Մատչելիության հղումներ

Եվրամիությունը խիստ անհանգստացած է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի ակտիվությամբ


ԵՄ արտգործնախարարի խոսնակ Պետեր Ստանո, արխիվ
ԵՄ արտգործնախարարի խոսնակ Պետեր Ստանո, արխիվ

Եվրամիությունը հայտարարել է, թե խիստ անհանգստացած է Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքի ակտիվությամբ։ Մինչ այդ էլ Վաշինգտոնն էր այս հարցով Մոսկվայից պարզաբանումներ պահանջել։

«Տեղեկությունները, որ ստանում ենք, բավական մտահոգիչ են», - ասել է ԵՄ արտգործնախարարի խոսնակ Պիտեր Ստանոն։

Եվրամիության բարձրաստիճան դիվանագետը նշել է, որ Միության անդամ 27 երկրները դաշնակիցների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ու Բրիտանիայի հետ հետևում են զարգացումներին և պատրաստ են «անհրաժեշտության դեպքում հավելյալ քայլեր ձեռնարկել»։

Երկու օր առաջ ԱՄՆ պետքարտուղարը Վաշինգտոնում ընդունել էր Ուկրաինայի արտգործնախարարին։ Էնթոնի Բլինքենը մտահոգություն էր հայտնել, թե «Ռուսաստանը կարող է լուրջ սխալմունք գործել՝ փորձելով կրկնել այն, ինչ արեց 2014-ին, երբ սահմանի երկայնքով տեղակայված ռուսական զինված ուժերն անցան Ուկրաինայի ինքնիշխան տարածք»։

Կրեմլի խոսնակը հայտարարել է, թե Արևմուտքի այս մտահոգություններն անհիմն են և ուղղված են իրավիճակի հետագա սրմանը։ Ռուսաստանը սպառնալիք չէ որևէ մեկի համար, և «մեր զինված ուժերի տեղաշարժը մեր տարածքում չպետք է որևէ մեկին անհանգստացնի», - ասել է Դմիտրի Պեսկովը։

XS
SM
MD
LG