Մատչելիության հղումներ

Նախկին ռազմագերու փաստաբանն ահազանգում է նրա առողջական խնդիրների մասին, որ կալանավայրում հնարավոր չէ բուժել


«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ վերականգնողական բուժումն անցնի»

Ադրբեջանական գերության մեջ 10 օր անցկացրած, ապա հայրենադարձված ու կալանավորված Արեն Արամյանի փաստաբանն ահազանգում է պաշտպանյալի առողջական խնդիրների մասին, որոնք կալանավայրում հնարավոր չէ բուժել։

Նոյեմբերի 16-ի արյունալի բախումների ժամանակ Սյունիքի մարզից գերեվարված 28-ամյա ենթասպան մեղադրվում է մարտական ծառայության կանոնները խախտելու համար, կալանքի տակ է մոտ մեկ ամիս։

«Մեր խնդիրը կայանում է նրանում, որ վերականգնողական բուժումն անցնի, որպեսզի ինքը խնդիր չունենա հետագայում ամբողջ կյանքի ընթացքում, բնականաբար, բոլորն էլ հասկանում են` եթե բուժում չեղավ վերականգնողական, ոսկորն աճելու է ու քարանա, այսինքն` հետագայում չի ծալվելու ծունկը», - «Ազատության» հետ զրույցում ասաց փաստաբանը:

Վանաձորցի զինվորականը արյունալի մարտերի ժամանակ վիրավորվել է ծնկի շրջանում, հարվածներ ստացել նաև գլխին։ Բաքվում Արեն Արամյանի ոտքը երկու անգամ վիրահատել են, իսկ հայրենադարձվելուց հետո Մուրացանի հոսպիտալում բժիշկները` եզրահանգել՝ վնասված ոտքը պետք է անշարժ մնա։ Այնինչ, այս ընթացքում նրան իրավապահները ավտոմեքենայով հաճախ կալանավայրից դատարան են տեղափոխում, ընդ որում՝ առանց պատգարակի. «Իրեն այդ վիճակում մի քանի անգամ բերել են, տարել են վարչություն, դատարան սովորական մեքենայով, այսինքն` մարդը սովորական մեքենան որ նստում է, պիտի ոտքերը ծալած չէ նստի, դե պատկերացրեք, որ այդ մարդու ոտքը չի ծալվում»:

Նոյեմբերի 16-ին Սյունիքի և Վայոց ձորի մարզերի սահմանագծում տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված, ապա հայրենադարձված 26 զինվորականներից 6-ը մեղադրյալներ են, բոլորն էլ կալանավորված են։ Քննչական կոմիտեն հայտարարում է, որ մարտական դիրքի վրա հարձակված ադրբեջանցի զինծառայողներին վնասազերծելու, զինաթափելու փոխարեն հայ զինվորականները փորձել են բանակցություններ վարել դիրքի պահպանության տարածք ներխուժած հակառակորդի հետ։

Իրավապահները պնդում են, որ նրանց այս անգործության հետևանքով հայկական կողմը դիրքեր է կորցրել։ Բաքվում վիրահատված, այժմ էլ բժշկական օգնության կարիք ունեցող նախկին ռազմագերու փաստաբանը դեռևս մանրամասներ չի բացահայտում, բայցև պնդում է՝ Արեն Արամյանը մարտի է բռնվել հակառակորդի հետ։ Արա Կարապետյանը հիշեցնում է զինվորականների գերեվարումից մեկ օր անց խորհրդարանում վարչապետ Փաշինյանի հայտարարության այն հատվածը, որտեղ խոսք էր գնում վիրավոր զինվորականի մասին։

«Ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր և անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրիտենզիա չի կարող լինել», - այդ ժամանակ ասել էր վարչապետը:

Փաստաբանը պնդում է՝ վարչապետի այդ խոսքը հենց իր պաշտպանյալի մասին է. «Բնականաբար, տրամաբանական է, եթե մարդը վիրավոր է, գերի է ընկել, ես լրիվ համամիտ եմ այդ մտքի հետ, հանցակազմի մասին խոսք լինել չի կարող: Քննությունն իրականացնում է նախաքննական մարմինը, իրենք ըստ իրենց փաստական տվյալներով` Արամյանի արարքում կա հանցակազմ, որը մենք չենք ընդունում»:

ԱՆ. Զինվորականը գտնվում է բժիշկների հսկողության տակ

Արդարադատության նախարարության պնդմամբ՝ զինվորականը գտնվում է բժիշկների հսկողության տակ, անհրաժեշտության դեպքում ստանում է բուժում, իսկ վերականգնողական վարժությունները բանտում էլ կարող է անել։ Իսկ ինչո՞ւ նրան չեն տեղափոխում Դատապարտյալների հիվանդանոց, ինչպես փաստաբանն է պահանջում, նախարարությունից ասում են՝ դա կնախաձեռնեն մասնագետների եզրակացությունից հետո։

Իսկ դուք քանի՞ դիրք եք հանձնել. իրավապաշտպանը` իշխանություններին

Մինչ այդ իրավապաշտպանները շարունակում են քննադատել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գերությունից վերադարձած զինվորականներին կալանավորելու համար։ Ժաննա Ալեքսանյանը անմարդկային է համարում ադրբեջանական բանտերով անցած, վիրավորումներ ստացած զինվորականներին հայրենիքում ևս անազատության մեջ պահելը. «Այսքան աղմուկից հետո, իրենց այդ պաշտոնական քաղաքական հայտարարություններից հետո շարունակում են գերիներին պահել նույն վիճակում: Թող շարունակեն այս երկիրը դարձնել անմարդկային երկիր, ինչպես անում էին նախկինները, ոչնչով չեն տարբերվում: Թող քննություն անցկացնեն, թող մարդուն հնարավորություն տային կազդուրվելու, հոգեբանորեն վերականգնվելու: Եղե՞լ են իրենք, օրինակ, Ալեն Սիմոնյանը գերության մեջ, ինչքա՞ն կդիմանար: Ինչո՞ւ են այդպես վարվում այդ խեղճ ու կրակ մարդկանց` այդ զինվորների հետ»:

Իրավապաշտպան Ալեքսանյանը, անդրադառնալով ռազմագերիներին ներկայացված մեղադրանքին, հարց է ուղղում իշխանություններին. «Կարող են տանել, գցել բանտերը: Գնացեք, դիրքը հանձնել եք: Իսկ դուք քանի՞ դիրք եք հանձնել, ձեր հանձնած դիրքերը հաշվել հնարավո՞ր է»:

Կալանավորված զինվորականներից Ռոբերտ Նալբանդյանն ազատ կարձակվի

Ի տարբերություն մյուս հինգի` կալանավորված զինվորականներից Ռոբերտ Նալբանդյանը, որ հայրենիք էր վերադարձել դեկտեմբերի 4-ին, երկու օրից ազատ կարձակվի։ Նրա փաստաբան Ռուբեն Մելիքյանի փոխանցմամբ՝ դատարանը մերժել է կալանքը երկարաձգելու քննիչի միջնորդությունը և զինվորականին ազատ արձակելու որոշում կայացրել։

Նոյեմբերի 16-ի մարտերի ժամանակ գերի ընկած վեց զինվորական դեռ պահվում է Ադրբեջանում։ Պաշտոնական տվյալներով՝ ադրբեջանական բանտերում է պահվում նաև 44-օրյա պատերազմի ընթացքում և հետո գերեվարված ևս 40 հայ գերի։

XS
SM
MD
LG