Մատչելիության հղումներ

Պատժամիջոցների ենթարկված օլիգարխները մտահոգություն են հայտնում պատերազմի կապակցությամբ


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և մեծահարուստ Օլեգ Դերիպասկա, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և մեծահարուստ Օլեգ Դերիպասկա, արխիվ

Արևմտյան երկրների պատժամիջոցների թիրախում հայտնված ռուսաստանցի օլիգարխներն իրենց մտահոգությունն են արտահայտում Ուկրաինայում շարունակվող պատերազմի կապակցությամբ։

Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ սերտ հարաբերություններով հայտնի մեծահարուստ Օլեգ Դերիպասկան, մասնավորապես, նախօրեին Թվիթերում հայտարարել է, որ օր առաջ պետք է խաղաղություն հաստատվի։ Ռուսաստանցի միլիարդատերը, սակայն, իր համառոտ գրառման մեջ խուսափել է կիրառել պատերազմ եզրույթը, որը Ռուսաստանի իշխանություններն արգելում են հիշատակել Ուկրաինայում շարունակվող ռազմական գործողությունների մասին խոսելիս։ «Մեզ խաղաղություն է պետք հնարավորինս շուտ, քանի որ մենք արդեն հատել ենք անդառնալիության կետը։ Ամբողջ աշխարհն այլ կլինի, Ռուսաստանը նույնպես այլ կլինի», - Թվիթերում գրել է Դերիպասկան։

Ռուսաստանցի մեկ այլ խոշոր գործարար՝ Վլադիմիր Լիսինը․ Նովոլիպեցկի մետաղագործական գործարանի աշխատակիցներին ուղղված հայտարարության մեջ իր ցավակցությունն է հայտնել Ուկրաինայում հակամարտության զոհերի ընտանիքներին՝ ընդգծելով, որ մարդկային զոհերը հսկայական ողբերգություն է, որն անհնար է արդարացնել։ Լիսինը Նովոլիպեցկի մետաղագործական գործարանի նախագահն է և ընկերության հիմնական բաժնետերը։ Իր հայտարարության տեքստում նա անհասցե կոչ է արել խաղաղ դիվանագիտական ջանքեր գործադրել հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ և հույս է հայտնել, որ այն շուտափույթ կկարգավորվի։

Ռուսաստանցի մեծահարուստ գործարար Օլեգ Տինկովն անցած օրերին հայտարարել է, որ այլևս միլարդատեր չէ, քանի որ խոշոր գումար է կորցրել իր և Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների հետևանքով։ Նա նաև լրագրողներին խնդրել է իրեն այլևս օլիգարխ չանվանել։ Անցած շաբաթ Տինկովը, ևս երեք ռուսաստանցի միլիարդատերեր՝ Միխայիլ Ֆրիդմանը, Պյոտր Ավենը և Ալեքսեյ Մորդաշովը, որոնք արևմտյան «սև ցուցակներում» են, հրապարակավ կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները:

Չուկոտկայի նախկին նահանգապետ, միլիարդատեր Ռոման Աբրամովիչը պատերազմի մեկնարկից մի քանի օր անց հայտարարել է իրեն պատկանող լոնդոնյան «Չելսի» ֆուտբոլային ակումբը վաճառելու մտադրության մասին։ Այս որոշումը հաջորդել է Մեծ Բրիտանիայի իշխանությունների հայտարարություններին, որոնք սպառնում են կալանավորել ռուս մեծահարուստների բրիտանական անշարժ գույքը և շքեղ ու գերթանկ զբոսանավերը։ Աբրամովիչը խոստացել է ակումբի վաճառքի ամբողջ հասույթն ուղղել Ուկրաինայի պատերազմի հետևանքների վերականգնման նպատակով ստեղծվող բարեգործական հիմնադրամին։ Բացի այդ, անցած օրերին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող գործարարը ներգրավված է ռուս-ուկրաինական բանակցություններում, իսրայելական Jerusalem Post թերթի տվյալներով՝ Կիևի խնդրանքով։ Ինչ լիազորություններ ունի Աբրամովիչն այդ գործընթացում, հայտնի չէ։ Մոսկվան ու Կիևը չեն մեկնաբանում տեղեկությունը։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի հարձակմանն ի պատասխան՝ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ընդհանուր առմամբ 22 ռուսաստանցի օլիխարխների և նրանց ընտանիքների անդամների նկատմամբ, Մեծ Բրիտանիայի իշխանությունները թիրախավորել են 10 ռուսաստանցի մեծահարուստների՝ խոստանալով այդ ցանկը առաջիկայում շեշտակի մեծացնել։

Մարտի 3-ին Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ևս երեք ռուս գործարարի անուն է ներառել պատժամիջոցների ցուցակում՝ ընդհանուր թիվը հասցնելով 19-ի։

Նախօրեին ռուսաստանցի օլիգարխների դեմ պատժամիջոցներ սահմանեց նաև Կանադան։ Վարչապետ Ջասթին Թրյուդոն «սև ցուցակում» հայտնված 10 ռուսաստանցիներին անվանել է Ուկրաինա ներխուժման մասնակից։ Կանադայի ղեկավարը տեղեկացրել է, որ պատժամիջոցի ենթարկված անձանց անունները վերցվել են ռուսաստանցի բանտարկված ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի կազմած ցուցակից։

Արևմտյան պատժամիջոցների ցանկում հայտնված ռուսաստանցի մեծահարուստներից շատերը հարստություն են դիզել և քաղաքական ազդեցություն կուտակել Վլադիմիր Պուտինի օրոք, թեև այդ դասակարգը Ռուսաստանում սկսել էր ձևավորվել դեռևս 90-ականների սկզբներին։ Խորհրդային կարգերի փլուզման և կապիտալիստական կարգերի հաստատման ընթացքում կարճ ժամանակահատվածում ռուսաստանցի մի շարք գործարարներ սկսեցին ձեռք բերել հսկայական կապիտալ, հետագայում էլ մեծ ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների ընդունման հարցում։

Իշխանությունը չի էլ թաքցնում իր մտերմությունն այդ օլիգարխներից շատերի հետ, ոմանք նույնիսկ պետական պաշտոններ են զբաղեցնում։ Օրինակ՝ Ռուսաստանից դեպի բռնակցված Ղրիմ ձգվող կամուրջը, որի բացման արարողությանն անձամբ ներկա էր նախագահ Պուտինը, կառուցել է նրա մտերիմ ընկերներից մեկին՝ Արկադի Ռոտենբերգին պատկանող ընկերությունը, իսկ բեռնատարը, որով Կրեմլի ղեկավարը հատել էր նորակառույց կամուրջը, արտադրվել էր Պուտինի մեկ այլ օլիգարխ ընկերոջ՝ Սերգեյ Չեմեզովի գլխավորած «Ռոստեկ» պետական կորպորացիայի կողմից:

XS
SM
MD
LG