արձագանքման աշխատանքային խումբ են ձևավորել։ Գործում է նաև «Րիլոքեյթ Արմենիա» թելեգրամյան ալիքը, որտեղ Հայաստան տեղափոխվող ռուսաստանցիների համար օգտակար տեղեկատվություն կա։

Այսօր «Ազատությանը» հանդիպած բոլոր ռուսաստանցիները IT ոլորտում կամ ֆինանսական համակարգում էին աշխատում։

Դմիտրի Կուզմինը Ռոստովից Երևան է եկել ընտանիքի հետ. - «Երկու օր առաջ ենք եկել, գալու պատճառներից մեկն էլ այս անհանգիստ վիճակն է։ Բացի այդ, վաղուց էինք ցանկանում Երևանում լինել։ Ռուսաստանում մարդիկ տարբեր կարծիքներ ունեն այս ամենի մասին, մեկն ասում է՝ ամեն ինչ նորմալ է, մեկ ուրիշ՝ անհանգիստ է ու հեռանում է»։

Ֆինանսիստ Իլյա Կորնիենկոն այս գիշեր է ժամանել Մոսկվայից, շուտով ընկերուհին էլ կմիանա։ Թե որքան են մնալու Հայաստանում, դեռ չգիտի. - «Եկել եմ, որ աշխատանքի հետ խնդիրներ չլինեն, հոգեկան վիճակս էլ հանգիստ լինի»։

Կորնիենկոն ազգությամբ ուկրաինացի է, հարազատներ ունի և' Ռուսաստանում, և' Ուկրաինայում։ Նա դժվարանում է բառեր գտնել ստեղծված իրավիճակը նկարագրելու համար. - «Անկեղծ չգիտեմ ինչ մտածել, իհարկե, ընկճվում ենք, տխուր է, երկու կողմում էլ բարեկամներ ունեմ, դժվար է»։

Նա դեռ մի քանի օր հյուրանոցում է գիշերելու, զուգահեռ բնակարան է փնտրում, որոնց վարձակալության գները դեպի Երևան մեծ ներհոսքի պատճառով այս օրերին աճել են։

«Պահանջարկը շատ մեծ է», - ասում է անշարժ գույքի գործակալ Անդրանիկ Հարությունովը. - «Մոտ մի 20-30 տոկոս սովորական գներից թանկ են։ Քաղաքացիներ կան, որ իրենց բնակարանի արժեքը փորձում են շատ բարձր դնել՝ ակնկալելով, որ տենց բարձր գներով կվարձեն եկողները, բայց դրանք քիչ են»։

Երևանի ծայրամասային թաղամասերում, օրինակ Նորքի Զանգվածում կամ Շենգավիթում 150 հազար դրամից պակաս վարձով բնակարան գտնելը օնլայն հարթակներում հիմա դժվար է։ Կենտրոնական հատվածներում գները մի քանի անգամ բարձր են։

XS
SM
MD
LG