Մատչելիության հղումներ

«Մենք ոչ մի վատ մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ». Վլադիմիր Պուտին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը

Ռուսաստանի նախագահն այսօր դիմել է հարևան երկրներին` հավաստիացնելով, թե նրանց հանդեպ Մոսկվան չար նպատակներ չունի: Փորձելով հանգստացնել այդ երկրների իշխանություններին՝ Պուտինը միաժամանակ զգուշացրել է, որ նրանք չմիանան Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներին:

«Մենք ոչ մի վատ մտադրություն չունենք մեր հարևանների նկատմամբ, դա մենք միշտ ասել ենք: Նաև խորհուրդ կտամ չսրել իրավիճակը, որևէ սահմանափակում չմտցնել», - հայտարարել է Ռուսաստանի նախագահը։

Պուտինի այս հայտարարությունը հնչում է Արևմուտքի կողմից օր-օրի խորացող մեկուսացման և անգամ դաշնակիցների շրջանում նկատվող պասիվության ֆոնին: Երկու օր առաջ, երբ ՄԱԿ-ում քվեարկության էր դրվել Ռուսաստանին դատապարտող բանաձևը, 193 անդամ երկրներից 141-ը կողմ էին քվեարկել, 35 -ը` ձեռնպահ: Ռուսաստանին պաշտպանել էր միայն հինգ երկիր։

Մամուլն այս օրերին հաճախ է անդրադառնում այս հարցին՝ նկատելով, որ Ռուսաստանը Բելառուսի առաջնորդ Լուկաշենկոյից, Սիրիայի նախագահ Ասադից ու Վենեսուելայի ղեկավար Մադուրոյից բացի այլ դաշնակիցներ չունի: Ընդ որում, բոլոր նրանք ընդգրկված են Արևմուտքի պատժամիջոցների ցանկում:

Արդեն ավելի քան մեկ շաբաթ շարունակվող պատերազմը դադարեցնելու համար երեկ Ուկրաինայի նախագահը հորդորել էր Պուտինին դեմ առ դեմ հանդիպում անցկացնել:

«Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից». Զելենսկին՝ Պուտինին

«Ի՞նչ ես ուզում մեզնից, հեռացիր մեր երկրից: Հիմա չես ուզում հեռանալ, արի նստենք բանակցությունների սեղանի շուրջ: Ես ազատ եմ, նստիր ինձ հետ, միայն թե ոչ 30 մետր հեռու, ինչպես Մակրոնին, Շոլցին և մյուսներին ես դիմավորում: Ես հարևան եմ, խոսիր ինձ հետ», - Ռուսաստանի նախագահին կոչ է արել Զելենսկին։

Այսօր, սակայն, Պուտինի խոսնակը հայտարարել է, թե բանակցություններն ընթանում են այլ ձևաչափով, նախագահների միջև հանդիպման կարիք դեռևս չկա: Մոսկվան նաև պնդում է, թե մտադիր է շարունակել և ավարտին հասցնել Ուկրաինայում սկսված «հատուկ գործողությունը», բայց այդ երկիրը օկուպացնելու մտադրություն չունի։

Արևմուտքը հակառակն է պնդում և ամեն օր նոր՝ Ռուսաստանի տնտեսության համար կործանարար պատժամիջոցներ սահմանում։ Ռուսաստանում գործող տասնյակ արևմտյան ընկերություններ արդեն հայտարարել են հեռանալու մասին։

Առաջիկա ամիսներին մասնագետները կանխատեսում են նաև գործազրկության կտրուկ աճ

Տնտեսագետները գրում են, թե վերջին զարգացումների պատճառով Ռուսաստանի տնտեսությունը հայտնվելու է աղետալի վիճակում, նույնիսկ դեֆոլտից են խոսում։ Պատերազմական գործողությունների մեկնարկից ի վեր ռուբլին կտրուկ արժեզրկվել է, բացի այդ առաջիկա ամիսներին, եթե ոչ շաբաթներին մասնագետները կանխատեսում են նաև գործազրկության կտրուկ աճ։ Ռիսկերն, իհարկե, դեռ հաշվարկված չեն, սակայն Ռուսաստանից հեռանալու մասին ամեն մի ընկերության հայտարարություն նշանակում է, որ մարդիկ կորցնելու են իրենց աշխատանքը:

Բիզնեսի արտահոսքը զսպելու համար կառավարությունը հայտարարել է, թե հեռացողները կկորցնեն բոլոր ակտիվները Ռուսաստանի տարածքում: Բացի այդ, պաշտոնյաները նաև առաջարկում են փոփոխություններ մտցնել` սեփական արտադրողներին ու աշխատողներին պաշտպանելու համար: Օրինակ՝ մարդու իրավունքների խորհրդի անդամ, Ազգային հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար Կիրիլ Կաբանովն առաջարկել է գործազրկության աճը կանխելու համար արգելել միգրանտներին աշխատել Ռուսաստանում։

Կրեմլը փորձում է սահմանափակել անկախ մամուլի և կազմակերպությունների աշխատանքը

Կրեմլը ողջ ուժով փորձում է նաև սահմանափակել անկախ մամուլի և կազմակերպությունների աշխատանքը: Երեկվանից մասամբ կամ ամբողջովին արգելափակվել են «Ազատության» բոլոր կայքերը, BBC-ին, «Մեդուզա»-ն, դադարեցրել է իր գործունեությունը «Էխո Մոսկվին», «Դոժդ» հեռուստաընկերությունը:

Ավելին՝ Ռուսաստանի դպրոցներում երեկ, օրինակ, ուկրաինական իրադարձություններին նվիրված հատուկ դասեր են տվել միջին և բարձր դասարանցիներին։ Դե իսկ թե ինչպես պետք է քաղաքացիները մտածեն ուկրաինական իրադարձությունների մասին, այսօր ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն, ով արդարացնելով ռուսական հարձակումը Ուկրաինայի հանդեպ, պնդել է. «Եթե չլիներ ռուսական հատուկ օպերացիան, ՆԱՏՕ-ն Ուկրաինայի տարածքում պատերազմ կսկսեր առաջին հերթին Լուգանսկի ու Դոնեցկի դեմ»:

Ռուսաստանի Պետդուման էլ այսօր արագացված ռեժիմով օրինագիծ է ընդունել, որը խոշոր տուգանքներ և մինչև 15 տարվա ազատազրկում է նախատեսում ռուսական բանակի մասին իշխանությունների կարծիքով կեղծ տեղեկություն տարածելու համար։ Պետդուման օրինագիծն ընդունել է միաձայն։

Բացի այդ, իրավապահները պարբերաբար սպառնում են օրենքի ողջ խստությամբ պատժել չարտոնված ցույցերի մասնակիցներին: Անցած շաբաթվա ընթացքում արդեն իսկ հարյուրավոր մարդիկ են ձերբակալվել` պատերազմի դեմ բողոքի ցույցեր անցկացնելու համար:

Չնայած իշխանության զգուշացումներին` անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին և նրա թիմակիցները կոչ են արել ռուսաստանցիներին այս կիրակի դուրս գալ իրենց քաղաքների գլխավոր հրապարակ։ Մոսկվայում նման բողոքի ակցիա պետք է անցնի Կրեմլին հարող Մանեժնայա հրապարակում։ Մոսկվայի քաղաքապետարանը չի արտոնել պատերազմի դեմ անցկացվելիք ակցիաները՝ կորոնավիրուսի համաճարակի պատճառաբանությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG