Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ն և Ֆրանսիան հայտարարել են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը պաշտպանելու մասին. Փրայս


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած շաբաթավերջին հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ՝ Ուկրաինայի տարածքում և մերձակայքում ռուսական ռազմական ակտիվության առնչությամբ։ «Երկու դիվանագետները վերստին հայտարարել են, թե ամենայն հաստատակամությամբ պաշտպանում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը»,- հայտարարել է Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը։

Արմևտյան մամուլն իր հերթին գրում է, որ Վաշինգտոնը զգուշացրել է Կիևին Ուկրաինայի նկատմամբ ռազմական հարձակում սկսելու ռուսական ծրագրերի մասին։

«Արևմտյան երկրների հատուկ ծառայությունները տվյալներ ունեն առաջիկա ձմռանը Ուկրաինայում իրավիճակը ապակայունացնելու, այդ թվում՝ ռազմական միջոցների դիմելու Ռուսաստանի փորձերի մեծ հավանականության մասին», - գրել է Financial Times-ը՝ հղում անելով Ուկրաինայի պաշտպանության նախարարի տեղակալ Աննա Մալյարին։

Ընդ որում, ուկրաինացի պաշտոնյայի խոսքով` արևմտյան հատուկ ծառայությունների այս կանխատեսումների հիմքում ոչ միայն հաղորդումներն են Ուկրաինայի հետ սահմանի երկայնքով տեղակայված ավելի քան 90 հազար ռուս զինվորականների մասին, այլև այլ՝ գաղտնի բնույթի տեղեկություններ: FT-ն ընդգծում է, որ Ռուսաստանի մտադրությունների մասին լիակատար ու հստակ պատկերացում Արևմուտքը չունի․ հետախուզության հավաքած տեղեկությունները դեռ պետք է մանրամասն վերլուծել:

Պարբերականը նշում է, թե այսօր առկա իրավիճակն ավելի վտանգավոր է, քան Ուկրաինայի հետ սահմանների մոտ գարնանային սրացումը, երբ Ռուսաստանը զորավարժությունների պատրվակով կրկին մեծ ուժեր էր կենտրոնացրել:

Ռուսաստանի իշխանությունները, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինը հերքում են ագրեսիվ մտադրությունները և փոխարենը Արևմուտքին մեղադրում լարվածությունը սրելու մեջ՝ մատնանշելով, մասնավորապես, Սև ծովում ՆԱՏՕ-ի մասշտաբային զորավարժությունները:

«Պետք է ասեմ, որ մեր պաշտպանության նախարարությունում ևս առաջարկ կար այդ տարածքում մեր կողմից չծրագրված զորավարժություններ անցկացնելու մասին, բայց ես կարծում եմ` դա նպատակահարմար չէ, և իրավիճակը հավելյալ սրելու կարիք չկա», - հայտարարել է Վլադիմիր Պուտինը` էսկալացիայի մեջ մեղադրելով նաև Ուկրաինային` Դոնբասում անջատողականների դեմ հարվածային թուրքական անօդաչու թռչող սարք կիրառելու համար:

Սահմանին սրվող իրադարձությունների ֆոնին՝ անցած շաբաթ Միացյալ Նահանգների պետքարտուղարը Վաշինգտոնում հյուրընկալել էր ուկրաինացի գործընկերոջն ու Մոսկվային նախազգուշացրել. «Ռուսաստանը կարող է լուրջ սխալ գործել՝ փորձելով կրկնել այն, ինչ արեց 2014-ին, երբ սահմանի երկայնքով տեղակայված ռուսական զինված ուժերն անցան Ուկրաինայի ինքնիշխան տարածք»։

Աջակցություն հայտնելով Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և հայտարարություններ տարածելով Կիևին սատարելու մասին՝ Արևմուտքում միաժամանակ դեռ չեն շտապում բացել ՆԱՏՕ-ի դռները այդ երկրի առջև։

Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յանս Ստոլտենբերգը կիրակի հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները համաձայնության չեն եկել Ուկրաինայի անդամակցության հարցում:

«ՆԱՏՕ-ին անդամակցելու համար անհրաժեշտ է, որ այդ երկիրը համապատասխանի բոլոր չափանիշներրին։ Մենք օգնում ենք Ուկրաինային կոռուպցիայի դեմ պայքարում, սակայն դաշինքի բոլոր 30 անդամները պետք է միակարծիք լինեն այս հարցում, իսկ կոնսենսուս Ուկրաինայի անդամակցության հարցում դաշինքում դեռևս չկա», - ասել է նա։

Սրա հետ մեկտեղ Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ուկրաինայի վրա չի տարածվում դաշինքի կանոնադրության հավաքական պաշտպանության մասին հինգերորդ հոդվածը։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG