Մատչելիության հղումներ

«Ապառազմականացում, Ղրիմի, Դոնբասի ճանաչում»․ Պուտինը Մակրոնի հետ հեռախոսազրույցում կրկնել է իր պահանջներն Ուկրաինային


«Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպում Ֆրանսիայում, դեկտեմբեր, 2019թ․
«Նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպում Ֆրանսիայում, դեկտեմբեր, 2019թ․

Պուտինը երեկ Մակրոնի հետ հեռախոսազրույցում ևս մեկ անգամ կրկնեց Ուկրաինային ուղղված իր պահանջները՝ ապառազմականացում, Ղրիմի և Դոնբասի ճանաչում։

«Նա ցանկանում է, որ Ուկրաինան հրաժարվի ոչ միայն ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարից, այլև բանակից», - հղում անելով Ելիսեյան պալատին՝ գրել է ֆրանսիական մամուլը։

Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հերթական հեռախոսազրույցը կայացել է Ֆրանսիայի կողմի նախաձեռնությամբ՝ մարտի 6-ին։

Ելիսեյան պալատի տվյալներով՝ հեռախոսազրույցի ժամանակ Պուտինն ասել է, թե ատոմակայանների վրա հարձակումներ իրականացնելու մտադրություն Մոսկվան չունի։ Մակրոնն էլ կրկնել է Ֆրանսիայի և միջազգային հանրության մեծ մասի պահանջը՝ դադարեցնել ռազմական գործողություններն Ուկրաինայու։

Պուտինը նորից պնդել է, թե ռուսական զորքերը չեն հարձակվում քաղաքացիական ենթակառուցվածքների և քաղաքացիական անձանց վրա, բացի այդ կրկնել, որ կդադարեցնի ռազմական օպերացիան միայն այն դեպքում, եթե դադարի Ուկրաինայի դիմադրությունը, և որ նա վճռական է տրամադրված՝ հասնելու իր պահանջներին՝ կա՛մ բանակցությունների, կա՛մ ռազմական ճանապարհով։

«Այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հսկայական գին կունենա Ուկրաինայի և Ռուսաստանի համար»

Ֆրանսիայի նախագահը հեռախոսազրույցի ժամանակ ասել է, թե այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, հսկայական գին կունենա ոչ միայն Ուկրաինայի, այլև Ռուսաստանի համար։

Մակրոնը ևս մեկ անգամ պահանջել է Ռուսաստանից՝ պահպանել միջազգային իրավունքը։ Ֆրանսիայի հանրապետության ղեկավարն իր զրուցակցին հիշեցրել է, որ նախագահ Զելենսկին պատրաստ է հանդիպել իր հետ։ Պուտինը, սակայն, Զելենսկիի հետ հանդիպելու պատրաստակամություն Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ չի հայտնել։

Հիշեցնենք, վերջին օրերին իրավիճակն Ուկրաինայում Պուտինը քննարկել է նաև Իսրայելի, Գերմանիայի և Թուրքիայի ղեկավարների հետ։ Արևմուտքը ուժեղացնում է ֆինանսական և տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա․ ամեն օր հայտարարվում են նոր պատժամիջոցներ, սակայն Արևմուտքը հրաժարվում է Ուկրաինային ռազմական օգնություն տրամադրել՝ փակելով, օրինակ, ուկրաինական օդը, ինչն իր հերթին պահանջում է Ուկրաինայի նախագահը։

Երեկ Մակրոնը, ֆրանսիական աղբյուրների համաձայն, Պուտինի հետ հեռախոսազրույցում, ևս մեկ անգամ ընդգծել է, թե ո՛չ Ֆրանսիան, ո՛չ Եվրամիությունը չեն պատերազմում Ռուսաստանի հետ։ Միևնույն ժամանակ, երեկ Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաստատել է, որ Վաշինգտոնը և Վարշավան քննարկում են Ուկրաինային մարտական օդանավեր փոխանցելու հնարավորությունը՝ հավելելով, թե Վաշինգտոնը չի առարկի, եթե ՆԱՏՕ-ի այլ անդամներ նույնպես օդանավեր տրամադրեն։

XS
SM
MD
LG