Լիաննա Աղաջանյանը նոր և աղմկոտ առօրյա է սկսել Ասկերանի շրջանի Նորագյուղում: Նրա բակը լի է չլռող թռչուններով, տարածքն է փոքր՝ դժգոհում է: Նոր Մարաղայում էին ապրում՝ այնտեղ 8 գոմ ուներ, հիմա ընդամենը այս մեկը, բայց փոքր տարածքում էլ հաջողացրել է հավերը բազմացնել ու 1000 ճուտ վաճառել:
Աշնան լոբին, սմբուկը ուղղակի շողշողում են կանաչ թփերի վրա: Պատերազմից հետո բնակավայր ու տուն կորցրած արցախցիների համար նախատեսված ֆինանսական աջակցությունը Լիաննան ուղղել է տնտեսության ընդարձակմանը: Կարմիր խաչից ստացած սերմերը բերք են տվել ու արդեն վերածվել գույնզգույն պահածոների:
Լիաննան ձմեռվա համար ահռելի քանակությամբ պահածոներ է պահեստավորել. նկուղի հատակին տեղ չկա. «Էնքան որ, թեթև արել եմ էլի»:
Ինքն արդարանում է՝ սա կեսի կեսն է այն ամենի, ինչ անում էի Նոր Մարաղայում: Մարտակերտի շրջանի այս գյուղը այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ է: Լիաննան ասում է՝ կոտրված մեջքով չապրել ու ամեն ինչ նորից ստեղծել՝ ինքն ու ընտանիքը կարողանում են. անվերադարձ են մարդկային կորուստները:
«Ամաչում եմ ամուսնուս հետ մի տեղ գնամ», - ասում է, - «այնքան երեխա է պապա կանչում և արձագանքող չկա»:
«Քրոջս էրեխեն էսօր ստեղ էր, էրեխեքը պապա են ասում, ինքը վիզը ծռած հետևներից նայում ա, ամեն անգամ իմ սիրտը կտոր-կտոր ա լինում», - նշեց Լիաննան:
Այս պատերազմի հետևանքով սեփական բնակավայրերից ու տներից հեռացավ 42 հազար արցախցի, նրանցից շատերը Հայաստանի տարբեր մարզերում են տանիք գտել, մի մասն արդեն երկրից հեռացել է: Արցախ վերադարձել է ընդամենը 15 հազար հոգի, խնդիր է այստեղ տուն գտնելը։ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքը 45 արցախցի ընտանիքների է ընդունել:
Անահիտ Տոնյանն ամուսնու ու երկու երեխաների հետ է հաստատվել այն տանը, որ Արցախի կառավարությունն է հատկացրել, ամուսինը պայմանագրային զինծառայող է, ինքը երեխաներին է մեծացնում:
«Պատերազմի պատճառով տեղափոխվել էինք Գորիս, մնացել ենք մեր բարեկամի տանը, շատ հեռու բարեկամ էին, բայց շատ լավ են ընդունել մեզ», - պատմեց Տոնյանը:
Ընտանիքը մեծ տուն ու տնտեսություն է թողել Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղում: Այնտեղ հիմա ադրբեջանցիներն են: Նորագյուղում արդեն հարմարվել են՝ տունը մի քիչ կարգի են բերել:
«Պետության կողմից աջակցություն ենք ստացել, բազմոց, սառնարան, լվացքի մեքենա են տվել, շատ շնորհակալ ենք, որ եկանք, այստեղ ոչ մի բան չկար, դատարկ պատերն էին», - ասաց Անահիտ Տոնյանը:
Ամուսինը ծառայության է, 5-ամյա դուստրը մանկապարտեզում, փոքրիկը, որ պատերազմից հետո է ծնվել, գրկին, հարևանուհին, որ էլի Հադրութից է, շուտով տուն կմտնի: Անահիտն ասում է՝ արտագաղթի ոչ մի ցանկություն չունեն:
Հույս ունի, որ երեխան էլ կմոռանա հարցը, որ տալիս է վերջին մեկ տարում. «Որ հիմա էլ մի բան ա պայթում, ասում ա՝ կռիվը սկսվե՞լ ա»:
Լյուդմիլա Շահգելդյանը Ավետարանոցից՝ Չանախչիից է Նորագյուղ եկել: «Մեծ շեն էր, հազար հոգով էինք ապրում», - իր գյուղն է հիշում: Կառավարությունը նրա ընտանիքին տուն է հատկացրել, բայց սիրտը այդ տանը չի կպչում, անընդհատ ուզում են ինչ-որ ձևափոխություն անել, նոր բաներ կառուցել, մեկ էլ հիշում են, որ հյուր են այնտեղ. «Էս վիճակը ի՞նչ ա, որ քո սեփական տունը չի, քո հայաթը չի, որ մի բան անես»:
Տարբեր օգնություններ են ստանում՝ հագուստ, սնունդ: Կարող էր գոհ լինել, բայց տխրում է՝ «ուզում եմ ես ստեղծել»:
Տիկին Լյուդմիլան հարսի ու թոռների հետ Ավետարանոցից դուրս է եկել մեկ տարի առաջ՝ այս օրը, թոռան ծնունդը պիտի նշեին, խոզն արդեն մորթել էին, կճախաշն էին պատրաստվում կրակին դնել: «Հեռանալիս տանս դուռն էլ չփակեցի», - հիշում է Լյուդմիլան՝ նշելով՝ հետո դժվար օրեր էին՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում փախստականի կարգավիճակով, հիմա ճիշտ է էլի իրենց տունը չէ, բայց գոնե Արցախն է, իր կորցրած գյուղից հարևաններ կան:
Ասկերանի Նորագյուղում և Արցախի հայկական մնացած մյուս բոլոր բնակավայրերում պաշտոնական տվյալով բնակչության թվաքանակն ավելացել է: Պատերազմի հետևանքով տեղահանվածներն են այս գյուղերում ապաստան գտել: Նեղլիկ փողոցները, բակերը երեխաներն են աշխուժացնում են. անփոփոխ են նրանց խաղերը և երգերը, դրանցում շարունակում են անառիկ պահել օջախն ու սահմանը: