Մատչելիության հղումներ

Ռուսական մամուլն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին և Արցախում ստեղծված իրավիճակին


Հայ-ադրբեջանական սահման, արխիվ
Հայ-ադրբեջանական սահման, արխիվ

«Երևանը դիմել է Մոսկվային՝ կոչ անելով պաշտպանել Հայաստանի ինքնիշխան տարածքը», նման վերնագրով այսօր ռուսական բոլոր լրատվամիջոցները հրապարակել են Հայաստանի անվտանգության քարտուղարի հայտարարությունը: Պաշտոնական Մոսկվան, սակայն, մինչ այս պահը չի արձագանքել:

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը հայտարարել են, թե Հայաստանը ՌԴ-ին օգնության խնդրանքով պաշտոնական գրավոր հարցում դեռ չի ներկայացրել:

Իրանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, այսօր Իրանի և Ռուսաստանի նախագահների հեռախոսազրույցի ժամանակ «երկու կողմերն էլ ընդգծել են, որ աշխարհաքաղաքական դիրքի ցանկացած փոփոխություն և տարածաշրջանի սահմանների փոփոխություն անընդունելի է»:

Ռուսաստանի նախագահն այս օրերին հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հետ կապված հարցերը քննարկել է Իրանի և Ֆրանսիայի նախագահների հետ: Սեիդ Էբրահիմ Ռաիսիի հետ հանդիպման մասին Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին: Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հրադադարի ռեժիմի ապահովման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման, տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման ուղղությամբ ռուսական կողմի ձեռնարկած միջոցառումների մասին: Հեռախոսազրույցը կայացել էր ավելի վաղ՝ մինչև Սյունիքում ադրբեջանական ուժերի զինված հարձակումը:

Երեկ երեկոյան էլ Պուտինը խոսել էր Ֆրանսիայի նախագահի հետ և ի թիվս այլ հարցերի՝ քննարկել նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակը:

Կրեմլի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էմանյուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում Պուտինն ասել է, որ Մոսկվան ևս այսուհետ քայլեր կձեռնարկի, որոնք կնպաստեն իրադրության կայունացմանը և ռուսական միջնորդությամբ ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացմանը:

Մինչև մարտական գործողությունները ռուսական մամուլն ուշադիր հետևում էր հայ-ադրբեջանական հակամարտությանը

Ադրբեջանն ու Հայաստանը կրակ են բացում խաղաղ նպատակներով, ծավալուն հոդված էր հրապարակել «Կոմերսանտ»-ը, որում հեղինակը նշում է, թե հայ-ադրբեջանական սահմանին այսօր առկա խնդիրները կապված են նրա հետ, որ այն մինչ օրս սահմանազատված չէ:

Հղում անելով ռուսական պետական կառույցներում իր աղբյուրին՝ «Կոմերսանտ»-ը գրում է, թե առկա խնդիրները շաղկապված են այն փաստի հետ, որ երկու երկրների սահմանը դեմարկացված ու դելիմիտացված չէ։

«Կան անկլավներ, կան գյուղեր, որոնք գրավյալ են համարվում։ Կա, Օրինակ, Դավիթ-Բեկ—Գորիս ճանապարհը, որը տեղ-տեղ մտնում է Ադրբեջանի տարածք։ Մոսկվան փորձում է օգնել կարգավորել այդ խնդիրները։ Բայց գործընթացը հեշտ չէ: Առայժմ եղել են միայն դելիմիտացիայի հարցով խորհրդակցություններ, սակայն համապատասխան հանձնաժողովի ստեղծման մասին չի հայտարարվել», - «Կոմերսանտ»-ին ասել է ռուս պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում։

Ռուսական պարբերականի տեղեկություններով՝ սահմանազատման մեկնարկը կարող է տրվել Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման ժամանակ, սակայն երբ է լինելու այդ հանդիպումը, դեռևս հայտնի չէ։

«Կոմերսանտ»-ը գրում է, թե սահմանազատման գործընթացը սկսելուց հետո կողմերը պետք է տարածքներ փոխանակեն, իսկ պաշտոնական Երևանը դեռևս չի համարձակվում գնալ այդ քայլին. - «Հայաստանի իշխանություններին ակնհայտորեն ավելի բարդ է գնալ տարածքների փոխանակման. Նիկոլ Փաշինյանը դժվարությամբ մնաց իշխանության ղեկին՝ 2020-ին պարտված պատերազմից հետո։ Եթե պարզվի, որ Երևանը զիջել է կամ պատրաստվում է նորից ինչ-որ բան զիջել Բաքվին, ապա հաստատ Հայաստանի վարչապետը նոր խնդիրներ կունենա»։

«Իրավիճակը, մեղմ ասած, լավ չէ». RBK-ն՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրադրության մասին

Ռուսական մամուլը նաև լայնորեն լուսաբանում է իրավիճակը Արցախի՝ հայկական կողմի վերահսկողության տակ մնացած հատվածում, որտեղ տեղակայված են ռուս խաղաղապահները։ Թե՛ մամուլը, թ՛ե ռուսաստանցի վերլուծաբանները պարբերաբար շեշտում են, որ Ղարաբաղում մնացած հայերը իրենց անվտանգությունը կապում են ռուս խաղաղապահների հետ և անհանգստացած են այն հանգամանքով, որ չորս տարի անց խաղաղապահները կարող են հեռանալ Ղարաբաղից։

Հղում անելով Արցախի պաշտոնական տվյալներին՝ ռուսական RBK-ն «ինչպես և ինչով է ապրում Լեռնային Ղարաբաղը պատերազմից մեկ տարի անց» ծավալուն հոդվածում գրում է, թե մինչև պատերազմ Ղարաբաղում բնակվում էր 150 հազար մարդ, պատերազմից հետո մնացել է 120 հազարը։ Ավելին՝ ռուսական պարբերականը նկատում է, որ պատերազմից հետո, ղարաբաղցի հայերի մի զգալի մասն ուզում է ընդմիշտ հեռանալ Ղարաբաղից։ Պատճառները երկուսն են՝ հիմնականը անվտանգության հարցը, և երկրորդ պատճառը՝ տնտեսությունը, որը շատ դժվար է լինելու վերականգնել պատերազմից հետո։

XS
SM
MD
LG