«Մայիսից մեկնարկած ագրեսիվ գործողութուններով Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի շուրջ 41 քառակուսի կմ․ տարածք»,- այսօր հայտարարել է վարչապետ Փաշինյանը ԱԽ նիստում՝ կոչ անելով միջազգային համայնքին հստակ գնահատական տալ ստեղծված իրադրությանը։
«Սա ուղիղ ագրեսիա է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ: Միջազգային հանրության մեր գործընկերների լռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ գործողությունները։ Ադրբեջանը և նրան հովանավորող ուժերը թիրախավորում են մեր ինքնիշխանությունը, մեր պետականությունը, մեր անկախությունը»,-պնդել է Փաշինյանը։
Տեղեկացնելով, որ հայկական կողմը մարդկային ու տարածքային կորուստներ է ունեցել, Փաշինյանը միաժամանակ պնդել է, թե դրանով հայկական կողմը ցույց տվեց՝ իր համար պարտադրանքի լեզուն անթույլատրելի է. «Մենք կարող ենք բանակցել, մենք կարող ենք փնտրել և գտնել փոխընդունելի լուծումներ, մենք մեզ պահում ենք որպես միջազգային հանրության պատասխանատու անդամ, բայց թույլ չենք տա՝ մեզ հետ խոսեն ամբարտավանության լեզվով»:
Ընդգծելով, որ Հայաստանը վճռական է պաշտպանել իր ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Փաշինյանը միաժամանակ ասել է, թե Երևանը մնում է ստեղծված իրավիճակի խաղաղ հանգուցալուծման կողմնակից: «Նախկինում մեր արած բոլոր առաջարկները ուժի մեջ են։ Մենք հավատարիմ ենք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների դրույթներին»,- ասել է Փաշինյանը։
Կարճատև ելույթում Հայաստանի վարչապետը մի քանի անգամ դիմել է միջազգային դաշնակիցներին՝ հորդորելով Ադրբեջանի ագրեսիան դատապարտող հասցեական հայտարարություններ ընդունել։ «Սահմանային վեճերի մասին խոսակցությունները անհեթեթ են և անիմաստ։ Չկան սահմանային վեճեր, կա ագրեսիա Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ»,- ասել է Փաշինյանը։
Այսօր Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել արևելյան սահմանագոտում տեղակայված հայկական դիրքերի վրա, հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, իր հերթին, հայկական կողմին է մեղադրում հրադադարը խախտելու մեջ:
Երկու կողմն էլ հայտարարել են կորուստների մասին, ՀՀ ՊՆ զոհերի թիվն առայժմ չի հստակեցնում, նշվում է 4 վիրավորի մասին։ Բաքուն ևս հայտարարում է, թե բանակում առնվազն երկու վիրավոր ունի։
Այսօրվա մարտերի ընթացքում գերեվարվել է 12 հայ զինծառայող՝ 7 պայմանագրային և 5 ժամկետայիններ։ Հայկական կողմը երկու մարտական դիրք է կորցրել։