Մատչելիության հղումներ

Ուղղությունը, որով Ադրբեջանը մայիսից ագրեսիայի է դիմում, ուրվագծում է միջանցքը. Տիգրան Աբրահամյան


Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է ճնշումներ գործադրել առնվազն երեք հարցերի հետ կապված՝ միջանցքի, Արցախի, սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի, «Ազատության» «Հարցազրույց Կարլեն Ասլանյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Առաջինը, դա միջանցքի հարցն է։ Սա նաև շանտաժ է, սպառնալիք ցույց տալու համար, որ եթե Հայաստանը համաձայնություն ցույց չտա, ապա նա դրան կհասնի ուժի կիրառման միջոցով», - ասաց Աբրահամյանն՝ ընդգծելով՝ ուղղությունը, որով Ադրբեջանը մայիսից հետո արդեն երկրորդ անգամ ագրեսիայի է դիմում, ըստ էության, այն ճանապարհն է ուրվագծում, որտեղ կա նախկինում գործած ճանապարհ՝ Անգեղակոթով դեպի Նախիջևան։

Դա Հայաստանը կտրող ամենանեղ արանքն է, ասաց Աբրահամյանը՝ շեշտելով՝ այնտեղով է անցնում Հայաստանի գլխավոր երակներից մեկը՝ Սիսիան-Գորիս ավտոճանապարհը, և որի նկատմամբ վերահսկողությունը, ընդդիմադիր պատգամավորի համոզմամբ, Հայաստանի համար կարող է կենսունակության ավարտ նշանակել։

«Բավականին մոտ հատվածում են ադրբեջանական զորքերը տեղակայված, չկա նույնիսկ 10 կիլոմետր այդ հատվածում, և այս պարագայում, նույնիսկ այս փուլում, անկախ, թե մենք ինչ գործընթացների մեջ ենք մտնելու, Հայաստանն այս ուղղությամբ և այս օրվանից, եթե մինչև այսօր չի արել, լուրջ միջոցառումներ իրականացնելու [ամրանալու] խնդկիր ունի», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։

Իսկ Արցախի հարցը, Աբրահամյանի համոզմամբ, Ադրբեջանի մեծ ջանքերով անընդհատ երկրորդ, երրորդ պլան է մղվում, «այդպիսով Բաքուն փորձում է փակել վերջնականապես այս պահին հայկական վերահսկողության տակ գտնվող Արցախի Հանրապետության հարցը»։

Դելիմիտացիայի և դեմարկացիայի մասով, Աբրահամյանի խոսքով, Ադրբեջանը փորձում է հասնել իր պատկերացումների շրջանակներում, այսինքն՝ այնտեղ, որտեղ կհասնի, էդ տեղով միանգամից նոր սահմանագծում կանի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Անվտանգության խորհրդի նիստում հայտարարեց, որ մայիսից ի վեր Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կիլոմետր ինքնիշխան տարածք՝ սա որակելով ագրեսիա Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ։

Ազգային ժողովում, հարցուպատասխանի ժամանակ, Փաշինյանն հստակեցրեց՝ մայիսի 16-ի գործողությունների հետևանքով բալանսը որևէ ձևով չի փոխվել։ «Ըստ էության ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել, այսինքն՝ այդ 41 քառակուսի կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել», - ընդգծեց վարչապետը:

Մայիսի 16-ին Հայաստանի Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանն, իր հերթին, հայկական կողմին մեղադրեց հրադադարը խախտելու մեջ: Երկու կողմն էլ հայտարարեց կորուստների մասին։ Հայկական կողմը երկու մարտական դիրք կորցրեց։

Հարցին, թե այդ դիրքերն ի՞նչ նշանակություն ունեին, ընդդիմադիր պատգամավորը պատասխանեց․ - «Դրանք ունեն ահռելի նշանակություն, որովհետև նախ բավականին մեծ հատված է Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի այս պահին գտնվում օկուպացման տակ, երկրորդն՝ այդ ուղղություններում, այդ բարձունքներում ադրբեջանական զորքերի հայտնվելը ինքնին մարտավարական և ռազմավարական առավելություն է ստեղծում ոչ միայն հարաբերական խաղաղ պայմաններում կոնկրետ խնդիրներ լուծելու և Հայաստանի ռազմավարական կոմունիկացիաները վերահսկողության տակ պահելու առումով, այլ սա Ադրբեջանի համար հնարավորության ստեղծում է մի քանի քայլ իրականացնելուց հետո, որպեսզի հնարավոր լայնամասշտաբ ռազմական գործողությունների կամ խոշոր օպերացիաների պարագայում, իր համար ի սկզբանե մեկնարկում ապահովել շատ ավելի բարենպաստ պայմաններ»։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG