Մատչելիության հղումներ

Ռուսաստանի իշխանությունները դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը. Դմիտրի Կուլեբա


Ռուսական զորքերի լայնածավալ զորավարժություններ Ղրիմում, ապրիլ, 2021թ․
Ռուսական զորքերի լայնածավալ զորավարժություններ Ղրիմում, ապրիլ, 2021թ․

Ռուսաստանի իշխանություններն, Ուկրաինայի արտգործնախարարի խոսքով, դիտարկում են Ուկրաինայի վրա հարձակման հնարավորությունը։ Այս մասին Դմիտրի Կուլեբան երեկ հայտարարել Է «Ուկրաինա 24» հեռուստաընկերության եթերում, պնդելով, թե Ռուսաստանի գլխավոր նպատակը «Ուկրաինան առավելագույնս թուլացնելն է»։

Նա չի բացառել, որ Ռուսաստանի իշխանությունները կարող են դիտարկել Ուկրաինա ներխուժման տարբերակը. «Անշուշտ Ռուսաստանի նախագահը դիտարկում է Ուկրաինայի դեմ ռազմական նոր գործողություններ սկսելու հնարավորությունը։ Արդյոք նա (Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը) կգործարկի՞ այդ տարբերակը, կախված է երկու գործոններից՝ մեր ուժից և ուկրաինացիների հանգստությունից, ու մեր գործընկերների գործողությունների համակարգումից և ուժից»:

Արդեն մի քանի շաբաթ է՝ Արևմուտքի ուշադրության կենտրոնում է ռուս-ուկրաինական սահմանը և ռուսական հնարավոր հարձակումը։

Շաբաթներ շարունակ արևմտյան լրատվամիջոցները գրում էին, թե Մոսկվան տասնյակ հազարավոր զինվորներ է տեղակայել Ուկրաինայի հետ սահմանին։ Ուկրաինացի պաշտոնյաներն արդեն հարձակման կոնկրետ ժամկետներ են նշում։ Ռուսաստանը կարող է ակտիվ մարտական գործողություններ սկսել Ուկրաինայի դեմ հունվարին կամ փետրվարին, Military Times-ին ասել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։

Նրա խոսքով, Ռուսաստանն այժմ Ուկրաինայի հետ սահմանին մոտ 92 հազար զինծառայող է կենտրոնացրել, ներխուժման ռիսկերն աճում են, եղանակային պայմանները՝ հնարավոր ուժեղ սառնամանիքներն էլ խնդիր չեն ոչ ռուս, ոչ էլ ուկրաինացի զինվորականների համար։

Ուկրաինական հետախուզության ղեկավարի կանխատեսումներով՝ ռուսական բանակի գործողությունները կարող են ավելի մասշտաբային լինել, քան 2014 թվականին, երբ Մոսկվան բռնակցեց Ղրիմը։ Ըստ ուկրաինական հետախուզության, այս անգամ ռուսական կողմը կարող է օգտագործել ավիացիան, հատուկ ջոկատներ Օդեսայում և Մարիուպոլում, ինչպես նաև կարող է կիրառել զրահատեխնիկա Բելառուսի տարածքից։

Ընդ որում, Կիևում ենթադրում են, որ մինչև հարձակումը Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի Ուկրաինայի ներսում իրավիճակը ապակայունացնելու համար՝ օգտագործելով, մասնավորապես, ուկրաինացիների դժգոհությունները տնտեսական իրավիճակի և կորոնավիրուսի դեմ պայքարի հարցում։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցներն էին հայտնել Ուկրաինայի վրա ռուսական հարձակման հնարավոր նախապատրաստման մասին՝ վկայակոչելով հետախուզական ծառայություններն ու պաշտոնական աղբյուրները, միաժամանակ նշելով, թե Կրեմլը դեռ վերջնական որոշում չի կայացրել։

Ինչպես օրերս The New York Times-ն էր գրել, ամերիկյան և բրիտանական հետախուզական ծառայությունները գնալով ավելի են համոզվում՝ Վլադիմիր Պուտինը դիտարկում է ռազմական գործողություն իրականացնելու տարբերակը՝ կա՛մ Ուկրաինայի տարածքի մեծ մասը գրավելու, կա՛մ երկիրն ապակայունացնելու և ռուսամետ կառավարության իշխանության գալը նախապատրաստելու համար։

Ընդ որում, արևմտյան փորձագետները կարծում են, որ ռուսական բնական գազի մատակարարումներից Եվրոպայի մեծ կախվածությունը կարող է Մոսկվային հույս ներշնչել, թե եվրոպացիները Ուկրաինայի դեմ ռուսական հնարավոր ռազմական գործողությանն ի պատասխան կտրուկ քայլերի չեն գնա, գրել է ամերիկյան թերթը։

Պաշտոնական Վաշինգտոնը և Բրյուսելը մի քանի անգամ արդեն հրապարակավ մտահոգություն են հայտնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի սահմանի երկայնքով ուժեր կուտակելու կապակցությամբ։ Թե՛ պետքարտուղարությունը, թե՛ Եվրահանձնաժողովը հորդորել էն Մոսկվային հստակեցնել մտադրություններն այս կապակցությամբ։

Կրեմլում հերքում են Ուկրաինայի տարածք ներխուժելու որևէ նախապատրաստություն, և պնդում, թե սեփական զորքի տեղաշարժը սեփական երկրի տարածքում որևէ մեկին չպետք է մտահոգի։ Ճիշտ հակառակը, Մոսկվան Արևմուտքին է մեղադրում լարվածությունը սրելու, Սև ծովում զորավարժություններ անցկացնելու համար։ Պուտինը անցած շաբաթ, մասնավորապես, հայտարարել էր, թե Ռուսաստանը պետք է Արևմուտքից երաշխիքներ ստանա իր անվտանգության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG