Մատչելիության հղումներ

Շուկայում տատանումները ժամանակավոր են, քաղաքացիները անհանգստանալու կարիք չունեն. ԿԲ


«Սրանք դեռ ծաղիկներն են, փշերը մենք տեսնելու ենք ավելի ուշ»

Ռուսական ռուբլուն զուգահեռ հայկական դրամը ևս վերջին օրերին արժեզրկվում է մյուս հիմնական արտարժույթների՝ դոլարի, եվրոյի, բրիտանական ֆունտի նկատմամբ։

Եթե մեկ շաբաթ առաջ բանկերից ամերիկյան մեկ դոլար կարելի էր ձեռք բերել 485 դրամով, ապա այսօր այն արժե ավելի քան 513 դրամ։ Նույն ժամանակահատվածում եվրոն թանկացել է ավելի քան 20 դրամով՝ դառնալով 566 դրամ։

Կենտրոնական բանկը 90-ականներին ղեկավարած Բագրատ Ասատրյանի կարծիքով՝ պատճառը ստեղծված իրավիճակով պայմանավորված մարդկանց բնական անհանգստությունն է ու դրա հետևանքով ակտիվացած դրաման փոխանակումները։ Տնտեսագետն ասում է՝ Հայաստանի թիվ մեկ առևտրային գործընկեր Ռուսաստանի դեմ պատժամիջոցների իրական բացասական հետևանքները դեռ առաջիկայում իրենց զգացնել կտան։

«Ընդ որում այն, ինչ մենք այս երկու օրը տեսնում ենք, հույզերն են առայժմ, դեռ գործնականությունը, գործնական հիմնավորված, ինչ-որ հանգամանքներով պայմանավորված ազդեցությունները և դրա դրսևորումները մենք պետք է տեսնենք առաջիկայում: Սրանք դեռ ծաղիկներն են, փշերը մենք տեսնելու ենք ավելի ուշ` 1-2 ամիս հետո, երբ որ տնտեսական, ֆունդամենտալ գործոնները սկսեն աշխատել», - ասում է Բագրատ Ասատրյանը:

Նա բացատրում է՝ մարդիկ իրենց դրամային միջոցները ավելի կայուն արժույթների՝ դոլարի, եվրոյի են վերածում: Հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետո կրկին նույն վիճակն էր ստեղծվել` քաղաքացիները արտարժույթ էին ձեռք բերում, ինչի հետևանքով դրամն արժեզրկվել էր. «Փոքր տնտեսությունների արժույթների վիճակը սա է, սա նորմալ երևույթ է, ոչ ցանկալի, բայց սպասվող երևույթ է, արտառոց այստեղ բան չկա: Պետք է մտածել, թե ինչ հետևանքներ և ինչպես այդ բացասական հետևանքների ազդեցությունները կանխել»:

Ռուս- ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանի համար հնարավոր վատ սցենարների մասին երեկ գործադիրում խոսեցին, իշխանությունները չեն թաքցնում՝ հնարավոր է նույնիսկ պարենային անվտանգության լուրջ խնդիրներ առաջանան։

«Ինչպես տեսնում ենք, վերջին երկու տարիների ընթացքում «գնաճային երկրաշարժեր» են տեղի ունենում անընդհատ, առաջինը քովիդն էր, երկրորդը` աշխարահաքաղաքական զարգացումները` Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները, և այս առումով, այո, լավատեսական ոչինչ առջևում չի սպասվում», - երեկվա նիստին արձանագրեց վարչապետը:

ԿԲ-ն հորդորում է առանց անհրաժեշտության ֆինանսական շուկայում գործառույթներ չիրականացնել

Գնաճը վերահսկելու գործիքներ ունեցող Կենտրոնական բանկում, սակայն, ավելի լավատես են. «Ազատության» հարցմանն ի պատասխան գլխավոր դրամատնից փոխանցեցին՝ շուկայում տատանումները կրում են ժամանակավոր բնույթ, և քաղաքացիները անհանգստանալու կարիք չունեն: Կենտրոնական բանկը հորդորում է առանց անհրաժեշտության ֆինանսական շուկայում գործառույթներ չիրականացնել, քանի որ դրանք կարող են հանգեցնել կորուստների։ Կառույցից նաև փոխանցում են, որ անհրաժեշտության դեպքում կկիրառեն անհրաժեշտ գործիքները՝ կայունություն ապահովելու համար։ ԿԲ-ն, սակայն, չի մանրամասնում, թե ինչ գործիքներ կարող են կիրառվել։

Մասնագետը նույնպես կայունություն պահելն է կարևորում

ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկազ Ֆանյանը համակարծիք է՝ արտարժույթի այս տատանումներն առաջին հերթին քաղաքացիների անհանգստության հետևանք են։ Տնտեսագետը, սակայն, նաև այլ պատճառ էլ է առանձնացնում. «Ռուսաստանի մեծ թվով քաղաքացիներ են այս պահին նաև ժամանել Հայաստան: Բնականաբար, նրանք ունեն և դոլարային միջոցներ, և ռուբլիով միջոցներ և ձգտում են, եթե ռուբլի ունեն, վերածեն դոլարի կամ փոխադրել տարադրամի: Արտարժույթային ներհոսք նկատելի է մեր շուկայում»:

Ֆանյանն ընդգծում է՝ կարևոր է, որ քաղաքացիները, խառնաշփոթի մեջ ընկնելով, չփորձեն իրենց դրամական միջոցները՝ ավանդները հանել բանկերից։ Դա, ասում է, կվտանգի Հայաստանի բանկային համակարգի կայունությունը. «Շատ կարևոր է նաև բնակչության վստահությունը պահպանել բարձր մակարդակի վրա հենց բանկերի նկատմամբ»:

Տնտեսագետը հիշեցնում է՝ 44-օրյա պատերազմից հետո կրկին մեծ ռիսկեր կային, սակայն հայաստանյան բանկերը ծանր հետևանքներից կարողացան խուսափել։ Այն ժամանակ ԿԲ-ն, սակայն, հայտարարեց, որ կայունությունը ապահովելու համար արտարժութային շուկայում գործառնություններ է իրականացրել։

:

XS
SM
MD
LG