Վաշինգտոնը մտահոգված է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի դիրքորոշմամբ, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
Էնթոնի Բլինքենն այս մասին խոսել է այսօր Շվեդիայում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստում, որտեղ հանդիպել էր ուկրաինացի գործընկերոջը։
«Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ»,-ասել է Բլինքենը։
Հավաստիացումը հնչել է ռուս-ուկրաինական սահմանին աճող լարվածության ֆոնին․ Կիևը պնդում է, որ Մոսկվան ավելի քան 90 հազար զինվոր է կուտակել Ուկրաինայի հետ սահմանին և պատրաստվում է հարձակման։
Ուկրաինայի արտգործնախարարն իր հերթին հանդիպումից հետո հայտնել է, թե «Բլինքենի հետ քննարկել են կոշտ պատժամիջոցների հնարավորությունը, որոնք կարող են զսպել Կրեմլին և կանխել Ռուսաստանի հետագա, ագրեսիվ քայլերը»։
Ակնկալվում է, որ այսօր ավելի ուշ պետքարտուղար Բլինքենը դեմ առ դեմ հանդիպում կունենա նաև ռուսաստանցի գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։