Մատչելիության հղումներ

Լավրովն ու Լինդեն այսօր Մոսկվայում կքննարկեն ղարաբաղյան խնդիրը


Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե, արխիվ
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրով և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդե, արխիվ

Այսօր Մոսկվայում ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ղարաբաղյան խնդիրը քննարկելու է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։

Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ նախատեսվում է քննարկել հարցեր, որոնք վերաբերում են ԵԱՀԿ աջակցությանը Լեռնային Ղարաբաղի և Մերձդնեստրի հակամարտությունների կարգավորմանը, ուկրաինական ճգնաժամը, միջազգային օրակարգի այլ խնդիրներ։

ԵԱՀԿ գործող նախագահն ավելի վաղ հեռախոսազրույցներ էր ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ և, ըստ պաշտոնական հաղորդագրությունների, ընդգծել հրադադարը պահպանելու և տարաձայնությունները խաղաղ ճանապարհով կարգավորելու անհրաժեշտությունը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Մոսկվան իր միջնորդական գործունեությունը շարունակում է կատարել նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր, և ընդգծել, որ ռուսական կողմը վերստին հայտարարում է տարածաշրջան համանախագահների այցի անհրաժեշտության մասին։

Մոսկվան պարբերաբար նշում է, թե ղարաբաղյան խնդրի վերջնական կարգավորման համար անհրաժեշտ է շարունակել բանակցությունները Մինսկի խմբի հովանու ներքո, սակայն սրա հետ մեկտեղ ընդգծում, որ այսօր ավելի կարևոր են այլ՝ ոչ քաղաքական հարցեր՝ հրադադարի պահպանումը և տնտեսական կապերի ու ճանապարհների ապաշրջափակումը։

Զուգահեռաբար՝ Մոսկվան ակտիվորեն առաջ է տանում Բաքվի և Անկարայի նախաձեռնած «3+3» տարածաշրջանային նախագիծը։ Ինչ է իրականում այդ «3+3» հարթակը, քչերն են պատկերացնում։ Փորձագետների մի մասը շեշտում է, որ Անկարան և Բաքուն այս գաղափարն առաջ են տանում տարածաշրջանում Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի դերը նվազեցնելու համար՝ մի կողմից, և Թուրքիայի դերը մեծացնելու համար՝ մյուս կողմից։

Երեկ Լեռնային Ղարաբաղի խնդրին է անդրադարձել նաև Ռուսաստանի նախագահը։ Ռուսական դիվանագիտական կորպուսի հետ հանդիպման ժամանակ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, թե հայ-ադրբեջանական սահմանին վերջին փոխհրաձգությունները վկայում են, որ իրավիճակն այնտեղ դեռ վերջնականապես չի հանդարտվել, շեշտելով, որ այս իրավիճակում չափազանց կարևոր է ռուս խաղաղապահների առաքելությունը։

Խոսելով հայ-ադրբեջանական տարաձայնությունները հարթելու մասին՝ Պուտինն ասել է․ - «Այսօր մեծանում է ռուսական դիվանագիտության դերը վիճելի հարցերի կարգավորման, տնտեսական կապերի, կենսական նշանակության տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման հարցերում»։

Ընդ որում, մինչ այդ Մոսկվան տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման մասին խոսելիս «միջանցք» բառը չէր օգտագործում, թեև պարզ չէ՝ արդյոք Պուտինը «միջանցք» ասելով նո՞ւյն իմաստը նկատի ուներ, ինչ Բաքուն։

Երեկ Ռուսաստանի նախագահը նաև գոհունակություն է հայտնել եռակողմ աշխատանքային խմբի գործունեության կապակցությամբ՝ ասելով, թե իր կարծիքով՝ կարգավորման հեռանկարները վատը չեն։


Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG