Մատչելիության հղումներ

Մոսկվան շարունակելու է աջակցել կողմերին դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում` առաջնորդվելով Սոչիի պայմանավորվածություններով


Մոսկվան համարում է, որ Բաքուն և Երևանը ընդհանուր առմամբ կատարում են եռակողմ պայմանավորվածությունները։ Մոսկվան շարունակելու է աջակցել կողմերին, այդ թվում` դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցում` առաջնորդվելով նոյեմբերի 26-ի եռակողմ պայմանավորվածություններով։

«Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում ելնում ենք նոյեմբերի 26-ի Սոչիի համաձայնություններից և աշխատում ենք դելիմիտացիայի հարցով հայ-ադրբեջանական երկկողմ հանձնաժողով ստեղծելու ուղղությամբ` կողմերի ցանկությամբ մեր երկրի խորհրդատվական աջակցությամբ», - մեկնաբանելով դելիմիտացիայաի և դեմարկացիայի հարցում եվրոպացի մասնագետների մասնակցության մասին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հայտարարությունն` այսօր ասել է Ռուսաստանի արտգործախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Միաժամանակ մենք ողջունում ենք երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված միջազգային ջանքերը: Սրա հետ մեկտեղ պետք է հաշվի նստել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի հետ։ Մեր կողմից մենք շարունակելու ենք ցուցաբերել կողմերին մեր աջակցությունը, այդ թվում` խորհրդատվական», - հավելել է նա:

Տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված հարցերին Զախարովան այսօր նույնպես դիվանագիտական պատասխան է տվել. այսպես, չի ասել, թե արդյոք լինելու են հայկական մաքսակետեր Հայաստանի տարածքով անցնող կառուցվելիք երկաթուղային կամ ավտոմոբիլային ճանապարհներին։ Փոխարենը շեշտել է, թե Մոսկվան բոլոր տարաձայնությունները ֆիքսում է և դրանք հաղթահարելու ուղղությամբ կոնկրետ աշխատանք է կատարում կողմերի հետ, սակայն գերադասում է այդ մասին չխոսել տարածաշրջանում վստահության մթնոլորտ ստեղծելու համար:

Զախարովան կողմերին և հակամարտության կարգավորմանը ներգրավված բոլոր մասնագետներին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ, մաղթել խաղաղություն, համբերություն, հաջողություն «ամենաբարդ, ամենաերկարատև և արյունալի հակամարտություններից մեկի կարգավորման այս ծանր առաքելության մեջ»:

Մոսկվան, Զախարովայի խոսքով, ընդհանուր առմամբ կողմերց գոհ է և համարում է, թե և՛ Երևանը, և՛ Բաքուն կատարում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունները։

Ռուսական մասնակցությամբ վերջին անգամ եռակողմ բանակցությունները, հիշեցնենք, տեղի էին ունեցել դեկտեմբերի 1-ին Մոսկվայում, որի ավարտից հետո, սակայն, որևէ հայտարարություն չի հնչել, թեև նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահը ասել էր, թե ձեռք բերված պայմանավորվածությունների մասին կհայտարարվի եռակողմ աշխատանքային խմբի` Մոսկվայում կայանալիք նիստի ժամանակ: Նիստը կայացել էր, սակայն հայտարարություն չի արվել, իսկ առաջխաղացման մասին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները խոսել են Բրյուսելում կայացած բանակցություններից հետո։

Ամեն դեպքում այս տարի Մոսկվան նման եռակողմ հանդիպման ևս մեկ հնարավորություն ունի։ Դեկտեմբերի 28-ին Սանկտ Պետերբուրգում պետք է կայանա ԱՊՀ ոչ ֆորմալ գագաթնաժողովը, որին Կրեմլի հաղորդմամբ` մասնակցելու են և՛ Հայաստանի վարչապետը, և՛ Ադրբեջանի նախագահը, սակայն որևէ այլ տեղեկություն, բացի նրանից, որ նման գագաթնաժողով լինելու է, և Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը դրան մասնակցելու են, այս պահին չկա։

Հավելենք, Ալիևի ծննդյան կապակցությամբ ադրբեջանցիները հերթական ֆիլմն են նկարահանել, որում տարբեր քաղաքական առաջնորդներ նրա մասին են խոսում, այդ թվում նաև Ռուսաստանի նախագահը։ Պուտինի խոսքով` երբեմն առանցքային հարցերի շուրջ Ալիևի հետ դժվար է լինում համաձայնության գալ, բայց երբ այդ համաձայնությունը կա, կա նաև վստահություն, որ Ալիևը դա կկատարի։

Նոյեմբերի 9-ի համաձայնությամբ, մինչդեռ, կողմերը պետք է վերադարձնեին բոլոր գերիներին: Մինչ օրս Բաքվում են մնում տասնյակ հայ գերիներ, նրանց մի մասին նույնիսկ դատապարտել են ծանր հոդվածներով: Իսկ Ադրբեջանում պահվող գերիների թիվն այսօր էլ` նոյեմբերի 9-ի համաձայնագրից ավելի քան մեկ տարի անց, հայտնի չէ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG