Մատչելիության հղումներ

Արևմտյան պատժամիջոցները ծանր հարված են հասցնում Ռուսաստանի տնտեսությանը


Հերթեր Alfa Bank-ի բանկոմատից կանխիկ գումար վերցնելու համար, Մոսկվա, 27 փետրվարի, 2022թ.
Հերթեր Alfa Bank-ի բանկոմատից կանխիկ գումար վերցնելու համար, Մոսկվա, 27 փետրվարի, 2022թ.

Արտարժույթը՝ մեծ դեֆիցիտ

Ուկրաինայում Ռուսաստանի վարած պատերազմի 8-րդ օրն է: Պատժամիջոցների նորանոր փաթեթներ են ընդունվում, դրանք արդեն սկսել են ուղղակի ազդել Ռուսաստանի տնտեսության վրա: Մոսկվայի բորսայում 1 ամերիկյան դոլարի գինը գերազանցել է 118 ռուբլին, 1 եվրոն վաճառվում է 125 ռուբլով: Ընդ որում, խոսքն աբստրակտ թվերի մասին է, քանի որ ռուսաց մայրաքաղաքում հիմա գրեթե անհնարին է դոլար և եվրո գտնել դրանց «ֆիզիկական տեսքով»՝ որպես թղթադրամ:

Ավելի ճիշտ, ինչպես միշտ եղել է դեռ սովետական ժամանակաշրջանում՝ հնարավոր է, սակայն ավելի բարձր կուրսով, օրինակ, 1 դոլարը՝ 140-ից մինչև 160 ռուբլով:

Ռուսաստանի Կենտրոնական բանկը կարգադրել է բորսայում արտարժույթ գնող ֆիզիկական անձանցից գանձել գումարի առնվազն 30 տոկոսը: Գլխավոր դրամատունը պնդում է, թե այդ քայլին է դիմել բանկերի և բրոկերների համար հավասար պայմաններ ապահովելու նպատակով:

Մինչդեռ, ռուսաստանյան БКФ բանկի (Банк Корпоративного Финансирования, ունի սահմանափակ պատասխանատվության ընկերության կարգավիճակ) վերլուծական բաժնի ղեկավար Մաքսիմ Օսադչին ասել է, թե գլխավոր դրամատունն այդ որոշումն ընդունել է Ռուսաստան եվրո փոխանցելու և վաճառելու արգելքի կապակցութամբ, քանի որ ազգային տարադրամը՝ ռուբլին հայտնվել է չափազանց ծանր ճնշման տակ:

Ռուսներին կարող են ամբողջությամբ անջատել SWIFT -ից

Մեծ Բրիտանիան հայտարարել է Ռուսաստանի բոլոր բանկերը SWIFT միջազգային վճարային համակարգից անջատելու անհրաժեշտության մասին:

Արտաքին գերատեսչության ղեկավար Լիզ Թրասն ասել է, որ այդ առաջարկը կքննարկի «Մեծ յոթնյակի» երկրների արտգործնախարարների առաջիկա ժողովում:

Մյուս լուրը բառիս բուն իմաստով համաշխարհային բնույթ ունի՝ Համաշխարհային բանկն անհապաղ, հենց այս օրվանից դադարեցնում է իր բոլոր ծրագրերը Ռուսաստանում և Բելառուսում:

ԵՄ-ն էներգետիկայի հարցում նվազեցնելու է կախվածությունը ռուսներից

Եվրոպական միությունը ծրագրում է նոր քայլեր, որոնք կիրականացվեն, եթե Մոսկվան շարունակի սրել կոնֆլիկտը:

Եվրոպան, մասնավորապես, մտադիր է արագ քայլերով նվազեցնել կախվածությունը ռուսական էներգակիրներից:

Այդ մասին այսօր Բուխարեստում Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանեսի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

Ուրսուլա ֆոն դեր Լայեն
Ուրսուլա ֆոն դեր Լայեն

«Ի լրումն Ուկրաինային մեր անսական աջակցության, մենք արձագանքում ենք նաև Ռուսաստանի ղեկավարության դեմ հուժկու սանկցիաներով: Մեր նպատակն է զրկել Կրեմլին հարևաններին պատերազմներ հայտարարելու ունակությունից: Այդ պատճառով ենք սահմանում աննախադեպ պատժամիջոցները: Դրանց երեք ալիքներն արդեն ազդել են Ռուսաստանի տնտեսության վրա, հիմա մենք նախապատրաստում ենք հաջորդ քայլերը, որոնց կդիմենք, եթե իրավիճակը գետնի վրա վատթարանա», - ասել է Եվրոպական հանձնաժողովի նախագահը:

Նրա փոխանցմամբ, միությունը դիվերսիֆիկացնում է էներգակիրների աղբյուրները, ընթացիկ ջեռուցման սեզոնն ապահովելու համար ավելացնում է հեղուկ գազի ներկրումը, կրկնապատկում է վերարտադրվող էնեգրիայի ծավալն, ինչը Ռուսաստանից կախվածությունը նվազեցնելու լավագույն միջոցն է:

«Եվրամիությունը պետք է անկախանա ռուսական նավթից, գազից և ածխից», - ասել է Ուրսուլա ֆոն դեր Լայենը:

«Նպատակը՝ Ռուսաստանի տնտեսությունը դարձնել հաշմանդամ»

Բրիտանիայի արտգործնախարար Լիզ Թրասն այսօր Վիլնյուսում է, որտեղ հանդիպել է Լիտվայի, Լատվիայի և Էստոնիայի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ:

Լիզ Թրաս
Լիզ Թրաս

«Ինչպես ասացի, մենք պետք է այնպես անենք, որ Ռուսաստանի տնտեսությունը դառնա հաշմանդամ, և չկարողանա ֆինանսավորել Պուտինին ու նրա պատերազմի մեքենան: Եվ ես ենթադրում եմ, որ ռուս ժողովուրդն ինքը հետո եզրակացություն կանի», ասել է Լիզ Թրասը:

«Կարծում եմ, մեզ այս պահին պետք են նույնիսկ ավելի կոշտ սանկցիաներ, չի կարելի բացառել նաև պատժամիջոցներ նավթի ու գազի ոլորտների նկատմամբ», - ասել է Լատվիայի ԱԳ նախարար Էդգարս Ռինկևիչսը:

«Ուկրաինան եվրոպական երկիր է և այս պահին Եվրոպայում պայքարում է եվրոպական արժեքների համար, Էստոնիան միշտ կսատարի Ուկրաինայի տրանսատլանտյան ձգտումները և Եվրամիության անդամության իրավունքը»,- ասել է Էստոնիայի ԱԳ նախարար Էվա-Մարիա Լիմետսը:

«Հիմա ռուսները շատ մոտ են ՆԱՏՕ-ի սահմաններին, նրանք ներգավվել են անկախ պետության՝ Ուկրաինայի դեմ չպատճառաբանված պատերազմի մեջ, ՆԱՏՕ-ն դաշինք է, այն ոչ միայն քաղաքական ուղերձներ է հղում, այն նաև կոնկրետ գործիք է, որը կարող է կիրառվել պաշտպանվելու համար»,- ասել է Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը:

Շարքային ռուսին 125 գրամ հաց, օլիգարխին 600 միլիոն եվրոյով զբոսանավ

Իսկ ահա կոնկրետ թիրախավորված որոշումներ. Գերմանիայի իշխանությունները կալանքի տակ են առել ռուսաստանցի միլիադրդատեր Ալիշեր Ուսմանհովի շքեղ զբոսանավը, «Դիլբար»-ը, որը նորոգման համար անցյալ տարվա հոկտեմբերից կայանված է Համբուրգի նավահանգստում:

«Դիլբար»-ը միլիարդատիրոջ մայրիկի անունն է: Ուսմանովն այն գնել է 2016 թվականին Lurssen գերմանական նավաշինական ընկերությունից 600 միլիոն եվրոյով:

Ընկերությունհը 4 տարի է կառուցել այդ գեղեցիկ և գերարդիական նավը: Ուսմանովը 5 քանի տարի առաջ ասել է. «Ռուս ժողովուրդը չի զիջի, ի՞նչ սանկցիաներ, նորմեր, իրավունքներ, մեր նորմն է օրական 125 գրամ հաց և հաղթելու իրավունք, դա է մեր պատասխանը սանկցիաներին»:

Ճապոնիան հայտարարել է ռուս օլիգարխների ակտիվները սառեցնելու մասին: Այս ֆրոնտից ևս մեկ հետաքրքիր լուր՝ Ֆրանսիայի մաքսատունն անցած գիշեր կալանքի տակ է վերցրել Amore Vero զբոսանավը, որը պատկանում է մի անանուն ռուս օլիգարխի: Այդ մասին հայտնել է Ֆրանսիայի ֆինանսների նախարար Բրյունո Լը Մեռը:

Բրիտանիան, իր հերթին, պատրաստվում է բռնագրավել ռուսաստանցի 9-ը օլիգարխների սեփականությունը: Նրանց թվում է «Սիբուր» ընկերության վարչության անդամ Կիրիլ Շամալովը, ով, պաշտոնապես չհաստատված տեղեկությունների համաձայն, նախկինում ամուսնացած էր Վլադիմիր Պուտինի ենթադրյալ դստեր Եկատերինա Տիխոնովայի հետ: Սանկցիաների իրագործումը շարունակվում է:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG