Ի՞նչ է արվում սահմանային վերջին սրացման ժամանակ գերի ընկած զինծառայողներին վերադարձնելու համար, ի՞նչ վիճակում են գտնվում նրանք. վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ չպարզաբանեց այս հարցերը, փոխարենը խոսեց գերեվարման դեպքերի հետաքննման կարևորության մասին:
«Ո՞ր դեպքում է, որ գերի ընկնելը չի համարվում հանցագործություն, յուրաքանչյուր դեպքում մենք պետք է քննենք՝ այդ դեպքի՞ հետ գործ ունենք, թե՞ այդ դեպքի հետ գործ չունենք: Օրինակ՝ ակնհայտ է և ձևակերպված է, որ եթե մարդը վիրավոր ու անգիտակից վիճակում է և գերեվարվում է, իհարկե, նրան ոչ մի պրետենզիա չի կարող լինել», - Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, թե ո՞վ տվեց կամ ո՞վ չտվեց կրակելու հրաման:
«Որովհետև հրապարակված տեսանյութերով որոշակի գծերով տեսանելի էր, որ մարտական դիրքերից մեկի գրավումը տեղի է ունենում առանց փոխհրաձգության, արձանագրվեց պաշտոնապես, որ ունենք 13 գերեվարված և 24 զինծառայողի հետ կապը կտրված է: Նախ, ի՞նչ է հայտնի մեր զինծառայողների ճակատագրի մասին, երկրորդը, ի՞նչ է արվում՝ կանխելու նրանց նկատմամբ բռնությունը, դեռ չեմ խոսում ավելի վատ սցենարի մասին և ըստ էության ո՞վ էր այս իրավիճակի պատասխանատուն», - հարցրեց Աբրահամյանը:
«Ինչ է նշանակում՝ հրաման է եղել չկրակելու, այդպիսի բան չի կարող լինել, որովհետև նախ չկրակելու հրաման գրավոր, թե բանավոր հրաման տվողը գործում է պետական դավաճանություն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու գործում», - պատասխանեց Փաշինյանը:
Ըստ էության դիրքերում դիմադրության բացակայությունն անընդունելի համարող վարչապետը անպատասխան թողեց ընդդիմադիր մյուս պատգամավոր Հայկ Մամիջանյանի ռեպլիկն այն մասին, թե նույն Փաշինյանը նախկինում այլ պնդումներ է արել. «Դուք մի քիչ առաջ ասացիք, որ չկրակելու հրաման տվողը պետական դավաճան է, իսկ մի կես տարի առաջ էլի Դուք ասել էիք, որ դե հո Սև լճի 30 տոկոսի համար պատերազմ չէի սկսելու: Ուրեմն պետական դավաճանությունը պոզով, պոչով չի լինում, հենց սենց է լինում: Լավ է, որ Ձեր արդարադատության նախարարը նախաձեռնել է քրեակատարողական հիմնարկների վերանորոգում, որովհետև Ձեր ապագան հաստատ այդտեղ է անցնելու»:
Փաշինյանն այսօր հայտարարեց նաև, որ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Հայաստանի օկուպացված 41 քառակուսի կիլոմետրը չի ձևավորվել երեկվա կամ նախորդ օրվա գործողությունների հետևանքով։ Ավելին՝ պնդեց, թե նախորդ օրվա գործողությունների հետևանքով բալանսը որևէ ձևով չի փոխվել։ Մինչդեռ ՊՆ պաշտոնական հայտարարության մեջ հստակ խոսում է դիրքային կորուստների մասին։
«Ըստ էության ոչ ավելի խորացել են, ոչ էլ ավելի չեն խորացել, այսինքն այդ 41 քառակուսի կիլոմետրի մեջ երեկվա գործողությունների արդյունքում որևէ բան չի փոխվել», - ընդգծեց վարչապետը:
Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Փաշինյան
Հայաստանի նպատակը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրումն է, նման հայտարարություն Փաշինյանն արեց՝ պատասխանելով իր թիմակից Լենա Նազարյանի հարցին. «Մեր նպատակը խաղաղության պայմանագրի ստորագրումն է, խաղաղության պայմանագրի ստորագրմանը պետք է նախորդի խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցումը»:
Հայաստանի ղեկավարը վերստին հայտարարեց՝ դեմարկացիային և դելիմիտացիայի գործընթացին խոչընդոտում է Ադրբեջանը. «Ռուսաստանի Դաշնությունը երեք անգամ, ներառյալ «բացահայտված փաստաթուղթը», հանդես է եկել առաջարկով և ըստ էության բոլոր երեք անգամները մենք համաձայնություն ենք տվել այդ գործընթացով գնալ առաջ, շարժվել առաջ: Իմ տպավորությամբ՝ գործընթացը տեղից չի շարժվել Ադրբեջանի կողմից պրոցեսի ձգձգման կամ կոնկրետ պատասխան չտալու առիթով»:
Այս համատեքստում անդրադարձավ նաև միջազգային հանրության արձագանքին, ձևակերպումներ ընտրելիս, ըստ էության, վարչապետը դիվանագիտական բառապաշար չօգտագործեց, ասաց՝ ձևացնենք, թե նրանք մեզ չեն լսում:
«Միջազգային հանրությունը մեզ ի՞նչ է ասում, մեզ էլ, Ադրբեջանին էլ, մեր տարածաշրջանին ասում է՝ դե հերիք է շաբաթը մեկ ասեք՝ վայ, հրադադարի ռեժիմը խախտվեց, վայ, ագրեսիա է, իրանք ձեզ մեղադրեն ագրեսիայի մեջ, դուք իրանց մեղադրեք ագրեսիայի մեջ, իրանք ձեզ մեղադրեն հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, դուք իրար հետ մեր ստեղն եք հասցրել արդեն, գնացեք իրար հետ լեզու գտեք», - ասաց Փաշինյանը:
Պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հեռացման հետ կապված բացատրություն տալու անհրաժեշտություն Փաշինյանը չտեսավ, ասաց դա հայեցողական պաշտոն է։ Իսկ Սուրեն Պապիկյանի նշանակումը ասաց՝ ըստ էության պայմանավորված է իր թիմակից լինելու հանգամանքով. - «Ես կարևոր եմ համարում, որ և՛ արտաքին գործերի նախարարի կարգավիճակում, և՛ պաշտպանության նախարարի կարգավիճակում մեր քաղաքական թիմի ներկայացուցիչներ են»:
Սահմանային նման սրված իրավիճակում արդեն երեք օր պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Սուրեն Պապիկյանը ԱԺ -Կառավարության հարցուպատասխանի ժամանակ ամբիոնին մոտեցավ միայն մեկ անգամ՝ պղնձաձուլարանի մասին հարցի պատասխանելու համար։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կառավարությանը ոչ մի հարց չուներ։ Հարցուպատասխանը բոյկոտել էին։