Մատչելիության հղումներ

Fitch գործակալությունը կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտը


Միջազգային Fitch գործակալությունը կանխատեսում է Ռուսաստանի դեֆոլտը։ Ռուսաստանի իշխանությունները փորձում են պայքարել արևմտյան պատժամիջոցների դեմ և դիմում են Ռուսաստանի նորագույն պատմության համար աննախադեպ միջոցների։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարն այսօր ասել է, թե Միացյալ Նահանգները Ռուսաստանին տնտեսական պատերազմ է հայտարարել։ Սակայն չի հստակեցրել, թե ինչ պատասխան քայլերի է դիմելու ռուսական կողմը։

Ճեպազրույցի ժամանակ Պեսկովին խնդրել են մեկնաբանել ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի երեկվա հայտարարությունն այն մասին, որ Վաշինգտոնի նպատակն է Պուտինի «ռազմավարական պարտությունը»։ Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է որ Միացյալ Նահանգները Ռուսաստանն տնտեսական պատերազմ է հայտարարել, Կրեմլի խոսնակը դրական է պատասխանեց՝ ասելով․ «Այո, դե ֆակտո այդպես է»։

Ճշտող հարցին, թե չպարտվելու ի՞նչ հնարավորություններ ունի Ռուսաստանը ՝ հաշվի առնելով այն փաստը, որ արևմտյան երկրները շարունակում են ընդլայնել հակառուսական պատժամիջոցները, Դմիտրի Պեսկովն ասել է՝ պետք է լավագույն ձևով անել այն, ինչը համապատասխանում է ռուսական շահերին՝ առանց մանրամասնելու, թե կոնկրետ ինչ։

Մոսկվան այս երկու շաբաթվա ընթացքում բազմիցս հայտարարել է, թե նախօրոք պատրաստվել է պատժամիջոցներին և ամեն ինչ անում և անելու սոցիալական ճգնաժամից խուսափելու համար։

Երբ երեկ հայտնի դարձավ, որ Միացյալ Նահանգները նավթային էմբարգո է հայտարարել Ռուսաստանին, Կենտրոնական բանկը այսօրվանից մինչև սեպտեմբերի 9-ը արտարժութային ավանդներից կամ քաղաքացիների հաշիվներից միջոցների օգտագործման նոր կարգ սահմանեց: Այսուհետ քաղաքացիները կարող են իրենց ավանդից կանխիկացնել մինչև 10 հազար դոլար, իսկ մնացած միջոցները հնարավոր կլինի կանխիկացնել միայն ռուբլով՝ օրվա շուկայական փոխարժեքով։

Կենտրոնական բանկի հաղորդագրության մեջ նշված է նաև, որ հաճախորդների բոլոր միջոցները արտարժութային հաշիվներում պահպանվելու են, սակայն դրանց կանխիկացումը սահմանափակվելու է 10 հազար դոլարի չափով, իսկ եթե ավանդը արտահայտված է այլ արժույթով, ապա հաճախորդին ամեն դեպքում բանկը կարող է տրամադրել միայն ԱՄՆ դոլար՝ սահմանված չափով։

Ավելին՝ բանկերին այսօրվանից արգելվել է դոլար վաճառել բնակչությանը. քաղաքացիները կարող են դոլար վաճառել, գնել չեն կարող: Մինչ այդ էլ իշխանությունները արգելել էին 10 հազար դոլարը գերազանցող ցանկացած փոխանցումներն արտերկիր բոլոր ընկերությունների համար, քաղաքացներն էլ արտերկրում ապրող իրենց հարազատներին կարող են փոխանցել միայն հինգ հազար դոլարը չգերազանցող գումար։

Ռուսական ռուբլին, իհարկե, միանգամից արձագանքել է՝ հերթական հակառեկորդը սահմանելով։ Դոլարն այսօր բորսայում արդեն 127 ռուբլի է։ Երեկ Ռուսաստանում գործունեությունը կասեցնելու մասին հայտարարել են ռուսաստանցիների համար Արևմուտքի խորհրդանիշ համարող ընկերությունները ՝ McDonald's-ը, Coca-Cola-ն և Starbucks։

McDonald's-ը հայտարարել է Ուկրաինա զինված ներխուժման պատճառով Ռուսաստանում արագ սննդի բոլոր 850 ռեստորանների գործունեության ժամանակավոր դադարեցման մասին։ Ցանցի 62 հազար աշխատակից դեռ կշարունակի աշխատավարձ ստանալ, Այս մասին հայտնում է McDonald's-ի մամուլի ծառայությունը, հավելելով, թե ընկերությունը դեռ չգիտի, թե երբ կկարողանան վերականգնել բիզնեսը Ռուսաստանում, և խոստացել են ուշադիր հետևել հումանիտար իրավիճակին երկրում։

Ռուսաստանցիների մեծ մասը պատերազմի հետևանքները կսկսի զգալ արդեն առաջիկա շաբաթներին. վերլուծաբաններ

Վերլուծաբանները նշում են, թե շարքային ռուսաստանցիների մեծ մասը պատերազմի կործանարար հետևանքները կսկսեն զգալ արդեն առաջիկա շաբաթներին։

Ռուսաստանի երբեմնի ամենահրուստ մարդը՝ «Յուկօս»-ի նախկին սեփականատեր, Պուտինի կոշտ ընդդիմախոս Միխայիլ Խոդորկովսկին «Ազատության» ռուսական ծառայության տված հարցազրույցում ասել է, թե պատժամիջոցները շատ ծանր հարված կհասցնեն սպառողական շուկային։ Այն պաշարները, որոնք եղել են խանութներում, իսկ հիմա թանկանում են, շատ սահմանափակ են և մեկ-երկու շաբաթից կվերջանան։ Մթերք ներկրող ընկերությունները, սուպերմարկետները գնումները կկատարեն բոլորովին նոր պայմաններում:

«Քաղաքացիները կտեսնեն խելահեղ թանկացումներ։ Մոսկվացի ընկերս ինձ գրեց. երկար տարիների ընթացքում առաջին անգամ նա տեսավ խանութ առանց գնապիտակների. դու ընտրում ես ապրանքը, և հետո վաճառողը պարզում է, թե որն է գինը։ Մեկ-երկու շաբաթվա ընթացքում դա կստիպի Ռուսաստանի հասարակության շատ ավելի մեծ հատվածին մտածել, թե ինչ է իրականում կատարվում», - նշել է Խոդորկովսկին։

Դե իսկ մինչ այդ իշխանությունները բոլոր հարթակներից հայտարարում են, թե ռուսաստանցիների գերակշիռ մասը աջակցում է Պուտինին և իշխանություններին, իսկ բողոքողները կամ երկիրը լքողներն ընդամենը փոքրաթիվ մտավորականներն են։

Այսօր շարքային մոսկվացիների մի մասն ասում է, թե իրենց դոլար պետք չէ և որ նրանք քաղաքականությանը չեն հետևում:

«Համարում եմ, որ Կենտրոնական բանկը ճիշտ է արել։ Իսկ մեր ինչին է պետք դոլարը», - նշեց ռուսաստանցիներից մեկը:

Վերլուծաբանները միակարծիք են, որ ռուսաստանցիների մի մասի համար, հատկապես ռեգիոններում ապրողների համար պատերազմի իսկական դեմքը հասկանալի կլինի, երբ նրանց մի զգալի մասը պատժամիջոցների հետևանքով կորցնի աշխատանքը և խանութներից անհետանա արդեն սովորական դարձած ապրանքը, իսկ մթերքն էլ էապես թանկան։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG