Մատչելիության հղումներ

«Թևերս կտրվեց, սիրտս մասնատվեց». պատերազմը մարտակերտցի Լորետայից որդուն ու եղբայրներին է խլել


Պատերազմից մեկ տարի անց էլ Եռաբլուրի բարձունքը չի լռում, անգամ լռության րոպեին։

«Մտածում էի, որ գա սեպտեմբերի 27-ը կհանգստանամ, բայց չէ, նորից վերքերս թարմացան, նորից նույն ցավը ապրեցի», - ասում է Մարտակերտում ապրող Լորետա Բախշիյանը, ում 18-ամյա որդին պատերազմի հենց առաջին րոպեներին է զոհվել՝ 7 անց 15. - «Ես զգացել եմ էդ պահը։ Ես զգացել եմ, որ իմ Արամը մառախուղի տակ ա, կանչում ա՝ մամ, մամ… զարթնեցի, տեսա, որ արդեն կրակոցներ...»

Անօդաչու թռչող սարքի հարվածից Արամը, փորձել է իրեն ու ծառայակցին պաշտպանել։ Էդգարն է ողջ մնացել։ 30 հոգանոց ջոկատից միայն նա է պատերազմից տուն վերադարձել։

«Դեռ պատերազմ էր, այցելեցի Մուրացանում, տեսա, գրկեցի էդ տղային։ Ասում եմ՝ ինչ լավ ա, կա մեկը, որ էդտեղից ողջ ա մնացել», - ասում է Լորետան։

Մայրը պատմում է, որ որդու աճյունը շուրջ մեկ ամիս անց են գտել դիահերձարաններից մեկում։ Տղայի մոտ փաստաթղթեր էլ չեն եղել. հարազատները նրան ճանաչել են դաջվածքից։ Լորետա Բախշիյանը հիշողություններով է ապրում։ Դրանք շատ թարմ են. - «Պարզապես կարոտում եմ, շատ եմ կարոտում... Երբ գալիս եմ ստեղ, էս սառը քարից ես էդ ջերմությունը չեմ զգում։ Առաջ հողն էր, ես ձեռքս դնում էի, զգում էի իրան, էդ հողից զգում էի։ Բայց հիմա էս բետոնների տակ ես իրան չեմ զգում»։

Տղայի շիրիմին ամիսը մեկ է այցելում, Մարտակերտից Երևան մեծ դժվարությամբ է գալիս, ամենևին ոչ հեռավորության պատճառով։ Ադրբեջանցի զինվորականների հայացքների տակ, ասում է, ճանապարհն ավելի դժվար ու անտանելի է թվում։ Իսկ այցելելիս էլ ծաղիկներ միայն որդու շիրիմին չի խոնարհում։ Շուրջբոլորն արդեն հարազատ են դարձել՝ հարևաններ. - «Ստեղ են ասել՝ ով կլինի հարևանը քո շիրիմի... Մելքոնին, Միքայելին, Վահեին, Քրիստափորին, Սիփանին, Էդգարին, Հադրութից հայրը, երկու որդիները։ Ինչպես մենք երեք զոհ ունենք, նույնն էլ իրանք են՝ մի ընտանիքի երեք զոհ... Քանի իմ ծաղիկները հերիքում ա, բաժանում եմ»։

44-օրյա պատերազմը Լորետայից միայն որդուն չի խլել։ Երկու հարազատ եղբայրներից հետախույզ Կամոն պատերազմի հենց հաջորդ օրը, կամավոր Մուրադն էլ պատերազմից ամիսներ անց՝ ականի պայթյունից է զոհվել։ Եղբայրներն Արցախում են հուղարկավորվել. - «Ինձանից կտրվեց թևերս ու սիրտս մասնատվեց։ Տղաները հաղթել են, տղաները երբեք չեն պարտվել, որովհետև բոլորն էլ գիտակցված մահի են գնացել... Պարտվել ա մեր թե' նախկին, թե' գործող իշխանությունը»։​

Պատերազմում հայկական կողմը, պաշտոնական վերջին տվյալներով, 3 հազար 781 զոհ ունեցավ։ Նրանցից 75-ը խաղաղ բնակիչներ էին։ 253 մարդ անհետ կորած է համարվում։ Ադրբեջանում դեռ տասնյակ գերիներ են պահվում։

44-օրյա պատերազմից մեկ տարի անց էլ Եռաբլուրի բարձունքում նոր հողաթմբեր ու գերեզմանափոսեր են ավելանում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG