Մատչելիության հղումներ

Շիրակցի գերիների հարազատներին կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա է ընդունել, «հուսադրող բան ասել»


Ավելի քան 9 ժամ կառավարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնելուց հետո շիրակցի գերիների հարազատներին երեկ երեկոյան կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյա է ընդունել, «Ազատությանն» այս մասին հայտնեցին հանդիպմանը մասնակցած ծնողները` առանց հստակեցնելու, թե ով է այդ պաշտոնյան։

Արդեն մեկ տարուց ավելի ադրբեջանական բանտերում պահվող գերիներից մեկի մայրը՝ Նաիրա Կյուրեղյանն ասաց, որ շուրջ 1 ժամ տևած հանդիպմանն իրենք ստացել են իրենց հուզող հարցերի պատասխանները։

«Որոշել էինք, որ օրերով պիտի մնանք կառավարության դիմաց, մինչև մեզ պատասխան չտային հստակ», - նշեց նա:

Թե ո՞վ է կառավարությունում ընդունել հարազատներին, գործադիրից էլ չեն պարզաբանում։

2020 թվականի դեկտեմբերի 13-ին Արցախի Խծաբերդ-Հին Թաղեր հատվածից գերեվարված պահեստազորայինների ծնողներն ավելի վաղ «Ազատությանը» հայտնել էին, որ իրենք հունվարի 4-ին պետք է հանդիպեին Գյումրիում աշխատանքային այցով գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն գործադիրի ղեկավարի չնախատեսված աշխատանքային զբաղվածության պատճառով հանդիպումը չեղարկվել էր։

Պահեստազորայիններից մեկի մոր խոսքով՝ իրենց ընդունած պաշտոնյան հուսադրող բան է ասել, թե հնարավոր է գերիների նոր խմբի վերադարձ։ Ծնողները հիմա սպասում են, միևնույն ժամանակ մտահոգ են՝ հանկարծ սահմանային լարվածությունը չխանգարի գործընթացին. «Սպասման մեջ ենք, հուսանք, որ այս դեպքերը չեն խանգարի, որովհետև տեսնում ենք` սահմանը ինչ վիճակի է, ամեն ինչ նշանակություն ունի էլի»:

Թե երբ է սպասվում գերիների վերադարձը, ծնողներն ասում են՝ իրենց կառավարությունում կոնկրետ օր չեն ասել, սակայն հավաստիացրել են՝ հնարավոր է շուտով. «Մեզ պատասխանեցին, որ ամեն ինչ լավ կլինի, բավարարված եկել ենք հետ։ Կոնկրետ օր չեն ասել, բայց ասել են՝ շուտով»։

Շիրակցի գերների հարազատները նաև դեկտեմբերի 31-ին էին հավաքվել՝ Ամանորը կառավարության շենքի առջև դիմավորեցին։ Նույն պահանջներով նրանք ամիսներ շարունակ պայքարում են՝ որդիների վերադարձի գործընթացն արագացնելու հույսով։

44-օրյա պատերազմից շուրջ մեկ ամիս անց գերեվարված 62 շիրակցի պահեստազորայիններից 29-ն արդեն վերադարձել են հայրենիք, 33-ը դեռ Ադրբեջանում են։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում պահվում է 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված 46 հայ: Ադրբեջանը հայկական կողմին վերջին անգամ դեկտեմբերի 29-ին է գերիներ փոխանցել Հունգարիայի միջնորդությամբ։






Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG